Հայերեն   English   Русский  

Առաջարկվող օրինագծով մեքենաների տեխզննման փոխարեն կգործի ճանապարհային հարկը. ի՞նչ է այն ենթադրում


  
դիտումներ: 692

Մեքենաների տեխնիկական զննությունը վերացվում է, փոխարենը ներդրվում է նոր հարկատեսակ. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ են դրել շրջանառության մեջ։

ԲՀԿ պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Արթուր Գրիգորյանն ու Արտյոմ Ծառուկյանն առաջարկում են վարորդներին նոր հարկատեսակ՝ ճանապարհային հարկ, որի դեպքում, ըստ պատագամավորների, հարկ վճարողները, ի տարբերություն տեխզննման հարկի, կիմանան ինչի համար են գումար վճարում:

«Հիմնական կետն այն է, որ տեխնիկական զննումը ՀՀ-ում դադարեցվի: Նախագծում մեծ փոփոխություն է արվել դրույքաչափերի մասով, և նոր հարկատեսակ ենք առաջարկել, որն անմիջական փոփոխում է մեկ սկզբունք՝ ՀՀ քաղաքացիներն այսուհետ կհասկանան, թե իրենց վճարած գումարներն ինչ նպատակի են ծառայում: Նոր նախագծով առաջարկում ենք, որ ամեն տրանսպորտային միջոց ըստ իր զանգվածի՝ վճարի ճանապարհային հարկ, որը կկոչվի ճանապարհային օգտագործման հարկ: Իսկ գործող բնապահպանական հարկն իջեցրել ենք, բերել ենք նոր ձևաչափ, որը կհամարվի ըստ շարժիչի վառելիքի վճարման տուրքի ձև: Բենզինն ու գազն այլ վճար կունենան, դիզելային շարժիչը՝ այլ»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթուր Դալլաքյանը:

Ըստ Դալլաքյանի՝ տարիներ շարունակ տեխզննման համար վճարված գումարները անարդյունավետ են եղել:

«Շատերը կասեն, որ տեխնիկական զննումը շատ կարևոր է, բայց մեր քաղաքացիները 15 տարի շարունակ վճարել են մեկ բանի համար և դրա դիմաց ծառայություն չեն ստացել: Մարդիկ վճարել են գումար՝ օդում թողնելով ամեն ինչ: Քաղաքացին պետք է հասկանա, թե ինչի՞ համար է վճարում կատարում: 15 տարի շարունակ տեխզննում անցնելու և մեկ թղթի համար քաղաքացին իր գրպանից վճարում է կատարել՝ չստանալով որևէ ծառայություն:

Երկրորդ խնդիրն այն է, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցների 50 տոկոսից ավելին մեքենայում «կատալիզատոր» չունի: Շատ երկրներում տեխնզնումը կոպիտ անուն է ստացել, կոչվում է «կոմպրոմիսային մշակույթ», ու շատ երկրներ հրաժարվել են դրանից, քանի որ ամբողջությամբ կոռումպացված ոլորտ է ինքն իրենից ներկայացնում: Մեր նախագիծը կարևոր մեկ սկզբունք է ներկայացնում, որն է՝ քաղաքացին այսուհետ հասկանալու է, թե ինչի համար է վճարում: Պետք է ամեն տարի ճանապարհների վերանորոգման վերաբերյալ Կառավարությունից հստակ տեղեկատվություն ստանա: Պետք է իմանա, թե ինչի՞ համար է վճարել, ու այդ գումարը որտե՞ղ է ծախսվել»:

Արտյոմ Ծառուկյանի փոխանցմամբ էլ՝ տեխնիկական զննումը ներառում է բնապահպանական վճար, որը հաշվարկվում է ըստ ձիաուժերի: Թեթև մարդատար մեքենաների դեպքում 5500 դրամ են վճարում, միկրոավտոբուսի դեպքում՝ 7500, ավտոբուսի դեպքում՝ 10500, և այլն: Պետական տուրքի համար էլ 2500 դրամ են առանձին վճարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: