Հայերեն   English   Русский  

Համընդհանուր պոռթկումը միայն ժամանակի և պատեհ առիթի հարց է․ Արմեն Պետրոսյան


  
դիտումներ: 451

Արաբագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նա գրում է․

«Բաքվի վարչակարգը, երկու քայլ ավել հաշվարկելով, այդուհանդերձ, առնվազն մեկ քայլ հետ է մնում արդի զարգացումներից

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հապճեպ գործընթացն իր ձևով նաև բովանդակությամբ որոշակիորեն հիշեցնում է 2018թ․ նախագահական ընտրությունների հետ կապված համանման զարգացումները․ իշխանությունը ձգտում է հնարավորինս սահմանփակել ընդդիմության հնարավորությունները։

Ակնհայտ է, որ այդ երկրում գործող վարչակարգը բավական զգուշավոր է, լուրջ անհանգստություն ունի սեփական անվտանգության առումով, և վերջին շրջանում դրա ինքնամաքրման, ավելի ճիշտ՝ ինքնաթարմացման, տարբեր պետական կառույցների աշխատելաոճի վերակազմակերպման փորձերը նշվածի վառ ապացույց են․ ասել է, թե՝ իշխանությունն ինքն է նախաձեռնել «հեղափոխություն»՝ ձգտելով կանխել իրական հեղափոխության հնարավորությունը։

Նախագահ Ալիևի գլխավորած կլանային վարչախումբը, իրավացիորեն, լուրջ մտավախություն ունի, որ ժամանակակից աշխարհում բավական թրենդային քաղաքական և քաղաքացիական շարժումները, որոնք բառի ուղիղ իմաստով մոտենում են նաև Ադրբեջանին, պարբերաբար դրսևորվում են նաև այդ երկրի տարածքում, մի օր որևէ պատճառով, որևէ առիթով ավելի մեծ ալիք են ստանալու, որին դիմագրավելու միակ արդյունավետ ճանապարհը զանգվածային ուժի կիրառումն է լինելու։ Իսկ դրա համար անհրաժեշտ է լինելու իրավական հիմնավորում՝ դիցուք խորհրդարանական ընտրությունների շատ կանխատեսելի արդյունքները, որոնք փաստացի արձանագրելու են քաղաքական ուժերի ժողովրդականության մակարդակն ադրբեջանական հասարակության շրջանում։

Կասկածից վեր է, որ ընտրությունների՝ նախանշված ժամկետից մի քանի ամիս առաջ անցկացմամբ, առանց այն էլ խիստ սահմանափակ ռեսուրսներ ունեցող Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերը, նաև տեխնիկապես զրկվելով հավուր պատշաճի քվեարկությանը նախապատրաստվելու հնարավորությունից, արձանագրելու են սպասվածից ցածր արդյունքներ։

Բայց դրանով հանդերձ, պետք է արձանագրել մի կարևոր իրողություն՝ Բաքվի վարչակարգը, երկու քայլ ավել հաշվարկելով, այդուհանդերձ, առնվազն մեկ քայլ հետ է մնում արդի զարգացումներից։ Գոնե վերջին երեք դեպքերում՝ Լիբանանում, Իրաքում, անգամ Իրանում բողոքի գործողությունների քաղաքական բաղադրիչը հստակ կերպով ուղղված է գործող քաղաքական համակարգերի դեմ՝ պահանջելով ամբողջական բովանդակային փոփոխություն, իսկ դրանց կոսմետիկ վերափոխումներն անգամ ի զորու չեն փրկելու հասարակություններում խորը հիասթափություն, ձանձրույթ ու հակակրանք առաջացրած վաչակարգերին։

Համընդհանուր պոռթկումը միայն ժամանակի և պատեհ առիթի հարց է»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: