Հայերեն   English   Русский  

​Ավստրիայում 2019-ի բառը Իբիցա կղզու անունն է


  
դիտումներ: 208

Ավստրիացիները որպես 2019 թվականի բառ ընտրել են իսպանական Իբիցա կղզու անունը: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ավստրիայի մամուլի գործակալությանը, որը ամեն տարի Ավստրիական գերմաներենի ընկերության հետ համատեղ Ավստրիայում ամենատարածված բառի որոնման մրցույթ է հայտարարում:

Ինչպես նշել են մրցույթի ժյուրիում, «Իբիցան» տարվա բառ է դարձել «Իբիցագեյթ» ներքաղաքական սկանդալի պատճառով: Դրա գլխավոր գործող անձը նախկին փոխկանցլեր Հայնց-Քրիստիան Շտրախեն էր, նրա պատճառով 2019 թվականին կառավարությունը փլուզվեց: «Այդ աշխարհագրական անունը ամենատարածված բառը դարձավ, որովհետև կանխորոշեց Ավստրիայի հասարակական կյանքը»,- ասված է ժյուրիի հայտարարության մեջ:

Երկրորդ տեղում «պելմենիի շուրջկալ» բառակապակցությունն է մասնավոր տներում ոստիկանության պարբերական խուզարկությունների պատճառով, որտեղ անօրինական պելմենի էին պատրաստում վաճառելու նպատակով:

Տարվա լեզվի սայթաքումն է դարձել «Խմած պատմություն» բառակապակցությունը: Այն օգտագործել է նախկին փոխկանցլեր Շտրախեն արդարացնելու համար իր վարքագիծը Իբիցա կղզու վիլլայում արված տեսանյութում:

Ավստրիայում տարվա բառի մրցույթն այս տարի նշում է իր 20 տարին: Առաջին անգամ այն անցկացվել է 1999 թվականին: 2019 թվականի հարցախույզին մասնակցել է 7,5 հազար մարդ: Ժյուրիի կազմում եղել են լեզվաբանական ֆակուլտետների պրոֆեսորներ և գերմաներենի մասնագետներ:

2019 թ. մայիսին Ավստրիայում ներքաղաքական սկանդալ ծագեց՝ «Իբիցագեյթ» անվամբ: Գերմանական երկու խոշոր պարբերականներ՝ Der Spiegel-ը և Süddeutsche Zeitung-ը, 2017 թ. գաղտնի տեսախցիկով նկարահանված մի տեսագրության փոքր հատված տարածեցին, որում երևում էր, թե ինչպես Հայնց-Քրիստիան Շտրախեն և նրա օգնական Յոհան Գուդենուսը ոմն ռուսախոս և ռուս օլիգարխի զարմուհի ներկայացած կնոջ հետ քննարկում են որոշ պետական շինարարական պատվերներ վերջինիս փոխանցելու հարցը խորհրդարանական ընտրություններից առաջ Ավստրիայի ազատության կուսակցությանը (ԱԱԿ) ֆինանսական օգնություն ցույց տալու փոխարեն:

Տեսագրության հրապարակումը հանգեցրեց Շտրախերի հրաժարականին ԱԱԿ-ի առաջնորդի և Ավստրիայի փոխկանցլերի պաշտոններից: Նրա կուսակցությունը Ավստրիայի ժողովրդական կուսակցության հետ լքեց կառավարական կոալիցիան: Նախարարների կաբինետը Սեբաստյան Կուրցի գլխավորությամբ խորհրդարանի անվստահության քվեարկությունից հետո նույնպես հրաժարական տվեց: Դա հանգեցրեց սեպտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Դատախազությանն առընթեր «Իբիցա» քննչական հանձնաժողովը մայիսի վերջից նախաքննություն է անցկացնում և փորձում է գտնել աղմկահարույց տեսագրության պատվիրատուներին ու հեղինակներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: