Հայերեն   English   Русский  

Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով


  
դիտումներ: 178

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր՝ նոյեմբերի 25-ին, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացրեց ևս 2 ամսով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Նշենք, որ Խաչատրյանի պաշտպանները դատարանին ներկայացրել էին միջնորդություն՝ Խաչատրյանի կալանքը գրավով փոխարինելու մասին։

Պաշտպանը նշեց, որ իրենց համար այդ որոշումը սպասելի էր. «Գաղտնիք չէ, թե ինչ ճնշումներ կան այս քրեական գործի նկատմամբ։ Մեծ համարձակություն է պետք այսօրվա դատական իշխանության համար այս գործով արդար որոշում կայացնել»։

Պաշտպանն ասաց, որ դատարանի որոշմանը որեւէ գնահատական դեռ չի կարող տալ, քանի որ չի ծանոթացել կալանավորման հիմքերին։

Մակինյանը նշեց, որ նախորդ անգամ կայացված որոշման համաձայն, եթե Կարեն Խաչատրյանը մնար ազատության մեջ, ապա ռիսկ կար խոչընդոտելու գործի քննությանը, կամ խուսափել գործի քննությունից.

«Դատարանը նախորդ անգամ ,երբ կալանավորելու որոշում էր կայացրել, նվազ էր գնահատել Կարեն Խաչատրյանի խոչընդոտելու հավանականությունը։ Հանրությունը գիտի, որ այս քրեական գործը քննվում է դեռեւս 2019 փետրվարից։ Կարեն Խաչատրյանն էլ տեղյակ էր այդ մասին։ Երբ առաջին անգամ ԱԱԾ- ն Կարեն Խաչատրյանի բնակարանում իրականացրել է խուզարկություն, նա տանը չի եղել։ Իմանալով այդ մասին՝ եկել է տուն։ Եվ հիմա խոսել այն մասին, թե բարձր է հավանականությունը, որ Կարեն Խաչատրյանը կթաքնվի… մենք զարմացած ենք»։

Պաշտպանն ասաց, որ Կարեն Խաչատրյանի նկատմամբ դրված վնասի չափը, մոտ 200 միլիոն դրամից մի փոքր ավելի է, որը վաղուց գտնվում է Գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին.

«Պետությանը պատճառված ենթադրյալ վնասը երբ հատուցվում է, այդ դեպքում պետությունը բարեհաճ է լինում։ Ո՞րն էր կարեւոր այս գործով, ո՞րն էր այն կարմիր թելը, գուցե Խաչատրյան ազգանո՞ւնը»։

Մակինյանը նշեց նաեւ, որ մոտ մեկ ամիս առաջ դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին՝ խնդրել , որ ներկայացնեն պարզաբանումներ, թե ինչու է Խաչատրյանի կալանքի հարցի քննությունը մակագրվում նույն դատավորին։ Նա նշեց, որ հարցմանը դեռեւս պատասխան չի ստացել։

Պաշտպանը հայտնեց, որ դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: