Հայերեն   English   Русский  

ԵՊԲՀ 100-ամյակը կնշվի կրթական, կլինիկական, գիտական միջոցառումներով


  
դիտումներ: 1321

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի նիստին ներկայացվեց ԵՊԲՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների տեսլականն ու կազմակերպական հարցերը:

ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոն վարիչ, ռեկտորի խորհրդական Գևորգ Թամամյանի խոսքով՝ դրանք կընդգրկեն կրթական, կլինիկական, գիտական և միջազգային, այդ թվում՝ արարողակարգային ուղղություններ, որոնց համաձայն՝ նախատեսվում է 100-ամյակի բրենդի ձևավորում, «Հերացի 100» հիմնադրամի ստեղծում, գիտական համագումար, որին կմասնակցեն ԵՊԲՀ պատվավոր դոկտորները: Կանցկացվի շրջանավարտների հավաք, ինչը կնշանավորվի անվանի շրջանավարտների պատի բացումով ԵՊԲՀ-ում: Միջոցառումներին կներգրավվեն համալսարանական ամբիոնները: Դասախոսների համար կկազմակերպվի 100 վերապատրաստում՝ աշխարհի լավագույն համալսարաններում, կստեղծվի «Հերացի» թանգարան, բժշկական դպրոց, «Heratsi Medical Journal» գիտական ամսագիր, 100-ամյակի գրադարան, գիրք, շատրվաններ, ինչպես նաև ողջ տարին կնշանավորվի շարունակական գիտական և կրթական միջոցառումներով: ԵՊԲՀ-ն կարևորում է նաև նոր կառույցների հիմնումը՝ առաջնահերթություններից է՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում գերժամանակակից սիմուլյացիոն կենտրոնի ստեղծումը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ 100-ամյա բուհում իրականացվող աշխատանքը պետք է ներկայացվի հավուր պատշաճի: «Ակնկալում ենք, որ ԵՊԲՀ 100-ամյակը պետք է նշվի այն բոլոր երկրներում, որտեղ աշխատում են մեր շրջանավարտները, իսկ մեր երկրում՝ առանձնահատուկ: Գալիք տարվա 12 ամսվա համար նախատեսված են գիտական ու մշակութային միջոցառումներ»,-ասաց ռեկտորն՝ ընդգծելով, որ ԵՊԲՀ 100-ամյակի միջոցառումների անցկացման վերաբերյալ գիտխորհրդի անդամների մոտեցումները կարևոր են, որոնք կհաստատվեն և կյանքի կկոչվեն:

Արմեն Մուրադյանի կարծիքով՝ եթե ցանկություններն ու ներուժը ճիշտ օգտագործվեն, ապա մեկդարյա բուհի հոբելյանը կնշանավորվի յուրաքանչյուրի համար: «Մենք պարտավոր ենք հարգանքի տուրք մատուցել այն հաստատությանը, որն աշխատում է ի նպաստ ժողովրդի առողջության»,-ասաց ռեկտորը:

Օրակարգի համաձայն՝ գիտական խորհրդին Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը հանդես եկավ տարեկան հաշվետվությամբ: Նա ներկայացրեց 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները:

Գառնիկ Ավետիսյանի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում ստեղծվել է տվյալների թվային բազա, որը հնարավորություն է տալիս գեներացնել շրջանավարտի տիպային CV-ին: «Շուրջ 20 կազմակերպություն դիմել են ԵՊԲՀ իրենց թափուր հաստիքները համալրելու նպատակով: Թվային բազայի ստեղծման արդյունքում 8 կազմակերպությունում համալրվել է թվով 157 թափուր հաստիք»,- նշեց պրոռեկտորը:

Գառնիկ Ավետիսյանն անդրադարձավ նաև ոչ պետական բժշկական կրթություն իրականացնող բուհերից ԵՊԲՀ ընդունելությանը: Նա նշեց, որ աննախադեպ մեծ է եղել դիմորդների թիվը՝ կլինիկական օրդինատուրա ընդունելության համար նախորդ տարվա 132-ի փոխարեն դիմել է 206-ը: Պրոռեկտորի խոսքով՝ բուհի 100-ամյակին ընդառաջ՝ առաջնահերթություն է վիրաբուժական մասնագիտական կրթության իրականացումը, ինչը հնարավոր կդառնա սիմուլյացիոն կենտրոնի ստեղծման արդյունքում: «Լրացուցիչ մասնագիտացողներն ու վիրաբուժական մասնագիտություններով կլինիկական օրդինատորները հնարավորություն կստանան Հայաստանում կատարելագործել իրենց գործնական հմտությունները»,-ընդգծեց նա:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կարծիքով՝ սիմուլյացիոն կենտրոնը պարտադիր պահանջ է դեպի միջազգայնացում սկզբունքը որդեգրած համալսարանի համար: «Քննարկվել է Միքայելյան հիվանդանոցի մի ամբողջ հարկաբաժնում սիմուլյացիոն վիրահատարաններ ձևավորելու հարցը, որտեղ ապագա բժիշկները կսովորեն լապարասկոպիա, էնդոսկոպիա և վիրաբուժական ընդհանուր հմտություններ»,-ասաց ռեկտորը՝ եզրափակելով, որ այն իրականություն պետք է դառնա՝ 100-ամյակին ընդառաջ՝ սեղմ ժամկետներում:

Գիտական խորհրդի անդամները հագեցած օրակարգով նիստին հաստատեցին ներկայացված ուսումնական գրականությունը, գիտական կոչումների շնորհման քվեարակության արդյունքները, ինչպես նաև ընթացիկ հարցեր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: