Հայերեն   English   Русский  

​Աշոտ Ղուլյանն առաջադրվել է նախագահի թեկնածու


  
դիտումներ: 481

2018 թվականին մայր Հայաստանում տեղի ունեցած զարգացումները չէին կարող իրենց արտացոլումը չունենալ Արցախում ներքաղաքական իրավիճակի վրա:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարում ասել է կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նրա խոսքով՝ հայաստանյան իրադարձություններին հասարակության արձագանքը զուսպ էր ու հավասարակշռված՝ իրական փոփոխությունների հստակ ակնկալիքով, միևնույն ժամանակ երկրի անվտանգության և կայունության անձեռնմխելիության գիտակցումով:

«Հասարակության նման վերաբերմունքը ամբողջապես համապատասխանում է մեր քաղաքական ուժի կողմից որդեգրված քաղաքականությանը՝ զարգացնել գործընկերային հարաբերություններ հայաստանյան իշխանությունների հետ, պայքարել համահայկական միասնության խարխլման ցանկացած գործողոթյան դեմ և որպես արցախյան քաղաքական ուժ առաջնորդվել զուտ արցախյան քաղաքական օրակարգով: Անշուշտ, Հայաստան-Արցախ քաղաքական խորը ինտեգրացիայի պայմաններում հայաստանյան գործընթացները լայն հնարավորություններ են ստեղծել նաև Արցախում ժողովրդավարական զարգացմանը նոր խթան հաղորդելու տեսանկյունից՝ ցավալիորեն նաև դաշտ բացելով քաղաքական շահարկումների համար»,- նշել է ԱԺԿ նախագահը:

Ա. Ղուլյանը կարծում է, որ այս իրավիճակում, որպես հիմնականում մտավորականության շերտը ներկայացնող քաղաքական միավորում, ԱԺԿ-ն պարտավոր է իր վրա վերցնել հանրությանը տարաբնույթ մանիպուլյացիաներից պաշտպանելու կարևոր առաքելությունը՝ անընդհատ բարձրաձայնելով դրանց մասին, բացատրելով դրանց հնարավոր հետևանքները:

«Արցախի ապագան կառուցում է արցախցին՝ իր քվեով, իր որոշմամբ, իր վստահությամբ, իր համոզմունքներով: Սա է ժողովրդավարության և ազատ կամարտահայտության մեր ընկալումը»,- ընդգծել է Ա. Ղուլյանը:

Արցախի ժողովրդավարական կուսակցության 6-րդ համագումարը որոշել է 2020 թվականի նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանի թեկնածությունը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: