Հայերեն   English   Русский  

11 ամիսներին վերականգնվել է աննախադեպ մեծ նյութական վնաս` ավելի քան 4 մլրդ դրամ. Սասուն Խաչատրյան


  
դիտումներ: 312

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ՀՔԾ աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասաց, որ Հատուկ քննչական ծառայության 11 ամիսների գործունեության ընթացքում վերականգնված գումարը կազմել է 4 միլիարդ 331 միլիոն 935 հազար 405 ՀՀ դրամ: Միայն այս տարի վերականգնված գումարը 7 անգամ ավելի է, քան նախորդ 11 տարիների ընթացքում ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնված գումարը միասին վերցրած, որը կազմել է 597 միլիոն 698 հազար 770 դրամ:

«Սա միայն կանխիկ գումարով պետության բյուջե վերադարձված գումարի չափն է. դրանից բազմակի անգամ ավելի չափով կալանք է դրվել մեղադրյալներին իրավաբանորեն և փաստացի պատկանող շարժական և անշարժ գույքերի, ինչպես նաև հանցագործության առարկա հանդիսացած ակտիվների վրա, որոնք կտնօրինվեն դատական ակտերով: Նշված ակտիվների հստակ չափը օբյեկտիվորեն նշել չեմ կարող, քանի որ, քրեական գործի առանձնահատկություններից ելնելով, ոչ բոլոր դեպքերում են նշանակվում դատաապրանքագիտական փորձաքննություններ»,- ասաց Խաչատրյանը:

ՀՔԾ պետի խոսքով`այս տարվա 11 ամիսների ընթացքում ծառայության քննիչների վարույթում քննվել է 656 քրեական գործ, որից 536-ի ընթացքը լուծվել է, այդ թվում` 71 քրեական գործ 115 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

«Նույն ժամանակահատվածում ծառայության քննիչների կողմից նախապատրաստվել են 439 նյութեր, հարուցվել են 261 քրեական գործեր: Ծառայությունում ստացվել և քննարկվել են 2544 դիմումներ: Անցած տարի հենց այս դահլիճում հատուկ քննչական ծառայության օրվան նվիրված հանդիսավոր նիստին համոզմունք հայտնեցի, որ ազնիվ և նպատակասլաց աշխատանքը չի կարող չտալ իր արդյունքները, քանի որ էներգիայի պահպանման օրենքը գործում է նաև այստեղ: Քրեական գործերի քննության արդյունավետության կարևոր ցուցանիշներից է հանցագործությամբ պատճառված նյութական վնասի վերականգնման վիճակը»,- ընդգծեց Խաչատրյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: