Հայերեն   English   Русский  

Շարունակվում է պայքարը «Վայք Գոլդ»-ի դեմ. վայքեցիները ոչ մի քայլ չեն ընկրկելու


  
դիտումներ: 1079

Վայքի բնակիչների պայքարը «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի դեմ շարունակվում է:

Հանրային խորհրդի անդամ, «Աշխատանք և հայրենիք» տարածքային զարգացման ՀԿ նախագահ, Վայք համայնքի բնակիչ Ռուզան Ղազարյանն Անկախ-ի հետ զրույցում ասաց, որ Վայքի բնակիչները վճռական են տրամադրված հանքահենների դեմ և թույլ չեն տալու իրենց բնակավայրը վերածել հանքարդյունաբերության գոտու:

Բանն այն է, որ «Վայք Գոլդ» ընկերությունը ցանկանում է բաց-ստորգետնյա եղանակով շահագործել Վայոց ձորի մարզի Վայք և Զառիթափ համայնքների վարչական տարածքներում գտնվող Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրը: Սարերը, որոնցում նախատեսված է իրականացնել հանքահանությունը, անմիջապես գտնվում են Վայք և Ազատեկ բնակավայրերի մոտ, իսկ Վայքը պարզապես հենված է այդ սարերին։

Ռուզան Ղազարյանը կարծում է, որ նախարարությունը պետք է ուժը կորցրած ճանաչի «Վայք Գոլդ» ՍՊԸ-ին տրամադրված փորձաքննական եզրակացությունը, միջնորդի կասեցնել ընկերության գործունեությունը և լիցենզիան, մինչև առնվազն ընկերության հետ կապված քրեական գործի ավարտը, ուսումնասիրի այդ կազմակերպության գրանցման և լիցենզիայի ձեռք բերման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի և շահերի բախման ակնհայտ հանգամանքները, որոնք կարող են հիմք ծառայել լիցենզիան դադարեցնելու համար, ինչպես նաև անձնագրավորի «Ազատեկի բրածո ֆլորա» բնության հուշարձանը և համապատասխան օրենքի պահանջով արգելել հանքարդյունաբերությունը և որևէ այլ վնասակար տնտեսական գործունեություն այդ տարածքում։

Ուսումնասիրելով մամուլում հրապարակված նյութերը՝ պարզվում է, որ «Վայք Գոլդը» խնդրահարույց կազմակերպություն է՝ սկսած գրանցման և լիցենզիա ձեռք բերելու գործընթացներից, վերջացրած ընկերության դեմ հարուցված մի քանի քրեական գործերով՝ ապօրինի գործունեություն ծավալելու հանգամանքներով պայմանավորված։

«Փաստորեն, «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրում իրականացրել է պաշարների վերագնահատման աշխատանքներ առանց ՀՀ բնապահպանության նախարարությանը որևէ փաստաթուղթ ներկայացնելու, ինչպես նաև խաբել է ՏԻՄ-ին՝ հետազոտություններ իրականացնելու անվան տակ փաստացի իրականացնելով մետաղների արդյունահանում»,-ասում է Ռուզան Ղազարյանը՝ հավելելով, որ նման իրավիճակում ընկերության գործունեության անարգել շարունակումը հարուցում է հանրության, մամուլի և փորձագետների արդարացի զարմանքն ու զայրույթը։

2016 թվականից առանց ՇՄԱԳ-ի գործունեություն ծավալելուց հետո, անավարտ քրեական գործի պայմաններում, կազմակերպությունը նոր-նոր բարեհաճել է դիմել Վայքի և Զառիթափի համայնքապետարաններին՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի քննարկման համար։ Սակայն Վայք և Ազատեկ համայնքների բնակիչները 2019 թ․ սեպտեմբերի 3-ին տապալել են առաջին քննարկումը՝ համոզված լինելով, որ անմիջականորեն համայնքի բնակավայրերին մոտ իրականացվող հանքարդյունաբերությունը չի կարող անվնաս լինել տեղի բնակչության առողջության և կյանքի որակի վրա և չվնասել արդեն ձևավորված տնտեսական կառուցվածքը, որը ներառում է զբոսաշրջություն, այգեգործություն, գինեգործություն, մեղվաբուծություն։

Բացի այդ, համայնքի բնակիչները ստորագրել են հանրագիր և հավաքել են բավարար չափով ստորագրություններ՝ համայնքի տարածքում հանքարդյունաբերությունն արգելելու որոշման առաջարկով առաջիկայում ավագանուն դիմելու նպատակով։

«Չնայած հանրային դիմադրությանը՝ «Վայք Գոլդը» կարծես թե չի համակերպվում և չի ընկրկում։ Ավելին ս.թ. նոյեմբերի 21-ին ընկերությունը կրկին նշանակել է հանրային լսում Վայքում, որը նույնպես տապալվել է»,-ասում է Ղազարյանը։

Հանրային խորհրդի անդամը իշխանությունների ուշադրությունն է հրավիրում ոչ միայն համայնքի բնակիչների անհամաձայնությանը վերոնշյալ ընկերության գործունեության և հաբավի ուղղությամբ, այլև Ազատեկում գտնվող բնության հուշարձանի՝ «Ազատեկի բրածո ֆլորա»-ի գոյության վրա, որը ներառված է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Բնության հուշարձանների» ցանկում։

«Բնության հուշարձանի առկայությունն արդեն իսկ բավական է, որ տարածքն անհամատեղելի համարվի հանքարդյունաբերության հետ»,-ընդգծում է նա՝ ակնկալելով իշխանությունների արդարացի վերաբերմունքն այս երևույթների նկատմամբ և խնդրի շուտափույթ լուծում, որը բխում է բնության և շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև համայնքների բնակիչների գոյապահպանության շահերից։

Նշենք, որ դեռևս 2014 թվականին մամուլը, մասնավորապես ԷկոԼուր-ը, բազմիցս անդրադարձել է ընկերության ապօրինի գործունեությանը և միջավայրին ու բնակչության առողջությանը սպառնացող վտանգներին։ Կայքը գրել է, որ Ազատեկի հանքավայրը, բացի ուրանի հնարավոր առկայությունից, պարունակում է մարդու առողջության համար ծայրաստիճան վտանգավոր տարրեր` 400 տոննա ծարիր , 13.0 հազար տոննա կապար, 5,3 տոննա ցինկ: Հենց այդ տարրերի պարունակությամբ էլ, թերևս, բացատրվում է Վայքի բնակիչների առողջության վատ վիճակը, մասնավորապես քաղցկեղով հիվանդացության բարձր մակարդակը, քանի որ հանքավայրը գտնվում է հենց քաղաքի վերևում, որտեղից քամու միջոցով տոքսիկ փոշին հասնում է բնակիչների տներին՝ առաջացնելով դեղնավուն նստվածք:

2018 թ․նոյեմբեր ամսին «Վայք Գոլդ» ՍՊԸ նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Ազատեկի հանքավայրից ապօրինի կերպով 250 միլիոն դրամի ոսկի, արծաթ և պղինձ արդյունահանելու կապակցությամբ։

«Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,-նշված է Գլխավոր դատախազության կողմից տարածված հայտարարության մեջ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: