Մահակով և հակագազով ցուցմունք կորզող առերևույթ ոստիկանների մասին տեսանյութի քննության արդյունքում Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի լիազորությունները դադարեցվել են
Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Հիշեցնենք, որ համացանցում տարածված տեսանյութին արձագանքել էր նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում տարածել էր տեսանյութը, որտեղ երևում էր, թե ինչպես են առերևույթ ոստիկանները հակագազով և մահակով ցուցմունք կորզում և գրել էր.
«Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։ Վաղն առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»։