Հայերեն   English   Русский  

Ցեղասպանության մասին պատմող «Դանիէլ» ֆիլմը ներկայացվել է Art Visuals and Poetry կինոփառատոնին


  
դիտումներ: 747

1915 թվականի Հայոց ցեղասպանության ամբողջ մղձավանջը՝ մեկ մարդու՝ արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի ձերբակալության ու սպանության պատմությամբ։ Այս մասին է բրիտանահայ ռեժիսոր Գարո Բերբերյանի 20 րոպեանոց «Դանիէլ» ֆիլմը:

Արևմտահայ պոեզիայի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Դանիել Վարուժանի կյանքի պատմության միջոցով ֆիլմի հեղինակները ներկայացրին Հայոց Ցեղասպանության արհավիրքը:

Վիեննայում կայացած Art Visuals and Poetry կինոփառատոնին ներկայացվել է ռեժիսոր Գարո Բերբերյանի Taniel կարճամետրաժ ֆիլմը։ Ֆիլմը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի կյանքի վերջին ողբերգական օրերին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Ավստրիայում ՀՀ դեսպանությունը։

Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը նոյեմբերի 30–ին ներկա է գտնվել Art Visuals and Poetry կինոփառատոնին։

Նշենք, որ Գարո Բերբերյանի (Garo Berberian)` բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած Taniel կարճամետրաժ ֆիլմը նկարահանվել է Գյումրիում, դերասաններն ու ֆիլմի երաժշտական ձևավորման հեղինակը գյումրեցիներ են:

Աշխարհահռչակ ջազ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն է զբաղվել երաժշտական ձևավորմամբ։

«Դանիէլ» ֆիլմ

Դանիել Վարուժանին մարմնավորել է Գյումրիի պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը։ Սև ու սպիտակ ժապավենն ստեղծվել է փաստերի ու անհատի զգացմունքների հիման վրա, որոնք արտահայտվում են ֆիլմում արևմտահայերենով ու անգլերենով հնչող բանաստեղծություններով:

Դանիել Վարուժանի պոեզիան արևմտահայերենով ներկայացնում էր ստամբուլահայ դերասան Եղիա Աքգունը, իսկ անգլերեն հատվածներում հնչում է հոլիվուդյան հայտնի դերասան Շոն Բինի ձայնը։

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում ֆիլմի հեղինակները հանդիսատեսին են ներկայացրել ֆիլմի ստեղծման նախապատմությունը և գաղափարը։

Ավստրիայում անցկացվող «Art Visuals and Poetry» կինոփառատոնն իր տեսակի մեջ երկրորդն է աշխարհում. այդտեղ ներկայացվում են ֆիլմեր պոեզիայի և պոետների մասին:

Նշենք նաև, որ Ֆիլմն նախորդ տարի մասնակցում էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, իսկ 2018թ-ի տարեսկզբին Բերմուդայի միջազգային կինոփառատոնում հաղթել է «Հանդիսատեսի մրցանակ» և «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում:

Լուսանկարները՝ Ավստրիայում Հայաստանի դեսպանության հրապարակումից





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: