Ֆրանսիայում սկսվում է անժամկետ գործադուլ թոշակի բարեփոխումների դեմ
Տարբեր խմբերի ֆրանսիացիներ են պատրաստվում բողոք հայտնել կառավարության հայտարարած թոշակային բարեփոխումների դեմ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գոճակալությունը:
Հանրային տրանսպորտի փարիզյան RATP ընկերության հաղորդմամբ՝ գործադուլի հետևանքով լիովին կդադարի երթևեկությունը փարիզյան մետրոյի 11 գծերում, շատ սահմանափակ կլինի 3 գծերում: Սովորական կարգով կգործեն միայն փարիզյան ստորգետնյա անվարորդ 1 և 14 գծերը:
Զգալի ընդհատումներ են կանխատեսվում Փարիզի քաղաքամերձ RER էլեկտրագնացքների երթևեկությունում: Բացի այդ, Ֆրանսիայի մայրաքաղաքում կգործի ավտոբուսների և տրամվայների 30 տոկոսը միայն:
Գործադուլը կհանգեցնի նաև TGV ճեպընթաց և Transilien ցանցի գնացքների 90-ի տոկոսի չեղարկմանը Ֆրանսիայում: Միաժամանակ EasyJet ավիաընկերությունը հայտնել է 233 ներքին և միջին հեռավորության չվերթների չեղարկման մասին: Air France-ը չեղարկել է չվերթների 30 տոկոսը Ֆրանսիայում և միջին հեռավորության չվերթների 15 տոկոսը:
Տեղաշարժման այլընտրանքային միջոցներ են մնում հեծանիվը, ինքնաշարժները, մոտոցիկլները, ինչպես նաև համընկնող ուղղությամբ ընթացող պատահական մեքենաները: Որոշ ընկերությունների ղեկավարներ որոշում են ընդունել աշխատակիցների տնից աշխատանքի մասին:
Օրվա երկրորդ կեսին տեղի կունենա զանգվածային բողոքի ցույց թոշակային բարեփոխման դեմ, որի կազմակերպիչները Ֆրանսիայի մի շարք խոշոր արհմիություններ են: Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների՝ ամբողջ երկրում, բացի Փարիզից, 250 հանրահավաք կլինի:
Անվտանգությունն ապահովելու է մայրաքաղաքում 6 հազար ոստիկան և ժանդարմ: Երեկ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Քրիստոֆ Կաստաները հեռուստատեսությամբ մտավախություն է հայտնել, որ ցույցին Փարիզում կարող են միանալ մի քանի հարյուր ջարդարարներ և արմատական տրամադրված «դեղին ժիլետների» կողմնակիցներ: