Հայերեն   English   Русский  

Կարծում եմ՝ խորհրդարանի կողմից տրված մանդատը պետք է բավարար վստահություն հաղորդեր նրան. Մակունցը՝ Էդգար Շաթիրյանի հրաժարականի մասին


  
դիտումներ: 383

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով երեկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանի ներկայացրած հրաժարականին, ասաց, որ վերջինս իրենց հետ նախապես չի քննարկել ու չի տեղեկացրել իր որոշման մասին:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը, ով այդ պաշտոնում ընտրվել է «Իմ քայլը» խմբակցության առաջադրմամբ, իսկ երեկ հրաժարական է տվել, իր այդ որոշման մասին նախապես չի տեղեկացրել «Իմ քայլը» խմբակցությանը: Մենք պոստ ֆակտում տեղեկացել ենք դրա մասին: Ես, իհարկե, ցավում եմ, որ պարոն Շաթիրյանին եղել են կաշկանդող հանգամանքներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր մասնագիտական որակներն իրացնելու և կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար: Կարծում եմ՝ խորհրդարանի կողմից տրված մանդատը, որով նա ներկայացել էր հանձնաժողով, պետք է բավարար վստահություն և անկաշկանդվածություն հաղորդեր նրան՝ աշխատելու համար»,-ասաց Մակունցը:

Նա ընդգծեց, որ ինքը չի փորձել կապ հաստատել Շաթիրյանի հետ:

Մակունցի խոսքով՝ իրենք դեռևս Շաթիրյանի հետ հրաժարականի պատճառների մասին չեն խոսել, պարզապես նրա գրառումից արձանագրել են, որ եղել են կաշկանդող հանգամանքներ, ինչը, Մակունցի կարծիքով՝ չպետք է լիներ. «Կարծում եմ՝ պարոն Շաթիրյանն այլ պատճառների դեպքում և ցանկության դեպքում կապ կհաստատեր մեզ հետ»,- ընդգծեց Մակունցը:

Ավելի վաղհայտնել էինք, որ նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որտեղ հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Լուսավոր Հայաստանի» կողմից ներկայացված թեկնածու Հայկուհի Հարությունյանը:

Թեկնածու էր նաեւ Էդգար Շաթիրյանը, սակայն նա չի ընտրվել:

Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը» խմբակցությունը՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի, Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Հինգն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին խորհրդարանի կողմից:

Դրանից հետո Էդգար Շաթիրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ նպատակահարմար չի գտնում իր գործունեությունը շարունակել հանձնաժողովում.

«Անձիս (անձնական եւ մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության եւ, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Առկա իրողություններն անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի եւ թիմային աշխատանքի մասին պատկերացումներիս հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Շաթիրյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: