Հայերեն   English   Русский  

Ինչ-որ ՀԿ որոշել է բարեփոխումներ մտցնել վերարտադրողականության մասին ՀՀ օրենսգրքում. ահազանգում է բժիշկը


  
դիտումներ: 217

Բժիշկ Նարինե Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կանանց վերարտադրողական իրավունքների հարցերով զբաղվող ինչ-որ ՀԿ որոշել է բարեփոխումներ մտցնել վերարտադրողականության մասին ՀՀ օրենսգրքում։ Չեմ էլ ուզում հավատալ, որ այս ամենը գիտակցված է արվում։

Ուրեմն, ՀՀ օրենսդրության մեջ կանանց վերարտադրողական առողջությանը վերաբերող մի հոդված կա, որտեղ նշվում է, որ աբորտ անելու պահանջով բժշկին դիմած կնոջը պարտադիր կերպով պետք է տրամադրվի խորհրդատվություն, որի ընթացքում բժիշկը հղի կնոջը պետք է բացատրի հղիության ընդհատման հնարավոր հետևանքների ու առողջությանը սպառնացող վտանգների մասին։ Ինչպես նաև, բժիշկը եռօրյա սպասման ժամկետ է սահմանում, որպեսզի հղի կինը գնա ու ևս 3 օր մտածի, իրոք ցանկանում է այդ ճակատագրական քայլին դիմել, թե՝ ոչ։

ՀԻմա այս ՀԿ-ն օրենքում «բարեփոխումներ» է առաջարկում կատարել՝ հանելով հնարավոր վտանգների մասին պարտադիր խորհրդատվությունն ու եռօրյա սպասման ժամկետը։ Այսինքն նրանք առաջարկում են, որ հղիության ընդհատման պահանջով դիմած կնոջն անարգել ու անմիջապես, առանց մի վայրկյան իսկ հապաղելու, հղիության ընդհատում կատարել։

Վերոնշյալ ՀԿ-ին չի հետաքրքրում, որ այդ հղի կինը մի գուցե տվյալ պահին հուսահատության կամ վախի մեջ է, միգուցե մոլորված ու շփոթված է, միգուցե չգիտի, որ աբորտ անելուց հետո այլևս երբեք չի վերակագնելու իր հոգեսեռական առողջությունը կամ դա անելու է տասնյակ տարիներ տանջվելուց հետո միայն․․․

ՈՒշադրություն, ես չեմ խոսում բժշկական ցուցումով հղիության ընդհատման անհրաժեշտության մասին, այլ այն դեպքերի, երբ կինն ինքն է այդ ցանկությունը հայտնում՝ ելնելով իր անձնական կյանքի պատմության սուբյեկտիվ մեկնաբանությունից, որը շատ հաճախ ու հիմնականում փոփոխական է։ Իմպուլսիվ մղումով գինեկոլոգիական աթոռին բազմած կինն այդ պահին չի գիտակցում իր որոշման ողջ լրջությունն ու պատասխանատվության չափը։ Պահի ազդեցության տակ կատարած ճակատագրական այդ քայլով, որին դրդում են այս ՀԿ-ները, ավիրվում է կնոջ ամբողջ ապագան։

Ընդհանրապես՝ վերարտադրողական իրավունքների մասին խոսացող այս ՀԿ-ն միտումնավոր կամ առանց հասկանալու, խորացնում է սեռական կյանքի ու վերարտադրողական գործառույթի միջև խզումը։ Սեռական կյանքի ու վերարտադրողության միմյանցից անկախ լինելը խթանում է զուտ մարմնական սեռական հաճույքի գոյության իրավունքը, ինչն էլ ի վերջո բերում է սեքս հանուն սեքսի մտակեցվածքին։ Սրա հետևանքն առանց պատասխանատվության ու հանձնառության սեռական կապերի շատացումն է, անկանոն սեռական կապերի, բազմակի սեռական զուգընկերների, բազմապիսի սեռական ակտիվությունների խթանումը, ինչը բխում է սեռական կրքի անարգել դրսևորման շահից, սակայն ի վերջո հանգեցնում է կյանքի անՀամության ու դատարկության զգացման խորացմանը։

Ինձ հակառակվում են՝ ասելով՝ թե սա միջանկյալ պարտադիր փուլ է, որի շնորհիվ մարդն ի վերջո կարողանում է գնահատել իր ունեցածը՝ առաջին սերը, զգալու ու սիրելու նախնական կարողությունը։ Թույլ տվեք կասկածի տակ առնել այս պնդումը։ Պետք չէ անպայմանորեն սպիեր ձեռք բերել՝ հասկանալու համար, որ կրակն այրում է։

Ես խորապես հավատացած եմ, որ մարդու հիմնարար իրավունքերի պաշտպանության համար ոչ թե աբորտների անհապաղ իրագործման մասին օրենսդրական բարեփոխումներ են անհրաժեշտ, այլ սեռական պատասխանատվության ու հարաբերություններում հանձնառության գիտակցությունը բարձրացնող կրթական ծրագրեր։

Սիրո պտուղները երբեք չեն կարող անցանկալի լինել ու հղիության ընդհատման մասին միտք երբևէ չի հայտնվում կնոջ գլխում, եթե նա գտնվում է անվերապահ սիրով պաշտպանված, պատասխանատու ու նվիրման հանձնառումով հարաբերության մեջ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: