Հայերեն   English   Русский  

Ճիշտ սնվելը նպաստում է երեխաների ուշադրության կենտրոնացմանը և որակյալ կրթական վերջնարդյունքի ապահովմանը. Արևիկ Անափիոսյան


  
դիտումներ: 366

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մասնակցել է պարենային ապահովության ոլորտում ներդրումների և ձեռնարկատիրության զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին, որը կազմակերպել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և Հայաստանում Իտալիայի դեսպանությունը:

Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է սննդի և ուսման փոխազդեցության խնդիրներին` ներկայացնելով ՀՀ մարզերի դպրոցներում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը: Արևիկ Անափիոսյանը հիշատակել է որակյալ կրթության մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ի սահմանումը, որտեղ նշվում է, որ որակյալ սովորողը պետք է ստանա ճիշտ սնունդ` որակյալ կրթական արդյունք ունենալու համար. «Կրթության ընթացքում վիտամիններով հագեցած նախաճաշն ու ետճաշիկը նպաստում են երեխայի ուշադրության կենտրոնացմանը, դասի ընթացքում ավելի հանգիստ վարքագծի դրսևորմանը, հետևաբար նաև բարձր կրթական վերջնարդյունքների ձևավորմանը»,- նշել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով` աշխարհում բազմաթիվ հետազոտություններ կան ուսուցման և սննդի կազմակերպման փոխադարձ ազդեցության մասին:

«Հայաստանում նույնպես Պարենիհամաշխարհայինծրագրի աջակցությամբ վերջերս կատարվել է հետազոտություն. նախաճաշ և ետճաշիկ ստացած աշակերտների կրթական արդյունքները համեմատվել է դպրոցում սնունդ չստացած երեխաների արդյունքների հետ: Ստացված պատկերը նույնն է եղել, ինչ որ աշխարհում արդեն իրականացված նման հետազոտություններինը»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ Հայաստանում 2010 թվականից սկսած Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ իրականացվում է դպրոցական սննդի ծրագիր, որում ներառված են ՀՀ մարզերի 1-4-րդ դասարանների բոլոր աշակերտները:

Նախարարի տեղակալի տեղեկացմամբ` դպրոցական սննդի ծրագիրը մեր երկրում սկսվել է Պարենիհամաշխարհայինծրագրի աջակցությամբ և միջոցներով: Որդեգրվել է քաղաքականություն, համաձայն որի՝ դպրոցները մարզ առ մարզ պետության հանձնառությանն են փոխանցվում` ընդգրկվելով ազգային ծրագրում: Այս ընթացքում ձևավորվել է գործընկերային արդյունավետ համագործակցություն` ԿԳՄՍ նախարարության, ՌԴ Սննդի ճյուղային ինստիտուտի և Պարենի համաշխարհային ծրագրի միջև, որի արդյունքում բարելավվել են մարզային դպրոցների խոհանոցային ենթակառուցվածքները, վերապատրաստվել են դպրոցների տնօրեններն ու խոհարար-մասնագետները, հիմնվել է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, կայացել է դպրոցներում տաք սննդի կազմակերպման համակարգը: Նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի խոսքով` առողջ և ճիշտ սնուցման խնդիրները կարևորվում են նաև կրթական չափորոշիչների վերանայման քննարկումներում` դրանք դիտարկելով մարդկային կապիտալի զարգացման կայուն բաղադրիչ:

Բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: