Հայերեն   English   Русский  

Միջին մասնագիտական կրթության ոլորտի խնդիրները՝ Թուրինի գործընթացի իրազեկման հանդիպման օրակարգում


  
դիտումներ: 988

Այսօր տեղի է ունեցել Թուրինի 2018-2020թթ. գործընթացի իրազեկման հանդիպումը, որի ժամանակ ներկայացվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ազգային զեկույցի հիմնական եզրակացություններն ու առաջարկությունները, ինչպես նաև Եվրոպական կրթական հիմնադրամի /ԵԿՀ/ գնահատումը:

Միջոցառմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ԵԿՀ քաղաքականության բաժնի ղեկավար Խավիեր Մատեու դե Կորտադան, դոնոր կազմակերպությունների և Գործատուների միության ներկայացուցիչներ:

Արևիկ Անափիոսյանը նշել է, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում Հայաստանը և ԵՄ-ն վաղեմի գործընկերներ են՝ արձանագրելով բավականին մեծ ձեռքբերումներ:

«Մենք կարևորում ենք այն փաստը, որ 2010 թվականին միանալով Թուրինի գործընթացին՝ մեր երկիրն արդեն 5-րդ անգամ զեկույց է ներկայացնում, թե ինչ մեծ ձեռքբերումներ ունենք, և որքան է զարգացել ՄԿՈւ ոլորտը: Վերլուծություն ներկայացնելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որում ներգրավված էին ինչպես գործընկեր նախարարությունների, այնպես էլ Գործատուների միության և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կարևոր է համապարփակ վերլուծության միջոցով հասկանալ, թե կրթության, զբաղվածության և ֆինանսական ոլորտներում իրականացվող քաղաքականությունը և դրանց փոխազդեցությունն ինչպես են նպաստում տնտեսության զարգացմանը»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ ընդգծելով, որ Թուրինյան գործընթացը ենթադրում է որոշակի մեթոդաբանություն, որի միջոցով ուսումնասիրվում է կրթական դաշտն ու առաջարկություններ են արվում, թե ինչ քայլեր ու միջոցառումներ են անհրաժեշտ՝ նպաստելու կրթության միջոցով աշխատաշուկայի բարելավմանը:

«Մենք պետք է փորձենք ճիշտ փաթեթավորմամբ ներկայացնել միջին մասնագիտական կրթությունը և այն դարձնել առավել գրավիչ մեր հանրությյան համար, որովհետև երբ ուսումնասիրում ենք աշխատաշուկան, մասնավորապես, զբաղվածության ոլորտը, տեսնում ենք, որ հաճախ աշխատանքը այս կամ այն բնագավառում տրվում է բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց, այնինչ այն կարող էր իրականացնել նախնական և միջին մասնագիտական կրթույթուն ունեցող անձը: ՄԿՈՒ ապագան բացառապես պայմանավորված է նրանով, որ կարողանանք հնարավորինս հմտություններ հաղորդել ուսանողներին, ուստի աշխատանքի վրա հիմնված կրթության մոդելը` դուալ կրթությունը, մեծ նշանակություն է ստանում»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ այս հարցում կարևորելով գործընկերների և, մասնավորապես, Եվրոպական կրթական հիմնադրամի աջակցությունը:

«Մենք անում ենք հնարավորը՝ հավուր պատշաճի իրականացնելու Թուրինի գործընթացի շրջանակում մեր ստանձնած պարտավորությունները և որակապես զարգացնելու տնտեսության համար այդքան կարևոր ՄԿՈՒ ոլորտը»,-ընդգծել է նախարարի տեղակալը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը՝ կարևորելով Հայաստանում ներդրումներ իրականացնելու փաստը:

«Մենք ունենք մեծ ծրագրեր գյուղատնտեսության, կրթության և ուսուցման առաջընթացին օժանդակելու համար: Ըստ իս` դա մեծ ներդրում կլինի Հայաստանի ներուժի ու տնտեսական զարգացման հեռանկարի համար»,-նշել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն Հայաստանի հետ համագործակցության մեծ հեռանկարներ է տեսնում: Նա անդրադարձել է նաև տարածքային համաչափ զարգացմանը՝ մարզերի երիտասարդների համար համապատասխան միջավայր ստեղծելու և ներդրումներ անելու տեսանկյունից:

Ազգային զեկույցի շրջանակում ներկայացվել է տնտեսության և աշխատաշուկայի վիճակը, սոցիալական միջավայրը և ՄԿՈՒ անհատական պահանջարկը, ներքին արդյունավետությունը, կառավարումը և ֆինասնավորումը:

Նշենք, որ Թուրինի գործընթացը Եվրոպական կրթական հիմնադրամի գործընկեր երկրներում մարդկային կապիտալի զարգացման խնդիրների ու մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության վերլուծություն է: Այն ուսումնասիրում է ոլորտի զարգացումները և բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև վեր է հանում խնդիրները, որպեսզի դրանց լուծման քաղաքականություն առաջարկի: ԵԿՀ-ն օժանդակում է Եվրամիության ոչ անդամ, բայց գործընկեր երկրներում մասնագիտական կրթության և ուսուցման, ինչպես նաև զբաղվածության համակարգերի բարեփոխումներին՝ աշխատելով դրանց կառավարությունների հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: