Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիայում սկսվում է անժամկետ գործադուլ թոշակի բարեփոխումների դեմ


  
դիտումներ: 221

Լայնամասշտաբ համազգային գործադուլը, որ հանրային տրանսպորտի զգալի խափանումների պատճառ կդառնա, սկսվում է Ֆրանսիայում այսօր՝ դեկտեմբերի 5-ին և ինչպես ենթադրվում է, անժամկետ կլինի:

Տարբեր խմբերի ֆրանսիացիներ են պատրաստվում բողոք հայտնել կառավարության հայտարարած թոշակային բարեփոխումների դեմ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գոճակալությունը:

Հանրային տրանսպորտի փարիզյան RATP ընկերության հաղորդմամբ՝ գործադուլի հետևանքով լիովին կդադարի երթևեկությունը փարիզյան մետրոյի 11 գծերում, շատ սահմանափակ կլինի 3 գծերում: Սովորական կարգով կգործեն միայն փարիզյան ստորգետնյա անվարորդ 1 և 14 գծերը:

Զգալի ընդհատումներ են կանխատեսվում Փարիզի քաղաքամերձ RER էլեկտրագնացքների երթևեկությունում: Բացի այդ, Ֆրանսիայի մայրաքաղաքում կգործի ավտոբուսների և տրամվայների 30 տոկոսը միայն:

Գործադուլը կհանգեցնի նաև TGV ճեպընթաց և Transilien ցանցի գնացքների 90-ի տոկոսի չեղարկմանը Ֆրանսիայում: Միաժամանակ EasyJet ավիաընկերությունը հայտնել է 233 ներքին և միջին հեռավորության չվերթների չեղարկման մասին: Air France-ը չեղարկել է չվերթների 30 տոկոսը Ֆրանսիայում և միջին հեռավորության չվերթների 15 տոկոսը:

Տեղաշարժման այլընտրանքային միջոցներ են մնում հեծանիվը, ինքնաշարժները, մոտոցիկլները, ինչպես նաև համընկնող ուղղությամբ ընթացող պատահական մեքենաները: Որոշ ընկերությունների ղեկավարներ որոշում են ընդունել աշխատակիցների տնից աշխատանքի մասին:

Օրվա երկրորդ կեսին տեղի կունենա զանգվածային բողոքի ցույց թոշակային բարեփոխման դեմ, որի կազմակերպիչները Ֆրանսիայի մի շարք խոշոր արհմիություններ են: Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների՝ ամբողջ երկրում, բացի Փարիզից, 250 հանրահավաք կլինի:

Անվտանգությունն ապահովելու է մայրաքաղաքում 6 հազար ոստիկան և ժանդարմ: Երեկ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Քրիստոֆ Կաստաները հեռուստատեսությամբ մտավախություն է հայտնել, որ ցույցին Փարիզում կարող են միանալ մի քանի հարյուր ջարդարարներ և արմատական տրամադրված «դեղին ժիլետների» կողմնակիցներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: