Հայերեն   English   Русский  

Հայաստանում նվազել են ընտանեկան բռնության դեպքերը


  
դիտումներ: 185

ՀՀ տարածքում 2019 թվականի 10 ամսվա ընթացքում գրանցվել է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ բռնության հանցագործության 84 դեպք, իսկ 2018-ին՝ 77:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր 3-րդ՝ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը:

«Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերն այս տարի նվազել են, իսկ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործության դեպքերն ավելացել են: 2019 թվականի 10 ամսվա ընթացքում քննվել է ընտանեկան բռնության 378 դեպք՝ նախորդ տարվա 585-ի դիմաց: Ընդհանուր առմամբ ոստիկանությունում ստացվել է ընտանեկան բռնության մասին 2 հազար 682 ահազանգ, հաշվառվել է 1 533 բռնարար: Նախազգուշացում է կիրառվել 1 166 դեպքում, իսկ անհետաձգելի միջամտություն՝ 375 դեպքում»,- ասաց Դուրյանը:

Անդրադառնալով սեռական բռնության կամ շահագործման ենթարկված կանանց ու անչափահաս աղջիկների հետ իրականացվող աշխատանքներին՝ Դուրյանը նշեց, որ այդ հանցատեսակը գտնվում է ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում:

«Իրականացվում են օպերատիվ բնույթի աշխատանքներ, հանցագործության յուրաքանչյուր դեպք ոստիկանության կողմից ստանում է արագ արձագանք: Ըստ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տեղեկությունների՝ 2019 թվականի 10 ամսում ՀՀ տարածքում գրանցվել է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործության 84 դեպք՝ նախորդ տարվա 77-ի դիմաց: Անչափահասների նկատմամբ 2018 թվականի ընթացքում կատարվել է 49՝ նախորդ տարվա 47-ի դիմաց»,- ասաց Նելլի Դուրյանը:

Նա տեղեկացրեց, որ սեռական բռնության ենթարկված կանանց ու երեխաներին լսելու համար՝ վերջիններից բացատրություն վերցնելու նպատակով, համագործակցելով ֆրանսիական «Երեխայի ձայն» և տեղական «Արևամանուկ» ՀԿ-ի հետ՝ ոստիկանության կենտրոնականի բաժնում ստեղծվել է աուդիո-վիդեո տեսաձայնագրություններով հագեցած միակողմանի հայելապատ սենյակ: Այդ սենյակի ծառայություններից հնարավորություն ունեն օգտվել և՛ Երևանի, և՛ Երևանին հարակից քաղաքների ոստիկանության տարածքային բաժինները:

Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետը նշեց, որ այսօր ոստիկանությունը վարում է զոհակենտրոն քաղաքականություն: ՀՀ-ում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում, ուսումնական հաստատություններում անցկացվելու է մեկամսյակ՝ «Ոչ բռնությանը» խորագրով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: