Հայերեն   English   Русский  

Արտյոմ Խուգոյան. «Ունեի մեկ նպատակ` հաղթել»


  
դիտումներ: 2345

Լեհաստանի Պաբյանիցե քաղաքում կայացած ուժային եռամարտի WPA Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն իրենց լավագույն կողմերով դրսևորեցին` մեդալաբեր ելույթներ ունենալով:

110 կգ քաշային կարգում Արտյոմ Խուգոյանը, անձնական ռեկորդներ սահմանելով հավասարը չունեցավ աշխարհամասում և 2 ոսկե մեդալ նվաճեց:
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կարևորում է այս հաղթանակը, կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին:


-Շնորհավորում ենք. սեղմում պառկած դիրքից (202,5 կգ) և պոկում (310 կգ) վարժություններում, անձնական ռեկորդներ սահմանելով, 2 ոսկե մեդալի արժանացաք: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Շնորհակալ եմ: Շուրջ 8 ամիս մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան եմ անցել մարզիչներիս գլխավորությամբ: Անչափ կարևոր ստուգատես էր: Տրամադրվածությունն այնպիսին էր, որ պետք է անպայման հաղթեմ: Քրտանջան աշխատանքները` մարզումները, սննդակարգի, հանգիստի, ռեժիմի պահպանումը, արդյունքը տվեցին: 110 կգ քաշային կարգում էի մասնակցում, սակայն անձնական քաշս 105,8 կգ է:
Նշեմ, որ մրցաշարի կազմակերպիչը Հովհաննեսն Յազիչյանն էր, որը Լեհաստանում մեծ մարզական գործունեություն է ծավալում: Ստուգատեսին մասնակցում էին 16 երկիր 500 մարզիկներ: Պայքարը շատ թեժ էր, բոլորն էլ շատ ուժեղ էին, բայց ես ունեի մեկ նպատակ` հաղթել:
Ստուգատեսն ինձ համար անչափ կարևոր էր: Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք հավատացին, վստահեցին և աջակցեցին ինձ:


Արտյոմ Խուգոյան

-Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված 6 մարզիկներին էլ հաջողվեց մեդալներ նվաճել:
-Ուրախալի է, որ մեր հավաքականը իր ուժն ու կարողությունը ցույց տվեց արտերկրում: Մեր պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա էր, կասկած չունեինք, որ լավագույն կողմերով ենք մեզ դրսևորելու և մեդալներ ենք նվաճելու: Հայ մարզիկները ֆիզիկապես շատ ուժեղ են: Մասնակցում էինք 6 մարզիկով` 4 տղա և 2 աղջիկ: Տարբեր տարիքային խմբերում ոսկե մեդալներ նվաճեցին և ռեկորդներ սահմանեցին փորձառու մարզիկներ Էդուարդ Դավթյանը, Գագիկ Տոնոյանը, Բյուզանդ Բաղդասարյանը: Աղջիկներն էլ արժանացան ոսկե և արծաթե պարգևների:


-Ի՞նչ եք զգում, երբ հաղթանակից հետո վեր է խոյանում հայոց եռագույնը: Լեհաստանի հայ համայնքը ակտիվորեն երկրպագում էր Հայաստանի հավաքականին:
-Յուրաքանչյուր հայ, որ բնագավառում էլ գործի, պետք է ոչ միայն ցանկություն ունենա, այլև պարտավորված լինի հայրենիքի պատիվը բարձր պահելու: Մարզիկի համար միշտ ցանկալի է կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին, այդ զգացողությունն աննկարագրելի է, ոչնչի հետ չեմ փոխի: Բոլոր մարզիկներն էլ գալիս են երկրի պատիվը բարձր պահելու:
Մրցաշարի ժամանակ հայ համայնքը մեր կողքին էր: Ծանոթ-անծանոթ ամեն կերպ աջակցում էին, եկել էին դիտելու, երկրպագելու, ինչը մեզ շատ էր ոգևորում: Բոլորին մեծապես շնորհակալ ենք: Ուրախալի է միշտ տեսնել, որ մեր հայրենակիցները դրսում շատ համախմբված են:

-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
-Եթե չունես պարտություն, չես ունենա նաև հաղթանակ: Ես շատ պարտություններ եմ կրել, բայց շարունակել եմ հավատալ հաղթանակին: Հաղթանակն էլ ստիպում է չնահանջել, միշտ առաջ գնալ նորանոր հաջողություններ գրանցել և պարտավորեցնում է, որ մյուս անգամ կրկնեմ այս հաջողությունը, աշխարհի առաջնությունում դառնամ չեմպիոն, ինչն այժմ իմ կարևոր ու գլխավոր նպատակն է. փորձելու եմ արժանանալ մարզաձևի բոլոր տիտղոսներին:

-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել ուժային եռամարտով. մարզաձևն այսօր մասսայականություն վայելու՞մ է Հայաստանում:
-Տարբեր մարզաձևերով եմ զբաղվել. 10 տարեկանում ընտրեցի բռնցքամարտը: Հանգամանքներից ելնելով` չհաջողվեց շարունակել, և որոշ ժամանակ անց սկսեցի մարզասրահում մարզվել: Ծառայության ընթացքում ինտենսիվ շարունակում էի մարզվել և արժանացա լավագույն մարզիկ շքանշանին: Զորացրվելուց հետո սկսեցի զբաղվել բազկամարտով: Ժամանակի ընթացքում, հետևելով փորձառու մարզիկներին, տեսնելով իմ մեջ ուժ և պոտենցիալ, սկսեցի զբաղվել եռամարտով: Ֆիզիկական մեծ ներուժ է պետք ունենալ այս մարզաձևի համար: Սկսեցի նվազագույն կիլոգրամներից`ընթացքում ավելացնելով: Հասել եմ մինչև 200 և բարձր, 300 և բարձր կիլոգրամներ:

Արտյոմ Խուգոյան

Հայաստանում տարբեր տարիքային խմբերում ու քաշային կարգերում հանդես եկող մի շարք պրոֆեսիոնալ ու միջազգային հարթակներում հաղթանակներ գրանցած մարզիկներ ունենք` Գագիկ Տոնոյանը, ով իմ անձնական մարզիչն է, Հայկ Բարսամյանը, Էդուարդ, Դավթյանը,Նշան Մալխասյանը, Սերգեյ Ալվանյանը: Հայոց եռագույնը բազմիցս ենք բարձրացրել միջազգային ասպարեզում, սակայն որևէ ֆինանսական աջակցություն չենք ստացել և չենք ստանում: Մեր միջոցներով ենք մասնակցում առաջնություններին, անհատ ձեռներեցներ են ցանկության դեպքում մեզ աջակցում և LEV 1 գրուպը, որոնց շնորհակալ ենք շատ:
Նշեմ, որ բազմաթիվ ցանկացողներ կան, որոնք հետաքրքրվում են, գալիս են զբաղվելու մարզաձևով: Շուտով բացվելու է «Թութունջյան» ֆիթնես կենտրոնը, որտեղ որպես մարզիչ եմ հանդես գալու: Այժմ մարզում եմ Գեղամ Հակոբյանին, որը գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը կլինի միջազգային մրցաշարերում:


-Այս ասպարեզում լուրջ հաջողություններ ունեք գրանցած. ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:
-Պրոֆեսիոնալ մարզիկը, եթե մտածում է հաջողության հասնելու մասին, պետք է անդադար, քրտնաջան մարզվի: Ես անգամ հանգստի ժամանակ եմ մարզվում, ձգտում եմ միշտ ավելին անել` ինքս ինձ անընդհատ գերազանցելով: Եթե ցանկանում ես արդյունքի հասնել, հարկավոր է երկար ու դժվար ճանապարհ անցնել:
Մարզիկը պետք է միշտ մտածի հաղթելու և ոչ թե պարտվելու մասին և դուրս գա մրցահարթակ ուժերը առավելագույնս ի ցույց դնելու տրամադրվածությամբ`«ոչ մի քայլ հետ, միայն առաջ» նշանաբանով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: