Հայերեն   English   Русский  

Իշխանությունն ավելի է կենտրոնանում իշխող ընտանիքի ձեռքում․ ադրբեջանագետը՝ հարևան երկրի քաղաքական զարգացումների մասին


  
դիտումներ: 1072

Առաջիկա երկու ամիսների ընթացքում Ադրբեջանի պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Խորհրդարանը ցրելու նախաձեռնությունը իշխող «Ենի Ազերբայջան»/Նոր Ադրբեջան/ կուսակցությանն է։ Երեկ Ադրբեջանի Միլի միջլիսի պատգամավորներից 99 կողմ են քվեարկել խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկին, մեկ պատգամավորել էլ ձեռնպահ է մնացել։

Խորհրդարանը ցրելու հիմնավորումն այն է, թե այդպիսով «աջակցելու են Իլհամ Ալիևի նախաձեռնած բարեփոխումներին»։

Նշենք, որ հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային 2020-ի նոյեմբերին։

Ինչո՞վ են իրականում պայմանավորված արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում և ինչպե՞ս հարևան երկրում զարգացումները կարող են անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա, այս հարցերի մասին է «Անկախը զրուցել» Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։

-Պարոն Հովհաննիսյան, հերթական ընտրությունից ամիսներ առաջ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն Ադրբեջանում ինչո՞վ է պայմանավորված։

-Հիմնական մեկ վարկած է շրջանառվում՝ ներքաղաքական վերադասավորումներ Ադրբեջանում, որոնք սկսվել են դեռևս 2015 թվականից։ Եթե հակիրճ ասենք՝ հիմնականում դուրս են գալիս հին կադրերը, որոնք նաև առանձին դեմքեր էին, ունեին իրենց բիզնեսները և ազդեցությունը և կապված էին Հեյդար Ալիևի հետ ։ Նրանց փոխարինելու են գալիս նոր կադրեր, որոնք ավելի ոչ ինքնուրույն են և ավելի լոյալ են ներկայիս իշխանություններին, մասնավորապես Մեհրիբան Ալիևային։ Տեսնում ենք նաև, որ թեկառավարության կազմում են նրան լոյալ նոր նախարարներ և փոխնախարարներ նշանակվում և թե անգամ նախագահի աշխատակազմում։ Այսինքն տեղի ունեցողը ներքաղաքական վերադասավորում է, որի արդյունքում մի շարք խոշոր խաղացողներ դուրս են գալիս խաղից և իշխանությունն ավելի է կենտրոնանում իշխող ընտանիքի ձեռքում։

-Իսկ ո՞րն է շտապողականության պատճառը։ Չէ՞ որ կարելի էր նույնն անել հերթական ընտրություններին։

-Բարդ է ասել։ Շտապողականությունը բավականին շատ գործոնների հետ է կապված։ Նախ՝ այսպես իրենց հակառակորդներն ավելի քիչ ժամանակ են ունենում նախապատրաստվելու։ Երկրորդը, քանի որ իրենց մոտ նախորդ տարի արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեցին, հաջորդ ընտրությունները կայանալու են 2025-ի ապրիլին։ Գուցե ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտ է այդ նույն ժամանակահատվածում կամ դրանից 1-2 շաբաթ առաջ նոր խորհրդարան ձևավորել և հետո նոր անցնել նախագահական ընտրություններին։ Բազմաթիվ պատճառներ կան։

Ամեն դեպքում արտահերթ ընտրությունները թույլ են տալիս իշխող ընտանիքին ավելի արագ ու հեշտ կառավարել այդ գործընթացները՝ պատրաստվելու ժամանակ չտալով իրենցհակառակորդներին կամ թեկուզ մի փոքր այլ հայացնքեր ունեցող ներիշխանական բլոկի անձանց։

-Ձեր կարծիքով ինչպիսի՞ն կլինի նոր խորհրդարանը։

-Նույն ուժը ներկայացված կլինի, բովանդակությունը չի փոխվելու։ Պարզապես առաջ են գալու ավելի լոյալ և կախված մարդիկ, որոնք նաև արտերկրում են կրթություն ստացել։ Սրանից ընդհանուր քաղաքականությունը չի փոխվում, պարզապես ներիշխանական դասավորվածությունն է որոշակիորեն փոխվում։ Եվ նորեկները ավելի կախված են ու պարտական Մեհրիբան Ալիևային և Իլհամ Ալիևին, քան ներկայիս գործիչները, որոնք նաև օգնել էին Իլհամ Ալիևին իշխանության մնալ Հեյդար Ալիևի մահվանից հետո։ Այսինքն նորերը մարդիկ են, որոնք կանեն այն ամենը, ինչ իրենց ասվի՝ առանց ավելորդ հարցեր տալու։

-Մի՞թե ներկայիս պաշտոնյաները հարցեր էին տալիս։

-Ներկայիս պաշտոնյաները կարող էին, օրինակ՝ հարցեր հնչեցնել, եթե ենթադրենք նախագահի փոփոխության խնդիր առաջանար, և Մեհրիբան Ալիևան գար նախագահ դառնալու։

-Ձեր կարծիքով ընդդիմությունը նոր խորհրդարանում տեղ կունենա՞։

-Ես կարծում եմ, որ ոչ։ Միգուցե, եթե ժամանակը հերիքի, փորձեն փոքր տոկոսով կառավարելի ընդդիմություն ստեղծել, բայց պետք է գտնել կառավարելի ընդդիմություն, որոնք նաև որոշակի հեղինակություն ունեն երկրում։ Միգուցե Իլգար Մամեդովը, եթե նա համաձայնի նման գործարքի։

-Պարոն Հովհաննիսյան, ինչո՞ւ են Ադրբեջանում ցանկանում իշխանությունը փոխանցել Մեհրիբան Ալիևային։

-Հիմա 2003 թվականը չէ։ Եթե մինչև 2025 թվականը պաշտոնավարի Իլհամ Ալիևը, , հարց է, թե եթե դրանից հետո ևս մնա, ինչպես կընդունվի։ Ինչ-որ փոփոխությունների իմիտացիա է պետք՝ միևնույն ժամանակ իշխանությունը պահելով էլի իրենց ձեռքում։

Հիմնական պատճառներից մեկը նաև դրսում ներկայանալու, բարեփոխումների իմիտացիա ցույց տալու անհրաժեշտությունն է։

-Ձեր կարծիքով՝ հարևան երկրում ընթացող զարգացումներն ինչպե՞ս կանդրադառնան Լեռնային Ղարաբաղի հակամարտության և բանակցային գործընթացի վրա։

-Կարծում եմ, որ որևէ ազդեցություն չի ունենա։ Այդ երկրի՝ մեզ հետ կապված ռազմավարությունը չի փոխվում։ Միգուցե մեկ-երկու բառ հռետորաբանությունում փոխվի, բայց էական փոփոխություններ կարծում եմ, որ չեն լինի։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: