Հայերեն   English   Русский  

Երկու օր է քննարկվում է, թե ինչ հագուստով են քաղաքապետի մոտ եկել 2 մլրդ դոլար ժողովրդի համար բերող մարդիկ. թեժ քննարկում ԱԺ-ում


  
դիտումներ: 229

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ՀՀ Ազգային ժողովում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից օրենքի փաթեթների քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շեղվելով քննարկվող նախագծից անդրադարձավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և շեյխերի հանդիպման միջադեպին:

«Ես կիսում եմ գործընկերներիս մտահոգությունները՝ Երևանի քաղաքապետին լիազորություններ տալու, ընդ որում, առանց շատ կոնկրետ ուրվագծելու, չափագրելու, հստակեցնելու այդ հարցը: Որովհետև ունեմ մտահոգություններ քաղաքապետարանի կողմից այդ գործառույթը եւս պատշաճ կազմակերպելու իմաստով: Երկու օր է հետեւում ենք մի վիճակի, երբ քննարկվում է, թե ինչ հագուստով են իր մոտ եկել երկու մլրդ դոլար ժողովրդի համար բերող մարդիկ, կամ երբ են հեռախոսային խոսակցություն ունենում, կամ պատի տակ շարվելուց պատշաճ կերպով են զգաստ կանգնել, թե ոչ, կամ ինչ տեւողությամբ են կանգնած սպասել եւ այլն»,-ասաց Ուրիխանյանն՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Տիգրան Ուրիխանյանին:

Նա հիշեցրեց, որ շուրջ մեկ տարի Երևանը թաղված էր աղբի մեջ. «Փաստորեն դրա համար պետք է ր ընդամենը մի քանի տասնյակ բեռնատարի հարց լուծել: Բեռնատարներն էլ իհարկե օդում կախված հարց է, հասարակությունը սպասում է դրա պատասխանին, բայց եկեք տեսեք, որ մարդիկ մեկ տարի շարունակ գրում ու տարածում էին, որ Երեւանն ամենակեղտոտ քաղաքներից մեկն է: Իսկ հիմա ստացվում է, որ Երեւանն ինվեստորներին հյուրընկակելու իմաստով ամենաաննպատակահարմար քաղաքն է, որտեղ քննարկում են՝ թագաժառա՞նգ էր եկել ժողովրդի համար 2 մլրդ դոլար բերել եւ ձրի հիվանդանոց, թե՞ թագավորի մյուս որդին: Ես այստեղ մտահոգություններ ունեմ: Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակերպչական ունակությունների վրա»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Ուրիխանյանի ելույթի ժամանակ նիստը վարող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մի քանի անգամ հնչեցրեց զանգը, որ ելությի ժամկետն ավարտվել է, իսկ վերջում էր բարկացած ասաց. «Գրավե՞լ եք ամբիոնը»:

Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաեւ Ուրիխանյանի ելույթին ասելով. «Չեմ հասկանում, ձեր պատկերացրած քաղաքապետը նստում է, դիմացինը անընդհատ հեռախոսով խոսո՞ւմ է, հետո հելնում գնում է հետո նորից գալի՞ս է»:

Տիգրան Ուրիխանյանը տեղից նետեց, որ ինքն իրավունք ունի իր ելույթում ասել այն, ինչ ուզում է, եւ ոչ մեկը իրավունք չունի փնովելու. «Խնդրում եմ մի մեկնաբանեք իմ ելույթները»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: