Հայերեն   English   Русский  

Գեղամ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Մրցակցության միջազգային օրվա առթիվ


  
դիտումներ: 126

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել Մրցակցության միջազգային օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասվում է.

Սիրելի հայրենակիցներ,

Դեկտեմբերի 5-ն արդեն տասներորդ տարին անընդմեջ նշվում է որպես Մրցակցության միջազգային օր՝ հանրության ուշադրությունը սևեռելով խնդիրների վրա, որոնք մրցակցության պաշտպանությունն ապահովող մարմինների օրակարգում են:

Տնտեսական քաղաքականությունը կարող է արդյունավետ լինել, ծրագրերը կարող են լավագույնս կյանքի կոչվել, երբ իրապես ապահովված են արդար և բարեխիղճ մրցակցության խաղի կանոնները:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ուղղությամբ տնտեսության մեջ ունենք դրական զարգացումներ: Ավանդաբար «փակ» շուկաներում այսօր հայտնվում են նոր մասնակիցներ, փոքրացել է գերիշխող դիրք ունեցողների մասնաբաժինը, ինչը դրական ազդեցություն է ունենում մրցակցային միջավայրի վրա:

Անշուշտ բարեխիղճ մրցակցության մշակույթի արմատավորման հարցում ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի բոլոր տնտեսվարողների մոտ՝ անկախ շուկայում գրաված դիրքից և ազդեցությունից, արդար խաղի կանոններին հետևելը դառնա վարքագծի նորմ, միաժամանակ ունենանք իր իրավունքներին քաջատեղյակ, պահանջատեր սպառող:

Սակայն շատ կարևոր է, որպեսզի նաև համընդհանուր գիտակցում լինի, որ երկրում արդար և բարեխիղճ մրցակցությունից կախված է յուրաքանչյուրիս բարեկեցությունը. չէ՞ որ մրցակցությունից շահում են թե՛ բիզնեսը, թե՛ քաղաքացիները և թե՛ պետությունը:

Կա ազատ և արդար մրցակցություն՝ տնտեսությունն առողջ է, դինամիկ աճում է և զարգանում, հեշտ է դիմագրավում արտաքին մարտահրավերներին, բիզնեսն անընդհատ կատարելագործվում է, դառնում է ավելի նորարար, քաղաքացիները ձեռք են բերում որակյալ ապրանքներ և ծառայություններ մրցակցային գներով: Հետևապես արձանագրենք, որ օրենքին հետևելը բխում է բոլորիս շահերից:

Շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության միջազգային օրվա առթիվ և մաղթում, որ մեր բոլոր ապրանքային շուկաներում գերիշխի միայն բարեխիղճ մրցակցությունը, և այդ մրցակցությունից ստեղծվեն բիզնեսի հաջողության նոր պատմություններ՝ հարստացնելով մեր երկիրը, տնտեսությունը, քաղաքացիներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: