Ազգային ժողովը և կառավարությունը՝ հանուն գիտության զարգացման. Մխիթար Հայրապետյան
«Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին» կտրամադրվի 14 մլրդ 55 մլն դրամ (ավելացումը կազմում է շուրջ 1 մլրդ 351 մլն դրամ, և գիտությանը հատկացված ամբողջական գումարից ԱԱՀ չի գանձվելու):
«Կարծում ենք, որ այս քայլով Հայաստանի նոր իշխանությունները հստակ ընդգծում են գիտության կարևորությունը, քանի որ սա ՀՀ բյուջեի նախագծում արված ամենամեծ փոփոխություններից մեկն է: Իհարկե, սրան զուգահեռ, պետական կառավարման լիազոր մարմինը պետք է քայլեր ձեռնարկի՝ գիտության վրա ծախսվող գումարներն առավել արդյունավետ ու հաշվետվողական դարձնելու համար, իսկ մոտ ապագայում նաև նոր ծրագրեր ներկայացնի կառավարությանը: Միևնույն ժամանակ, գործադիրը պետք է շարունակի իր նախորդ տարվա որդեգրած քաղաքականությունը և այս տարի ևս իր խնայողություններից գումար տրամադրի նոր գիտատեխնիկական սարքերի ու սարքավորումների գնման համար»,- գրում է նա:
Պատգամավորը և հանձնաժողովի նախագահը ՀՀ կառավարության սույն քայլը գնահատում է որպես առաջընթաց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «գիտության բյուջեում տարիներ շարունակ որևէ ավելացում չէր կատարվել», և սա դիտարկում է որպես միայն առաջին քայլ գիտության ֆինանսավորման ավելացման ճանապարհին: Նա ակնկալում է, որ, արդյունքին զուգահեռ, կավելանան նաև գիտությանը հատկացվող գումարները:
Նա նաև ավելորդ չի համարում շեշտել, որ կառավարությանը թեմատիկ ֆինանսավորմանը տրամադրվող գումարը ավելացնելու առաջարկն արել են ինքը և իր տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: