Հայերեն   English   Русский  

Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ


  
դիտումներ: 1362

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Մարտի 1-ի» գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Անկախին հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհջանյանյանը:

«Կոստանյանին առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար»,- ասաց Օհանջանյանը:

«Գեւորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203֊րդ հոդվածի 1֊ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար»։

Հիշեցնենք, որ Կոստանյանը «Մարտի 1–ի» գործով դեռևս սեպտեմբերին հրավիրվել էր հարցաքննության, սակայն ՀՔԾ–ն հայտնել էր, որ Կոստանյանն արտերկրում է և կվերադառնա 15-20 օրից։

Ավելին, հոկտեմբերի 21–ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն:

Կոստանյանի անունը շրջանառվում էր ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի շրջանակում։

Ըստ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը պահանջել են հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Արձագանքելով այդ մեղադրանքներին` Կոստանյանը մամուլին ասել էր, որ «Մարտի 1-ի» զոհերի համար իրական մեղավորներին գտնելու անկարողությունը քողարկելու նպատակով իշխանությունը փորձում է քրգործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավել` արդյունավետ գործունեության պատրանք ստեղծելու համար։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: