Հայերեն   English   Русский  

​Էրդողանը համարում է, որ Ռուսաստանը Թուրքիայի գլխավոր գործընկերներից է


  
դիտումներ: 521

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտնել է, որ Անկարայի և Մոսկվայի հարաբերություններն ուրիշ դաշնակիցների հետ հարաբերությունների այլընտրանք չեն: Այս հայտարարությունը նա արել է Անկարայում տված մամլո ասուլիսում Լոնդոն թռչելուց առաջ, ուր տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը:

«Ռուսաստանը Թուրքիայի գլխավոր գործընկերներից մեկն է: Բայց մեր հարաբերությունները ուրիշ դաշնակիցների հետ հարաբերությունների այլընտրանքը չեն, ընդհակառակը՝ փոխլրացնող են»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը Էրդողանի խոսքը:

Երկրի ղեկավարը նաև նշել է, որ ՌԴ-ն կարևոր խաղացող է համաշխարհային քաղաքական ասպարեզում: «Գագաթնաժողովում սպասվում է Ռուսաստանի և Չինաստանի հետ [ՆԱՏՕ-ի անդամների] հարաբերությունների քննարկումը: Մենք կողմնակից ենք Չինաստանի հետ արդյունավետ փոխգործակցությանը, որին մենք համարում ենք վեր խոյացող ուժ: Իսկ Ռուսաստանը հիմնական խաղացողներից մեկն է մեր տարածաշրջանում և միջազգային ասպարեզում»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունենալու Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 3-4-ը: Ինչպես հաղորդել են Անկարայից, Էրդողանը հույս ունի խորհրդակցության ընդմիջումներում երկկողմ հանդիպումներ ունենալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: