Հայերեն   English   Русский  

Հայկ Մարությանի որոշմամբ Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող 6 հա տարածքով ինքնակամ կառույցն օրինականացվել է. նոր կոռուպցիոն բացահայտումներ Դավիթ Խաժակյանից (տեսանյութ)


Դավիթ Խաժակյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 663

Երեւանի քաղաքապետարանը քաղաքի կառուցապատումը վերածել է առեւտրի եւ 3 աղբատար Կամազների դիմաց օրինականացրել գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող շուրջ 6 հա տարածք զբաղեցնող ինքնակամ շինությունը։

Այս մասին հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։ Նա ասաց, որ բացահայտում է մի բան, որը որը մամուլով չի հնչել։

«Իմ ձեռքի տակ է գտնվում քաղաքապետի որոշումը՝ վերնագրված «Մալաթիա Սեբաստիա Օհանով 15/1 հասցեում սեփականության իրավունքով քաղաքացի Շողերինա Մկրտչյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի օրինականացնելու մասին։ Խոսքը գնում է 5842 քմ ինքնակամ կառույցի մասին՝ շուրջ 6 հա, որը քաղաքապետը իր որոշմամբ օրինականցրել է եւ եթե դուք մտաբերեք այս անուն ազգանունը, այն համապատասխանում է Սամվել Ալեքսանյանի կնոջ Անուն ազգանվան հետ, իսկ Օհանով 15/ 1 այն հասցեն է, որտեղ գրանցված է Երեւան Սիթի սուպերմարկետների ցանցը»,-հայտարարեց ավագանու անդամը։

Դավիթ Խաժակյանի խոսքով, քաղաքացին դիմել է սեպտեմբերի 23-ին եւ դա համընկնում է այն ժամանակահատվածի հետ, որի ընթացքում քաղաքապետարանը «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունից ստացել է աղբատար մեքենաները։

«Քաղաքապետարանը ռեկետի միջոցով առաջարկել է գործարարներին գործարք՝ բերեք ծառայություն մատուցեք, մեքենաները տվեք մեզ, դրա դիմաց ձեզ կտանք այս թույլտվությունը»,-հայտարարեց Խաժակյանը՝ հայտարարելով , որ 5842 քմ կառուցապատելը մեկ օրվա բան չէ։

«Այս որոշումը, որի տակ ստորագրել է Հայկ Մարությանը, գրված է նոյեմբերի 4-ով, սա այն ժամանակահատվածն է, երբ Հայկ Մարությունը չէր գտնվում երկրում եւ բացակայում էր քաղաքից։ Փաստորեն, ստորագրվել է որոշում, որը բնականաբար եղել է իր գիտությամբ։ Այդ օրվա մյուս որոշումները, երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ Հրաչյա Սարգսյանը՝ քաղաքապետի տեղակալն է ստորագրել, բայց այս մեկը ստորագրվել է քաղաքապետի անունից»,-ասաց Խաժակյանը՝ շարունակելով. «Որն է իմ ողջամիտ կասկածը՝ ինչո՞ւ Հրաչյա Սարգսյանը չի ստորագրել, որովհետեւ , կարծում եմ, տեսնելով , որ շուրջ 6 հա տարածք կառուցապատվում է այդպիսի գործարքի դիմաց եւ ստիպված քաղաքապետի փոխարեն ստորագրվել է այս փաստաթուղթը իր արձակուրդ եղած ժամանակահատվածում»,-ասաց նա։

Ավագանու անդամը հայտարարեց, որ քաղաքապետ Մարությանը խախտել է բոլոր բարերարության նորմերը, ամիսներ շարունակ դա թաքցրել հասարակությունից եւ երբ իրեն ուղիղ հարց են տվել՝ արդյոք Սամվել Ալեքսանյանը ինչ- որ գույք է տվել քաղաքապետարանին, նա հերքել է՝ ասելով, որ դա սուտ տեղեկություն է։ Ըստ Խաժակյանի, Երեւանի քաղաքապետարանը ոչ թե ստանում է նվերներ, այլ իրականացնում է գործարք եւ դրա դիմաց կատարում իր պաշտոնական լիազորությունները։

Խաժակյանն ասաց՝ այստեղ խնդիրը ոչ Գագիկ Խաչատրյանն է, որի հետ կապված կառուցապատման հարկայնությունը բարձրացվել է, ոչ Սամվել Ալեքսանյանը, խնդիրը ըստ Խաժակյանի, քաղաքապետարանի գործելաոճն է, որով քաղաքապետարանը անհավասար հնարավորությունների մեջ է դնում տնտեսավարողներին։ Ավագանու անդամն ասաց, որ բազմաթիվ մարդիկ են իրենց փոքրի տնակները նորոգելու կամ օրինականացնելու մերժում ստացել։

Նա ասաց, որ իր տեղեկություններով այս գործարքները քաղաքապետի գիտությամբ իրականացրել է նրա տեղակալը։ Դավիթ Խաժակյանն ակնկալում է, որ իրավապահները այս ամենին ուշադրություն կդարձնեն։ «Բոլոր ապագա իրավական գործընթացները, որոնք այս մասով կսկսվեն, պետք է տան պատասխաններ, թե ո՞ր պաշտոնյան է բանակցություն վարել ինչի՞ դիմաց եւ սրա արդյունքում կարծում եմ լրացուցիչ շատ հանգամանքներ կպարզաբանվեն»։
Նա ասաց՝ բազմաթիվ կազմակերպությունների անուններ դեռ չեն հնչել , որոնց սեփականատերը հաղորդագրություն են թողել հետագա գործընթացների համար, որը իբրեւ, թե պետք է հավաստի, որ անշահախնդիր նվիրատվություն է, որի դիմաց իրենք քաղաքապետարանից ոչինչ չեն ստացել։

«Սա բացահայտ կոռուպցիա է, սեփական լիազորությունները կատարելու դիմաց ինչ-որ բան պահանջել է, բարեվարքության նորմերի խախտում է, թաքցնել է եւ հասարակությանը ստել»։

Խաժակյանն ասաց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը չնախատեսված արձակուրդ է մեկնել։ «Այս կծիկը սկսել է քանդվել եւ իրավապահները սրանով պետք է զբաղվեն։ Բացի այս ամենից ինչը որ կա, հնարավո՞ր է լինեն երեւույթներ, երբ քաղաքապետարանի խորհրդով այս կազմակերպությունները կոնկրետ դիլերներից մենքենա են գնել, ի՞նչ արժեքով են ձեռք բերել,հնարավո՞ր է արդյոք , որ այդ արժեքների եւ փաստացի արժեքների միջեւ լինեն տարբերություններ»։

Խաժակյանն ասաց՝ իրավապահները, ինչպես վարվեցին նախկին ռեժիմի կոռուպցիոն գործերի շրջանակներում, պետք է նույն կերպ վարվեն նաեւ հիմա.

«Գնան քաղաքապետարան, պահանջեն, ստանան այս բոլոր փաստաթղթերը, հարցաքննեն բոլոր այս պաշտոնյաներին եւ հնչեցրածս բոլոր հարցադրումների պատասխանները տան։ Ես դա օբյեկտիվորեն ակնկալում եմ»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: