Հայերեն   English   Русский  

Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովն այդպես էլ նախագահ չի ընտրել. ի՞նչ է կատարվում


  
դիտումներ: 1157

Հանրային խորհրդում անորոշ իրավիճակ է ստեղծվել։ Պարզվում է՝ երկու անգամ տապալվել է ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում հանձնաժողովի նոր նախագահի ընտրության հարցն էր։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկու նիստերն էլ չեն կայացել քվորումի բացակայության պատճառով․ հանձնաժողովի 60-ից ավելի անդամներից նիստերին ներկա են գտնվել առավելագույնը 9 հոգի։

Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է ս․թ․ նոյեմբերի 15-ից, երբ հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը դադարեցրեց անդամակցությունը Հանրային խորհրդին։

Ըստ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի՝ Հանրային խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ դադարման օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Հանրային խորհրդում ընդգրկվում է նոր անդամ` սույն օրենքով տվյալ անդամի նշանակման կամ ընտրության համար սահմանված կարգով:

Հիշեցնենք, որ խորհրդի 45 անդամներից առաջին 15-ին նշանակում է ՀՀ կառավարությունը՝ վարչապետի առաջադրմամբ, երկրորդ 15-ը ՀԽ անդամ են դառնում՝ ընտրվելով իբրև ՀԽ 15 ոլորտային հանձնաժողովների նախագահներ, իսկ վերջին 15-ը փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվում են ՀԽ նախորդ 30 անդամների կողմից։

Այս պահին Հանրային խորհրդի 45 անդամներից թափուր է 3-ի տեղը (ներառյալ ՀԽ նախագահինը)։

Երկու թափուր տեղերը (Վազգեն Մանուկյան, Բաբկեն Պիպոյան) պետք է լրացնի ՀՀ կառավարությունը՝ վարչապետի առաջադրմամբ։ Երրորդ տեղը ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահինն է, որը պետք է համալրվի հանձնաժողովի նիստում՝ փակ, գաղտնի քվեարկության արդյունքում։

Եթե հաշվի առնենք, որ Բաբկեն Պիպոյանն իր լիազորությունները դադարեցրել է ս․թ․ նոյեմբերի 8-ին, ապա վարչապետը մինչև ս․թ․ դեկտեմբերի 8-ը, այսինքն մեկամսյա ժամկետում, պետք է նոր անդամի թեկնածություն ներկայացնի ՀՀ կառավարության հաստատմանը։

Վազգեն Մանուկյանի թափուր տեղի համար (որպես ՀԽ անդամ) վարչապետը պետք է նոր անդամի թեկնածու առաջադրի մինչև ս․թ․ դեկտեմբերի 13-ը, քանի որ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ս․թ․ նոյեմբերի 13-ին։

Ինչ վերաբերում է ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թափուր տեղին, ապա այդ հարցը ևս պետք է լուծվի մեկամսյա ժամկետում, այսինքն, մինչև ս․թ․ դեկտեմբերի 16-ը։

Եթե հաշվի առնենք, որ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցով երկու նիստ արդեն տապալվել է, չի բացառվում, որ այն այդպես էլ չկայանա։

Իսկ վարչապետը, ըստ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի, կարող է ՀՀ կառավարության հաստատմանը Հանրային խորհրդի նախագահի նոր թեկնածու առաջադրել միայն այն դեպքում, երբ համալրված լինեն խորհրդի 45 հոգանոց կազմի բոլոր թափուր տեղերը։

Թե ինչո՞ւ են ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամները հրաժարվում մասնակցել նախագահի նոր թեկնածուի ընտրության հարցով նիստերին, կարելի է միայն ենթադրություններ անել․ միգուցե հանձնաժողովի անդամների մեծ մասը Կարեն Զադոյանից բացի հանձնաժողովի նախագահի այլ թեկնածու այս պահին հանձնաժողովում չի տեսնում։ Չի բացառվում, որ վերջին շրջանում Հանրային խորհրդի շուրջ ստեղծված լարված մթնոլորտն ու խորհրդի դեմ իշխանական շրջանակների կողմից տեղի ունեցող «հարձակումներն» ու պիտակավորումները նույնպես ազդում են հանձնաժողովներում ներգրավված փորձագետների ակտիվության և մոտիվացիայի վրա։ ՀԽ նախագահի պաշտոնից Վազգեն Մանուկյանի հրաժարականը, որը հիասթափության ալիք է առաջացրել խորհրդում, նույնպես կարող է պասիվությանը նպաստող գործոն լինել։

Ինչևէ, Անկախ-ի տեղեկություններով` Հանրային խորհուրդը հավանաբար առաջիկա օրերին նիստ կհրավիրի՝ քննարկելու ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության կայացման գործում լուծումներ գտնելու հարցը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: