Խորհրդային զինվորի աճյուն գերմանացի հեռուստամեկնաբանի վիլլայում
Կմախքը գտել են «Քելլերման» այգում շինարարական աշխատանքների ժամանակ: Այն մասին, որ ամենայն հավանականությամբ դա Կարմիր բանակի զինվորի կմախք է, վկայում են տեղում հայտնաբերված սաղավարտը և փամփուշտների պարկուճները: Զենք չեն գտել:
Պոտսդամի դատախազության կարգադրությամբ առաջիկա օրերին դատաբժշկական փորձագետները կուսումնասիրեն աճյունի մնացորդները և կփորձեն պարզել, թե ինչ հանգամանքներում է մարդը զոհվել: Երբ այդ աշխատանքն ավարտվի, ռուս զինվորին կթաղեն:
Պատմաբան Հաննես Վիտտենբերգի կարծիքով՝ խորհրդային զինծառայողը ամենայն հավանականությամբ զոհվել է 1945 թ. ապրիլին: Ըստ նրա, շատ բան է ասում այն հանգամանքը, որ զոհվածի զինակիցները ժամանակ չեն ունեցել, որպեսզի թաղեն ընկերոջը: Բացառված չէ, որ նրանք փայտե խաչ են դրել և վրան կախել սաղավարտը:
Պոտսդամի շրջանում 1945 թ. ապրիլի 24-30-ը Կարմիր բանակն առանձնապես ծանր մարտեր է մղել վերմախտի դեմ: