Հայերեն   English   Русский  

Էրիկ Գրիգորյանի պաշտոնավարման հարցը չի բարձրացվի. խորհրդարանը չընդունեց ԼՀԿ-ի առաջարկը


  
դիտումներ: 238

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ իրենք դժգոհ են շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի կողմից իրականացվող քայլերից:

Խմբակցությունը Շրջակա միջավայրի նախարարության վերաբերյալ հարցապնդում էր ներկայացրել, իսկ այսօրվա նիստում Մանե Թանդիլյանն առաջարկեց նախարարի հետագա պաշտոնավարման հարցը ներկայացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Առաջնորդվելով ԱԺ կանոնակարգ օրենքով՝ ԱԺ-ին առաջարկում եմ ընդունել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին որոշում»,- ասաց Թանդիլյանը:

Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք նախարարի պաշտոնավարման դադարեցման խնդիր չեն տեսնում, հետևաբար դեմ են քվեարկելու, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ իրենց խմբակցության նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի ոլորտում իրականացվող ուսումնասիրություններից հետո միայն կարծիք կհայտնեն ու չեն մասնակցի այսօրվա քվեարկությանը: Ի վերջո Լուսավոր Հայաստան խմբակցության առաջարկը չընդունվեց:

Նշենք, որ դեկտեմբերի 4-ի նիստում Մանե Թանդիլյանը ներկայացրեց իրենց դժգոհությունը շրջակա միջավայրի ոլորտում իրականացվող աշխատանքների հետ կապված:

«Էկոլոգիական անվտանգությունը մարդու կենսական, կարևոր էկոլոգիական շահերի պաշտպանվածության վիճակն է, ամենից առաջ նրա իրավունքը՝ ունենալու կյանքի համար մաքուր, առողջ, բարենպաստ շրջակա, բնական միջավայր: Կառավարության ծրագրում նշված ուղղություններից ոչ միայն ոչ մեկը չի արվում, այլև կարելի է ասել, հաճախ արվում է ուղիղ հակառակը: Ասում եք՝ կառավարության քաղաքականությունը հանքարդյունաբերության ոլորտում ուղղված է թափանցիկության, հանրության առջև բարձր հաշվետվողականության ապահովմանը, սակայն այդպես էլ անկատար մնաց իրական շահառուների բացահայտման գործընթացը: Ձեր ամբողջ պատասխանի մեջ տպավորություն է, որ կառավարությունը չի պատկերացնում բնապահպանական խնդիրները, և դրանք փոխարինում է տնտեսական խնդիրներով»,- ասաց Թանդիլյանը:

Մանե Թանդիլյանը նշեց, որ իրենց չի բավարարել հարցապնդմանը կառավարության ներկայացրած պատասխանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: