Հայերեն   English   Русский  

​Գյումրու փողոցաշինության թերություններն ու նախագծողների երևակայությունը


  
դիտումներ: 395

- Գարնան գլոխ քաղաքը պիտի իդեալական լինի իր ամեն ինչով, գիտեցեք, - Գյումրիում փողոցաշինական աշխատանքներ կատարող շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Արդեն տարեվերջ է և Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի ֆինանսական միջոցներով Գյումրիում մի քանի փողոց դեռ ամռանը պետք է հիմնանորոգված լինեին ու հանձնված շահագործման: Տարբեր հարցերի պատճառով աշխատանքները անվերջ ձգձգվում էին ու դեռ այսօր էլ դրանք ավարտված չեն: Թերություններն էլ՝ ինչքան ասես, նախագծողը Գյումրին չի պատկերացրել, տեղի պաշտոնյաները խորքային չեն ուսումնասիրել, շինարարն էլ բացահայտածի մասին լռել է:

- Չի կարող էդպե լինել, որ փողոցը անցում չունենա, գոնե լուսացույցների մոտ: Նախագծողը չի գծել, քաղաքապետարանի ներկայացուցիչները լավ չեն ուսումնասիրել, շինարարն էլ ձայն չի հանել, ոչ էլ խորհրդատուն է ուշադիր եղել: Բայց ասեմ՝ դա չեղավ փողոցը չենք ընդունելու: Գնացեք քանդեք մայթը, էդ իջվածքները սարքեք, անցումները գծեք, թեկուզ էս ձմեռ օրով: Չնայած, որ ուզենաք մի օրվա կսարքեք: 8 հատ իջվածք պիտի լինի միայն Վազգեն Սարգսյան փողոցում: Էն օրը ես գնացել եմ, անցնելու տեղ չկա. եվրոպական առաջին, երկրորդ կարգի ճանապարհ կսարքենք ու անցում չկա, էդպես կլինի՞, - ասում է Սամվել Բալասանյանը:

Կան հիմնանորոգված փողոցներ, որտեղ նախագծով լուսացույցների նորացում չի նախատեսված, սա էլ Գյումրու քաղաքապետը համարեց իր ենթակաների մեղավորությունը նաև.

- Կնյազ, ստեղ մեր մեղավորությունն էլ կա, նախագիծը լավ չեք նայել, լավ չեք ուսումնասիրել: Էդպես կարելի՞ է, - բարկացավ քաղաքապետը ու դիմեց քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանին:
Հետո դիմելով շինարարին նշեց. - դուք մեղավոր չեք, որ նախագծով անցում կամ լուսացույց չկա, մեր մասնագետներն են թերացել ու ժամանակին նախագծողին չեն հարցրել, թե ինչու: Բայց դուք էլ հո ճանապարհ կառուցող եք, նկատել էիք, ասեիք ավելացնեինք նախագծում, որ հիմա չքանդեիք: Առանց այն էլ դուք ժամկետների խնդիր ունեք, չգիտեմ, բանկի հետ ոնց եք աշխատելու: Նույնիսկ մինչև սեպտեմբերի վերջը ձեզ ժամկետ տվեցինք, բայց էլի չեք արել, դեռ հիմա էլ հենասյուներ եք տեղադրում: Ճիշտ է, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կային, բայց հիմա էլ է ձգձգվում, էնպես չէ, որ դուք իդեալական արել, վերջացրել տվել եք:

Գյումրու փողոցաշինության նախագծերում բազմաթիվ թերություններ են ի հայտ եկել: Հիմա էլ պարզվել է՝ լուսավորության ցանց է նախատեսվել, առանց կոնկրետ փողոցի բնակելի խտությունն ու մարդկային հոսքը հաշվի առնելու: Քաղաքապետը նշում է, Սայաթ-Նովա փողոցում նոր հենակետերի հետ կպահպանվեն նաև հին լույսերը, ինչպես նաև նույն կերպ Հայուհու և Շառլ Ազնավուրի հրապարակներում: Սրանք քաղաքի բանուկ հատվածներ են, որտեղ լուսավորությունը չի կարող քիչ լինել:

Շինարարներն արդարացան, թե բոլոր փողոցները մեկ տարի երաշխիքային ժամկետ ունեն, և առաջացած բոլոր թերություններն էլ ուղղվելու են, բայց իրենք էլ դժգոհություն ունեն՝ բարձրացրեցին ֆինանսական խնդրի մասին.

- Մեր գումարների վճարումը օրհասական վիճակի է հասել, կատարողական չենք կարող ստորագրել, որովհետև պայմանագիր չկա, - բարձրաձայնում է ԱԱԲ շինկազմակերպության ներկայացուցիչը: Նրան միանում են մյուս շինկազմակերպությունների ղեկավարները. - մենք չգիտենք ձեզ մոտ է խնդիրը, թե այլ տեղ, բայց մենք մայիսին ստորագրել ենք ակտը, սեպտեմբերին դեռ չէինք ստացել:

- Մենք բոլոր գումարները տվել ենք, երբ կատարողական է ներկայացվել, ստորագրել ենք: Էնպես չէ՝ բանվորը մեր պատճառով փող չի ստացել, չի եղել էդպիսի բան, - հակադարձեք Սամվել Բալասանյանը: - Դուք կատարողականները տարեք խորհրդատուին: Մենք, այո, գումարի 10 տոկոսը պահում ենք, որովհետև փողոցները նաև թերություններ ունենք, մինչև դրանք չկարգավորվեն, ամբողջական գումարը չենք տալու:

- Պարոն Բալասանյան, այդ թերությունները հաստատ էնքան չեն, ինչքան այդ 10 տոկոսը, դա մեծ գումար է:

Գյումրու քաղաքապետը նշեց՝ անկախ նրանից թե ով ինչի համար է մեղավոր, եթե ճանապարհները հիմնանորոգումից հետո թերություններ ունեն, ապա դրանք չեն ընդունվելու և շինարարներին հորդորեց քանի դեռ եղանակը թույլ է տալիս, շտկել դրանք:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: