Հայերեն   English   Русский  

Մոսկվան, Օլյան ու Աշոտի անակնկալ ամուսնությունը


  
դիտումներ: 16186

Առաջին անգամ Աշոտին հանդիպեցի մոտ տասը տարի առաջ: Ցնցված էի: Ծայրահեղ վիճակում էր, զրկված ամեն ինչից՝ առողջություն, ընտանիք, տուն, ապագայի հույս: Հիացած էի գեղեցիկ խոսքով, առողջ մտքով ու տրամաբանությամբ, ապրելու կամքով:

Որոշ ժամանակ էր անցել, երբ Աշոտի հետ միասին գնացինք սոցապ նախարարություն, այն ժամանակվա փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի մոտ: Երբ Աշոտի վիճակը տեսավ, միանգամից հանձնարարեց, որ Աշոտի կացարանի հարցը լուծեն: Հանրակացարանային մի սենյակ տրամադրեցին: Ճիշտ է, տարածքն այդ պահին ապրելու համար պիտանի չէր, բայց համատեղ ուժերով վերանորոգման հարցն էլ լուծեցինք, ու Աշոտը գլխին տանիք ունեցավ:

Այս ընթացքում Աշոտի գլխով շատ բան է անցել, շատերի սիրելին է դարձել, շատերի համար անընդունելի մնացել: Հասցրել է հայտնվել հեռուստաէկրանին, դարձել մեր օրերի հերոսը, իսկ չարախոսները շարունակում են լեգենդներ հյուսել, թե իբր Խարբերդում մի քանի հարկանի առանձնատուն ունի, թանկարժեք մեքենա ու տոկոսով փող է տալիս...

Աշոտը ծիծաղում է, ասում` գիտի, թե ովքեր են չարախոսները: Փոխարենը շարունակում է բանաստեղծություններ գրել, փողոցում փող մուրալ, պայքարել, որ ոտքերը չկտրեն, որ գետնին կանգնելու հենարանից չզրկվի, որ շարունակի ապրել...

***

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է: Վաղուց չէինք հանդիպել, առաջարկեցի օրվա առթիվ խոսենք իր մասին:

Պարզվեց՝ Աշոտի կյանքում 2019 թվականը հեղափոխական է եղել ոչ միայն առողջական, այլ նաև անձնական առումով: Թավշյա հեղափոխության հետ կապ չունի: Այդ առումով, ընդհակառակը, նրա վիճակը վատացել է:

-Թավշյա հեղափոխությունից հետո մարդիկ ավելի են ագրեսիվացել: Եթե սա սիրո հեղափոխություն է, ուրեմն հասարակությունը պիտի սիրով լցվեր: Բայց հասարակությունը ոչ միայն սիրով չի լցվել, այլ ավելի է չարացել: Հաշմանդամների խնդիրներն էլ հեղափոխությունը չի լուծել: Նույնն է՝ տեր ունեցողին տերն ա տարել, անտերին՝ գելը: Եթե քո հարցը հասարակական լայն հնչեղություն ստանա, լուծում միգուցե տրվի, իսկ եթե չէ, կմնա արխիվում կամ բարձիթողի վիճակում:

***

Թե ինչպես Աշոտը հասավ Մոսկվա ու ամուսնացավ Օլյայի հետ

Նախորդ տարվա վերջին «Սուր անկյունը» Աշոտի մասին ռեպորտաժ էր պատրաստել: Մի կին Ռուսաստանից տեսել էր, Աշոտին ներառել մի ծրագրում, որի շրջանակներում տարբեր երկրներում ապրող հազվադեպ հանդիպող հիվանդությամբ տառապող հաշմանդամների համար տարվա մեջ 2-3 անգամ Մոսկվայի կլինիկաներից մեկում անվճար բուժական ծրագրեր են իրականացնում:

Փղախտը, որով հիվանդ է Աշոտը, նույնպես հազվադեպ հանդիպող հիվանդություն է՝ կապված ավշային անոթների խանգարման հետ: Հիվանդությունն ուղեկցվում է բաց խոցերով ու վերքերով:

Եվ ահա այդ ծրագրով Աշոտի հետ 6 տարվա պայմանագիր են կնքում: Այս տարվա բուժումն ավարտել է: 3 անգամ արդեն մեկնել է Մոսկվա, ամեն անգամ մոտ մեկ ամիս ստացիոնար բուժում ստացել ու վերադարձել: Հաջորդ այցը նախատեսված է 2020-ի հունվարի 8-ին: Աշոտն անհամբեր օրերն է հաշվում:

-Տարբեր թերապիաներ են անում, մերսումներ, հատուկ դեղորայքային բուժում: Ես զգում եմ դրական ազդեցությունը: Ոտքիս հետևի մասում մի մեծ բաց վերք կար, հիմա չկա, փակվել է: Երբ բերեցին թղթերը ստորագրելու, տեսա, որ այս տարի մոտ 370 հազար ռուբլու (գրեթե 3 միլիոն ՀՀ դրամ) բուժում են ինձ տրամադրել: Նաև համաձայնություն եմ տվել, որ փորձարկումներ կատարեն»:

Մոսկվա մեկնելը միայն բուժմամբ չի սահմանափակվել: Աշոտի հետ աշխատող մասնագետներն այնքան են նրա հետ կապվել, որ անգամ նրա անձնական կյանքի հարցերով են զբաղվում:

-Մի օր իմ հոգաբարձուն՝ տիկին Տատյանան, որի անչափ սիրում ու հարգում եմ, ասաց՝ Աշոտ 38 տարեկան ես, ինչի՞ չես ամուսնանում: Ես իրեն բացատրեցի, որ պիտի ամուսնանամ այնպիսի աղջկա հետ, որ մեր միջև ֆիզիկական անհավասարություն չլինի:

Մի օր, երբ Աշոտը Մոսկվայում էր, նույն ծրագրով իրենց հիվանդանոց է գալիս մի ուկրաինուհի՝ Օլյան, որը մանկական ուղեղային կաթված (ԴՑՊ) ուներ:

-Այդ աղջիկը միշտ սայլակով գալիս էր խոհանոց, մի օր էլ հարցրեց՝ կարո՞ղ ենք խոսել, мы можем поговорить?: Ես էլ էն ժամանակ ռուսերեն համարյա չգիտեի, ասացի՝ «Я не знай по русский язык (ծիծաղում է): Այս ամառ, երբ այնտեղ էի, մի քանի օրից Օլյան էլ եկավ: Շատ ուրախացավ, երբ ինձ տեսավ: Երեկոյան իրար հետ սրճեցինք: Իմ Հայաստան վերադառնալուն 7 օր էր մնացել, երբ մի օր տիկին Տատյանան հարցրեց՝ Աշոտ, ինչո՞ւ ես նեղացրել Օլյային: Զարմացած ասացի՝ ես ոչ մեկի չեմ նեղացրել: Հարցրեց՝ բա ինչո՞ւ է Օլյան լացում: Ավելի զարմացա: Մեկ էլ տիկին Տատյանան ասաց, թե Օլյան լացելով իրեն ասել է՝ ես Աշոտին սիրում եմ, իսկ ինքը ինձ չի սիրում...

Աշոտն անակնկալի է գալիս, չի հասկանում, թե ինչպես արձագանքի ուկրաինուհու սիրո խոստովանությանը: Նախկինում միշտ մտածել էր, որ իր ընտրյալը պետք է հայ լինի: Այդ միջադեպից հետո սկսում է մտքերի մեջ ընկնել: Օլյայի ճակատագիրը շատ բանով էր նման իր ճակատագրին, նա էլ էր փոքրուց իր պես տառապանքի ճանապարհով անցել, մեծացել մանկատանը, չնայած, ի տարբերություն իրեն, Օլյան հայր ու մայր ուներ, որոնք ամուսնալուծված են, բայց նրա խնամքով զբաղվում են:

-Մտածեցի՝ իմ բախտակիցն է, սկսեցի կարեկցանք զգալ, Օլյան սկսեց ինձ ձգել: Երբ մի օր նրա հոր հետ խոսեցի, ասաց՝ Աշոտ, Օլյան երբեք ոչ ոքի չի սիրել, միայն քեզ է սիրել։ Մտածեցի, որ չեմ կարող նրան մերժել:

Փոխադարձ սիրո խոստովանություն չեղավ, փոխարենը եղավ լուռ համաձայնություն, ամուսնությունն ամրագրվեց զագսում, իսկ երեկոյան՝ փոքրիկ հավաքույթ ռեստորանում: Բայց աղջկա հայրը պայման դրեց՝ եկեղեցով ամուսնությունը կհաստատեն 3 տարի անց, եթե այդ ընթացքում հաստատ հասկանան, որ միասին են կյանքը շարունակելու: Աշոտն էլ իր պայմանը դրեց՝ եկեղեցին պետք է լինի Հայ առաքելական:

-Մի օր երեկոյան Օլյայի հետ երկար զրուցեցինք: Ասացի՝ ես չեմ հասկանում այն սերը, որ պիտի ուղղակի նայես մարդուն ու սիրես, ես սիրում եմ հոգու գեղեցկությունը ու ասացի, որ իմ բոլոր բանաստեղծությունները բխում են հոգուց: Նույնիսկ իմ բանաստեղծությունները ռուսերեն թարգմանեցի ու տվեցի, որ կարդա:

Կամաց-կամաց Օլյան ավելի հարազատ ու մտերիմ էր դառնում: Պատմում է, որ մի օր կեսգիշերին սայլակներով փախան հիվանդանոցից ու մոտ 2 ժամ շրջեցին աշնանային Մոսկվայի ցուրտ փողոցներում:

Աշոտն ու Օլյան առայժմ շփվում են Մոսկվայում, երբ գնում են հերթական բուժման կուրսն անցնելու: Որոշ ժամանակ այդպես կշարունակվի, մինչև վերջնական կորոշեն՝ Օլյա՞ն կգա Հայաստան, թե՞ Աշոտը կգնա Ուկրաինա կամ Ռուսաստան:

-Օլյային սովորեցրել եմ ասել՝ ես սիրում եմ քեզ: Կարողանում է ասել նաև Աշոտ ջան: Ի դեպ, բոլոր ռուսներին եմ սովորեցնում հայկական երկու կարևոր բառերը՝ ջան ու ցավդ տանեմ:

***

Աշոտ

«Փողոցում քայլելն ինձ համար մահ է, բայց այլընտրանք չունեմ...»

Եթե եղանակը ներում է, Աշոտը Երևանի կենտրոնում է ու ոտքերը մի կերպ քարշ տալով՝ փող, ավելի ճիշտ՝ կյանք է մուրում:

-Ո՞նց են մարդիկ Աստծուց օգնություն խնդրում, եթե իրենք պատրաստ չեն ընկածին օգնելու: Ամսական իմ ընդհանուր դեղերն արժեն մոտ 370 հազար դրամ, եթե լիարժեք բոլոր դեղերն օգտագործեմ: Բայց հիմնականում 150-180 հազար դրամի դեղ եմ կարողանում գնել:

«Մի բանով օգնեք, մի բանով օգնեք» ասելով՝ Աշոտը քայլում է փողոցից փողոց, օգնողին փառք ու պատիվ տալիս, չօգնողին... փորձում հասկանալ:

Ասում է՝ փող չտվողները մի քանի տիպի են՝ անտարբերներ, արհամարհողներ, վիրավորողներ, հայհոյողներ: Առաջ նեղսրտում էր, երբեմն հանդիմանում, երբեմն նեղանում ու չարանում և նույն չարությամբ արձագանքում: Հիմա որոշել է՝ բացասական վերաբերմունքը չի վերցնելու, որ ինքն էլ ուրիշին չփոխանցի:

-Երբ մարդ դուրս է գալիս փողոց փող հավաքելու, սկզբում ամաչում է, հետո կամաց-կամաց փողոցից սովորում է փողոցային բարբառը, փողոցային կարգուկանոնը, փողոցային ապրելակերպը, դրանից հետո կամաց-կամաց սովորում է թքած ունենալու նուրբ արվեստը (ծիծաղում է), որից հետո դառնում է ագրեսիվ:

«Թքած ունենալու նուրբ արվեստը». Աշոտը կարծում է, որ այդ գիրքն իսկական չարիք է ու դեմ է քրիստոնեական արժեհամակարգին:

-Նա, ով այդ գիրքը բերել է Հայաստան, ամենամեծ պատիժը պիտի ստանա: Իմ տեսած բանն եմ ասում՝ մայրն այդ գիրքը տալիս է 6-րդ դասարանում սովորող իր երեխային, ասում՝ բալես, կարդա՛, էստեղից լիքը բան կսովորես: Այսինքն, մարդկանց սովորեցնում են թքած ունենալ, անտարբեր լինել: Բայց եթե բոլորը դառնան անտարբեր, դա բոլորին է վնաս, քանի որ ոչ ոք ապահովագրված չէ, որ վաղը իմ վիճակում չի հայտնվի: Երբ որ մարդիկ կդադարեն կարդալ «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը և կդադարեն լինել այդ գրքի ջատագովը, փոխարենը կլինեն հիվանդի կողքին, հաշմանդամի կողքին, ընկածի կողքին, այդ ժամանակ լիքը բան կփոխվի մեր հասարակության մեջ:

***

-Աշոտ, ամեն ինչից խոսեցինք, բացի հաշմանդամությունից: Այսօր հաշմանդամների միջազգային օրն է: Ի՞նչ ասելիք ունես:

-Ընդամենը մի բան՝ միշտ հիշե՛ք, որ հաշմանդամությունը սահմանափակում չէ, ամենամեծ հաշմանդամությունը սահմանափակ մտածողությունն է․․․





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: