Հայերեն   English   Русский  

Մեկնարկեց «Նորաձևության և տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում» ծրագիրը


  
դիտումներ: 1432

Պաշտոնապես մեկնարկեց «Նորաձևության և տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում» ծրագիրը՝ ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի, հայ դիզայներների և տեքստիլ արտադրողների, ինչպես նաև ոլորտի տեղական և միջազգային գործընկերների մասնակցությամբ:

Մեկնարկը տրվեց հայաստանյան տեքստիլ արտադրության խոշոր գործարաններից մեկում:

Երկամյա ծրագրի նպատակն է բարելավել նորաձևության և տեքստիլ ոլորտների տեխնիկական և գործարար հմտությունները, ընդլայնել ոլորտի ներկայությունը տեղական և միջազգային շուկաներում, ստեղծել նոր աշխատատեղեր և վերամշակման մոդելի վրա հիմնված կայուն մատակարարման արդյունաբերական ցանց:

Ծրագիրն իրականացնում է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն։ Այն ֆինանսավորվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման Հիմնադրամ»-ի (GGF) կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։ Ծրագրի հիմնական միջազգային գործընկերներն են «Eco-Age» և «Fashion Scout» բրիտանական կազմակերպությունները:

«Ես շատ ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամը» ֆինանսավորում է այս յուրօրինակ ծրագիրը, որը տնտեսական և բնապահպանական առումով կնպաստի Հայաստանի կառավարության՝ կայուն զարգացում ապահովելու ջանքերին։ Այս ծրագիրը միավորում է Հայաստանի և Բրիտանիայի հիանալի ստեղծագործ միտքը։ Ոչ պակաս կարևոր է, որ ծրագիրը նաև խթանում է կանանց ձեռներեցությունը՝ նրանց համար ստեղծելով եկամտի և աշխատանքի հնարավորություններ»,- նշեց Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը:

Կայունությունն ապահովելու նպատակով ծրագիրը ստեղծելու է պետություն-մասնավոր հատված երկխոսության մեխանիզմներ ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, ոլորտի այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը ովքեր ևս կարևորեցին ծրագիրը ինչպես երկրի տնտեսության զարգացան, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության ապահովման տեսանկյունից:

«Այս նախագիծը շատ կարևոր է մեր նախարարության համար, քանի որ ներառում է բոլոր այն բաղադրիչները, որոնք մեր ուշադրության կենտրոնում են, - վստահեցնում է Նաիրա Մարգարյանը և հավելում,- տեքստիլ արտադրությունը երկրի տնտեսության կարևոր ուղղություններից մեկն է: Ես հույս ունեմ, որ այս նախագծի շրջանակում ոչ միայն սոցիալապես պատասխանատու ձեռնարկություններ կլինեն, այլև կստեղծվեն սոցիալական ձեռնարկություններ: Բացի դրանից՝ ինձ շատ ուրախացնում է կանանց մասնակցությունը, և հուսով եմ, որ այս նախագիծը կնպաստի նրանց ստեղծարար գաղափարների իրականացմանը»:

Ծրագիրը նախատեսված է կայացած և սկսնակ դիզայներների, տեքստիլ արդյունաբերության խոշոր և ՓՄՁ ընկերությունների, ուսանողների ու դասախոսների համար: Այն խթանելու է նաև կանանց և երիտասարդների համար բարձր վարձատրությամբ նոր աշխատատեղերի ստեղծումը, բարելավելու է կառավարման հմտությունները:

«Դեռ ծրագրի սկիզբն է, և գուցե մենք ամբողջովին չենք կարող գնահատել, թե ինչ արդյունք ենք ունենալու, բայց Հայաստանի համար շատ կարևոր քայլ է խոսել նորաձևության, տեքստիլի ոլորտում էկոլոգիայի մասին, քանի որ ոլորտի զարգացմանը զուգահեռ՝ ավելանում են նաև դրա բացասական կոմպոնենտները, և որոնց վերաբերյալ ժամանակին խոսելը, արդյունավետ լուծումներ գտնելը շատ կարևոր կլինի»,- ասաց Վահան Խաչատրյանը:

Ծրագիրն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով:

Առաջին ուղղությունը ենթադրում է մասնագիտական և բիզնես կարողությունների զարգացում՝ նորաձևության բիզնեսի կառավարում, էկո-նորաձևություն և էկո-արտադրություն, բրենդինգ, PR և միջազգայնացում, ֆինանսական պլանավորում, նորարարության և նոր արժեքի ստեղծում, արտադրություն և իրացում և այլն: Օգտագործվող բոլոր նյութերը և գրականությունը թարգմանվելու և հանձնվելու են համապատասխան կրթական հաստատություններին՝ հետագա օգտագործման համար: Երկրորդ ուղղությունը նպաստելու էո գործարար կապերի ստեղծմանը` միջազգային շուկա մտնելու և նոր աշխատատեղեր ստեղծելու գործընթացը արագացնելու նպատակով:

Երրորդ ուղղությամբ ստեղծվելու է կայուն արտադրության վերամշակման մոդել (տեքստիլ արտադրանքի թափոնների վերամշակում)՝ տեքստիլ արտադրողների հետ համագործակցության միջոցով:

«Երկամյա ծրագրի ընթացքում մենք աշխատելու ենք դիզայներների և տեքստիլ արդյունաբերության գործարանների հետ՝ փորձելով կապ և համագործակցություն հաստատել նրանց միջև: Բացի դրանից՝ մենք ուսումնասիրելու ենք դաշտը, որպեսզի հասկանանք՝ տեքստիլ արտադրության ընթացքում ինչ թափոններ են ի հայտ գալիս, և թե վերամշակման ինչ գործընթաց է անհրաժեշտ, որն իր հերթին կարող է և՛ էկոլոգիական խնդիր լուծել, և՛ առանձին արտադրություն դառնալ: Հայաստանում այս ուղղությամբ առայժմ որևէ մեխանիզմ մշակված չէ: Այդ մեխանիզմը մշակելու համար տեղայնացվելու է միջազգային լավագույն փորձը, որը տեղի մասնագետներին փոխանցելու համար Հայաստան են ժամանել «Eco-Age» և «Fashion Scout» ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր արդեն երկար տարիներ համագործակցում են համաշխարհային բրենդների հետ»,- նշեց ծրագրի ղեկավար Էլեն Մանուկյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: