Հայերեն   English   Русский  

«Հայելի» ակումբին պատճառվել է և նյութական, և բարոյական վնաս. Զարուհի Փոստանջյան


  
դիտումներ: 56

«Հայելի» մամուլի ակումբի նվրան հարձակման դեպքով դեռ նախաքննությունը չի ավարտվել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը:

«Ընդհանուր առմամբ նման գործերի համար 2 ամիսը բավարար էր, որ նախաքննության ավարտը հայտարարվեր եւ գործն ուղարկեին դատարան: Պարզվում է, որ դեռ նախաքննությունը պետք է շարունակվի։ Պարզվում է, որ բավարար չի եղել նաեւ, որպեսզի մեղադրանք առաջադրվի խուլիգանության եւ բացահայտ խտրական վերաբերմունքարտահայտելու դեպքերի հետ կապված։ Ընդհանուր առմամբ մենք այս ամենը դիտարկում ենք ոչ թե միայն լրագողի աշխատանքի խոչընդոտել, այլ նաեւ խուլիգանական արարք, որովհետեւ հարձակում է տեղի ունեցել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա։ Հարձակումն էլ տեղի է ունեցել խուլիգանական արարքի միջոցով եւ հանրային կարգն է խախտվել այս արարքով։ Այս մասով մենք միջնորդություն ենք ներկայացրել քննչական կոմիտեի տվյալ բաժնի քննիչին, սակայն քննիչը պատասխանել է, որ այս պահին միջնորդությունը չի քննարկվելու, եթե կլինեն բավարար հիմքեր, միջնորդությունը նոր կքննարկվի եւ հնարավոր է բավարավի։ Բացի սա, մենք պահանջել էինք նաեւ, որ «Հայելի» ակումբը տուժող ճանաչվի, որովհետեւ ոչ միայն լրագրողն է տուժում իր մասնագիտական գործունեությունը ծավալվելու հարցում, այլ նաեւ հենց «Հայելի» ակումբը՝ որպես իրավաբանական անձ։ «Հայելի» ակումբին պատճառվել է եւ նյութական, եւ բարոյական վնաս»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նա նշեց, որ իրենք համարում են, որ քննիչի համապատասխան գործառույթները չեն կատարվել, այն դեպքում, երբ պետք է կատարվեին։

«Իհարկե, հիմա մանրամասն չենք կարող հայտնել, քանի որ տեղի է ունենում նախաքննություն, կա նախաքննական գաղտնիք։ Մենք քննչական կոմիտեի գործողություններր գնահատում ենք անբավարար, նրանց գործողությունները խորը անգործության են մատնված։ Ես կարծում եմ՝ սա ուղղորդված անգործություն է, որովհետեւ գլխավոր դատախազը տեղեկացված է մեր բողոքների վերաբերյալ, բայց նույն գլխավոր դատախազը մեր բողոքների բավարարումը մատնել է անգործության»,- հավելեց նա։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: