Հայերեն   English   Русский  

​Հայկական փոքր ու միջին ընկերությունները, ներառյալ Արցախում գործողները, առաջիկայում չինական ամենամեծ տնտեսական հարթակում ընդգրկվելու հնարավորություն կունենան


  
դիտումներ: 1722

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Եվրոպա կատարած իմ այցը եզրափակվեց «Գործարար պալատների համաշխարհային համադաշնություն» (Global Confederation of Business Chambers) միջազգային տնտեսական կազմակերպության կողմից Վիեննա քաղաքում կազմակերպված GLASE-ի և To Joy-ի եվրոպական ժողովին մասնակցությամբ: Ընդամենը մի քանի ժամվա մեջ ականատեսը եղա, թե ինչպես մոտ մեկ միլիոն չինական փոքր ու միջին ընկերություններ մեկ պլատֆորմի միջոցով հնարավորություն ստացան մուտք գործելու եվրոպական շուկա: Իսկ աշխարհի կապիտալի շուկայում տեղի ունեցող այս սրընթաց փոփոխություններին պարտավոր ենք համարժեք արձագանքել, որպեսզի զարգացման հեռանկարների վերաբերյալ մեր կանխատեսումները ճշգրիտ հիմնավորումներ ունենան:

Ժողովը ներկայացուցչական էր, քանի որ մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների նախկին նախագահներ, վարչապետներ, նախարարներ, գործարարներ ու համաշխարհային ճանաչում ունեցող շատ այլ դեմքեր: Իմ մասնակցությունը հնարավոր է դարձել իմ մտերիմ ընկեր և բարեկամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի անմիջական աջակցությամբ, ինչի համար հայտնում եմ նրան խորին երախտագիտությունս: Ուրախ եմ նաև, որ հենց նրա ընկերակցությամբ եմ մասնակցել այդ կարևոր միջոցառմանը, և շատ արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել: Թերևս ամենահիշարժանը հանդիպումն էր այդ համաժողովը նախաձեռնած, համաշխարհային GLASE և To Joy ընկերությունների սեփականատեր, միլիարդատեր, Չինաստանում ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ Ջունքինգ Լուի հետ, ով հանդիսանում է չինական ՓՄՁ զարգացման ամեմանամեծ հարթակի ու դրա միջոցով աննախադեպ զարգացման պայմանների ստեղծողը (դրա շնորհիվ Չինաստանում ՓՄՁ-ների տեսակարար կշիռն արտահանման մեջ կազմում է մոտ 60 տոկոս): Շատ արդյունավետ քննարկում ունեցանք: Մենք նրան առաջարկեցինք հայկական փոքր ու միջին բոլոր ընկերությունների՝ ներառյալ Արցախում գործողների համար այդ պլատֆորմում ընդգրկվելու պայմաններ ստեղծել, ինչպես նաև գալիք տարի Հայաստան այցելել: Պարոն Լուն սիրով ընդունեց ոչ միայն մեր առաջարկը և Հայաստան այցելելու հրավերը, այլև հրավիրեց մոտ ապագայում հենց Չինաստանում շարունակելու գործնական քնարկումները: Տեղին եմ համարում նշել, որ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որպեսզի ծրագրի իրականացման տեխնիկական աջակցությունը չինական կողմը վերցնի իր վրա»,- գրել է Ա. Հարությունյանը:

Արցախի նախկին վարչապետը համոզմունք է հայտնել, որ ինտեգրման այդ ճանապարհը նոր պայմաններ է ստեղծելու մեր միասնական հայրենիքի տնտեսական զարգացման ավելի բարձր տեմպերի ապահովման համար, քանի որ տեղական ընկերությունների՝ համաշխարհային շուկայում ընդգրկվելու, նոր ներդրումների ներգրավման և տեխնոլոգիական առաջընթացի կազմակերպման համար այն հուսալի հեռանկարներ է խոստանում:

Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ օգտվելով առիթից՝ համաժողովի ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև Հունաստանի նախկին վարչապետ (2009-2011թթ.) Գեորգիոս Պապանդրեուի, Սերբիայի նախկին նախագահ (2004-2012 թթ.), Սերբիայի Դեմոկրատական կուսակցության նախագահ Բորիս Տադիչի, Բրազիլիայի նախկին նախագահ (2005-2010 թթ.) Դիլմա Ռուսեֆի և քաղաքական ու գործարար հայտնի այլ գործիչների հետ։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ հիմնականում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտության ներկա փուլին վերաբերող հարցեր, ինչպես նաև ներկայացրել է իր դիրքորոշումը:

«Իսկ մեր դիրքորոշումը մեկն է՝ ամրացնել սահմաները, ստեղծել ուժեղ, զարգացած, հզոր պետություն, որտեղ քաղաքացին կունենա երաշխավորված սոցիալական պաշտպանություն, բարձր եկամուտ, իսկ ներքին ու արտաքին՝ վտանգների հանդեպ ապահովության լիարժեք զգացում»,- եզրափակել է Հարությունյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: