Հայերեն   English   Русский  

​Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակութային գործիչների և հայկական մի շարք դպրոցների ղեկավարների հետ


  
դիտումներ: 640

Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գտնվում է Փարիզում՝ մասնակցելու ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին:

Մինչ այդ նախարարը հանդիպել է մշակույթի ոլորտում մեծ ավանդ ունեցող մասնագետների՝ թանգարանագետ Հարություն Բեզջյանին, կինոարտադրող Կորյուն Ափրիկյանին, դերասան, թատերագիր, սցենարիստ Սիմոն Աբգարյանին, դերասան, կինոբեմադրիչ Սերժ Ավետիքյանին, կինոարտադրող, Սեզար մրցանակաբաշխության համակարգող Ալեն Թերզյանին, ցեղասպանագետ, Ցեղասպանության ինստիտուտի խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանին, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանին և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Լևոն Ամիրջանյանին:

«Տպավորված եմ մեր հայրենակիցների ձեռքբերումներով ու գիտելիքներով և շնորհակալ եմ նրանց պատրաստակամության համար՝ աջակցելու մեր մշակույթի զարգացմանը: Հանդիպումը շատ արդյունավետ էր, և անպայման լինելու են համատեղ նախագծեր»,-իր տպավորություններով կիսվել է Արայիկ Հարությունյանը:

Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանը նախարարը նաև քննարկում է ունեցել Ֆրանսիայում հայկական մի շարք դպրոցների ղեկավարների հետ: «Գործընկերների հետ անդրադարձել ենք Փարիզյան շրջանում, Լիոնում գործող դպրոցներում առկա խնդիրներին, Վալանսում կառուցվող հայկական նոր դպրոցի կառուցմանը: Ներկայացրել եմ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները, պատասխանել մեր հայրենակիցների հարցերին»,-նշել է Արայիկ Հարությունյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: