Հայերեն   English   Русский  

Նկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը 80 տարեկան է


  
դիտումներ: 2954

Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը մեկուկես ամիս առաջ 80 տարեկան դարձավ՝ ասել է թե տարին հոբելյանական է նրա համար:

Ինքը՝ նկարչուհին, ոչ մի կերպ չի համակերպվում այս փաստի հետ և նշում է, որ տարիները բավականին արագ թռան, և ինքն իր տարիքը բոլորովին չի զգում՝ առաջվա նման ժամերով աշխատում է, միայն թե վերջերս փոքր-ինչ շուտ է հոգնում :

Արվեստագետի հոբելյանն ոչ մի կերպ չփաստագրվեց. ինքը՝ արվեստագետը, չի սիրում հոբելյանական ցուցահանդեսներ: Ըստ նրա, նման արհեստածին իրադարձությունների միջոցով արվեստագետները ստիպում են մարդկանց իրենց գովեստի և մեծարանքի խոսքեր շռայլել, իսկ ինքն այդ ամենի անհրաժեշտությունը չունի:

Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյան

10 տարի առաջ Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը լքելով իր ծննդավայր Թբիլիսին՝ հաստատվում է Հայրենիքում, քանի որ կարծում է , որ հայ մարդը որտեղ էլ , որ գտնվի , պարտավոր է Հայրենիքում ապրել: Եվ նա թողնելով իր հայրական տունը, տարիների ընթացքում ձեռք բերած հեղինակությունն ու վաստակը, հոր հետ կապված նվիրական հիշողությունները՝ գալիս , հաստատվում է Երևանում: Այստեղ նա այնպիսի բնակարան է ընտրում, որտեղից հնարավոր կլինի ամեն օր Արարատը տեսնել, ավելին՝ նա իր ամեն օրը Սուրբ Սարգիս եկեղեցուց հնչող ղողանջների ներքո է սկսում և ակամայից իր հայրենակիցների ուրախությունների և տխրությունների ականատեսը դառնում:

Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը շատ է աշխատում՝ ցերեկային ժամերը միայն նկարչությանն է տրամադրում ՝ « Եթե ապրում եմ, ուրեմն՝ աշխատում եմ» արտահայտությունը հաճախ կարելի է լսել նրանից: Գործին նվիրվածությունը և առավոտից-երեկո աշխատելու ունակությունը նա հորից՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանից է ժառանգել, ով պատգամել է միմիայն բարձրարժեք արվեստի գործեր նվիրել աշխարհին:

Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը ծնվել է 1939 թ. հոկտեմբերին Թբիլիսիում: Նրա հայրը հանրահայտ գեղանկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանն էր, ում ժառանգները բոլորն էլ հետագայում գեղանկարիչներ դարձան՝ Լավինյա , Զուլեյկա և Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանները, որոնք , ի տարբերություն, այլ նկարչական ընտանիքների, զերծ մնացին հոր ազդեցությունից և յուրաքանչյուրը կարողացավ իր ասելիքը գտնել և իր ուրույն ձեռագիրը ստեղծել :

80-ամյա նկարչուհին պատմում է, որ դեռևս մանկական տարիներից ցանկացել է հորաքրոջ պես դաշնակահարուհի դառնալ, սակայն վերջինս չի խրախուսել իր ընտրությունը: Ըստ նկարչուհու, պատանի հասակում այնքան է ցանկացել իր ստեղծագործական ներուժը բացահայտել, որ շատ սովորական մի օր պարզապես սկսել է նկարել : Գործն այնքան հաջող է ստացվել, որ հայրը, ով միշտ դեմ է եղել իր նկարիչ դառնալուն , առանց որևէ խոսք ասելու, սկսել է օգնել նրան: Բնականաբար, հայրն էլ դառնում է Զուլեյկայի առաջին ուսուցիչը, ավելի ուշ՝ 1964-1965 թթ. նա ուսանել է Յ.Նիկոլաձեի անվան ուսումնարանում, իսկ 1966թ. արդեն Վրաստանի Նկարիչների Միության անդամ էր: 1987թ. «Կարուսել» կտավի համար նկարչուհին Ճապոնիայում արժանացել է ոսկե մեդալի, իսկ 2001թ. Վրաստանի գեղանկարչական դպրոցի զարգացման և հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման համար արժանացել է Վրաստանի պատվո բարձրագույն շքանշանի:

Ուսումնասիրելով Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի անցած ճանապարհը, նկատում ենք, որ նա առանձնապես ցանկություն չի ունեցել անհատական ցուցահանդեսներով ներկայանալու՝ ընդամենը 2 անհատական ցուցադրություն է ունեցել և մինչ օրս էլ պատկերագիք չունի: Ինչ խոսք, այս ամենը արվեստագետի համեստության մասին է փաստում:

Շատ կուզենայի որ այն ուշադրությունը , որ պետությունը հայկական արվեստի և մշակույթի երևելիներին է բաժին հանում, հավասարաչափ բախշվեր: Լռելայն, իրենց առաքելությունն արժանապատվորեն իրականացնող անհատները ևս արժեվորվելու և գնահատանքի կարիք ունեն:

ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: