Հայերեն   English   Русский  

Հայտարարություն և կոչ


  
դիտումներ: 166

2018 թվականի գարնանը մեր երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը հույս ներշնչեց, որ հայ հասարակությունը հրաժեշտ կտա բռնություններին, կոռուպցիոն գործարքներին, սոցիալական անարդարությանն ու այլ արատավոր երևույթներին, որոնք վերջին տարիներին բնութագրում էին մեր հասարակական-քաղաքական կյանքը։

Ավաղ, այսօր ականատես ենք լինում, թե ինչպես են իշխանության եկած անձինք խախտում իրենց խոստումները և ոտնակոխ անում իրենց հրապարակային հայտարարությունները, սառը անտարբերությամբ վերաբերվում ժողովրդի հետ, այն ժողովրդի, որը իրենց հետ քայլել է, կուրորեն, առանց ծանր ու թեթև անելու, հավատացել ու փառաբանել է պետական կառավարման և զարգացման տեսլական և/կամ ծրագիր չունեցող, տարիներ շարունակ պոպուլիստական ելույթներ ունեցող մի խումբ անձանց։

Մեր կազմակերպությունը, որպես իրավապաշտպան կազմակերպություն, արդեն տևական ժամանակ է ուշիուշով հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և յուրաքանչյուր դեպքում արձանագրում է խախտումներ, որոնք թույլ են տրվում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց կողմից։

Իսկ երեկ՝ 2019 թ․ դեկտեմբերի 3-ին, ՀՀ ոստիկանության ծառայողների գործողությունները ուսանողների նկատմամբ ցույց տվեցին ու հաստատեցին, որ Հայաստանում տեղի է ունեցել ընդամենը պաշտոնյաների անուն ազգանունների փոփոխություն, տեխնիկական առումով միայն պաշտոնյաների տարիքն է երիտասարդացել, բայց ոգին և մշակույթը մնացել է նույնը, բռնությունն ու ատելությունը, ամենթաթողությունն ու անպատժելիության մթնոլորտը, պատասխանատվության զգացման բացակայությունը դեռ մնում են կիրառության մեջ։

Մենք խստագույնս դատապարտում ենք ՀՀ ոստիկանության ծառայողների գործողությունները, որոնք զուգորդվել են բռնությամբ ու ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ։ Իշխանության ներկայացուցիչ-ոստիկանները բացահայտ խտրական մոտեցում են ցուցաբերել նաև այն ուսանողների նկատմամբ, որոնք ներկայացրել են ՀՅԴ կուսակցությունը և եղել են այդ կուսակցության անդամ։

Դատապարտում ենք նաև ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ամբարտավան և անտարբեր վերբերմունքն արդարացի պահանջը ներկայացնող ուսանողների նկատմամբ։ Սա անընդունելի է մի պետությունում, որտեղ պետության վարչապետը հայտարարում է, որ Հայաստանի քաղաքացիներից յուրաքանչյուրը վարչապետ է և իշխանությունը վերադարձվել է ժողովրդին։ Նախարարի վարքագծից և ոստիկանների գործողություններից բացարձակ չի ընկալվում վերը նշվածը, դրանք թյուր և ամպագորգոռ հայտարարություններ են, որոնք միայն ականջ են ծակում։

Ավելորդ չենք համարում մեջբերել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի 2018 թվականի մարտին արված հայտարարությունից մի հատված, որով երիտասարդներին կոչ է արել չլռել և չլինել աննկատելի հասարակության մեջ: «․․․Միշտ էլ գայթակղություն է եղել լռեցնել երիտասարդներին, սակայն երիտասարդներն իրենք կարող են որոշել՝ «պե՞տք է արդյոք գոռալ, թե՞ լռել․․․։ «Եթե մյուսները լռում են, եթե մենք՝ տարեց ու պատասխանատու մարդիկ լռում ենք, եթե աշխարհը լռում է և կորցնում ուրախությունը, ես ձեզ եմ հարցնում՝ «Դուք կգոռա՞ք։ Խնդրում եմ, որոշե՛ք, նախքան քարերը կճչան․․․»։

Կոչ ենք անում հայ ուսանողությանը՝ պայքարե՛ք ձեր իրավունքների ու հիմնարար ազատությունների համար՝ ՀՀ սահմանադրության, օրենքների և միջազգային իրավական նորմերի շրջանակում, թույլ չտաք, որպեսզի ձեր նկատմամբ բռնություններ ու ճնշումներ իրականացնող պաշտոնյաններն ու ոստիկանները մնան անպատիժ։

Եղե՛ք ամուր և միասնական։

«Ա․ Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ

04/12/2019 թ․





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: