Բաքուն և Երևանը սկսել են Լավրովի «քթից բռնած մա՞ն ածել»
Այս անգամ բանակցությունները տևեցին 3,5 ժամ: Սա հանգեցնում է այն մտքին, որ հակամարտող կողմերը քննարկում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշակի խնդիրներ: Բայց թե հատկապես ինչ խնդիրներ, չի ասվում:
Պաշտոնական հայտարարություններն այդ առնչությամբ, մասնավորապես՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի, ինչպես միշտ, հագեցած են վերացական բովանդակության մտքերով, ասենք՝ «կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ իրավիճակը և դրա խաղաղ կարգավորման ուղիներն ապագայում»: Այսուհանդերձ ինտրիգ է ստեղծվել, որի թելերը դեռ պետք է վեր հանել: Բանն այն է, որ նախօրեին Բաքու այցելեց Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը: Մամեդյարովի հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին նա հայտարարություն արեց, որը հարկ է ամբողջությամբ մեջբերել: «Մենք ունենք այն ըմբռնումը, որ փոխզիջման հնարավորություններ կան: Հեշտ խնդիր չէ: Հակամարտությունը ամենատևականներից է նախկին Խորհրդային Միության տարածությունում,- ասել է Լավրովը:- Բայց մենք երախտապարտ ենք մեր ադրբեջանցի բարեկամներին, քանի որ այն գաղափարները, որոնք առաջադրում է Ռուսաստանը և՛ երկկողմ առումով, և՛ որպես Մինսկի խմբի համանախագահ, ըմբռնում են գտնում: Ե՛վ ներկայիս, և՛ անցյալի կոնֆլիկտները հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալու, թե ինչպես առաջ շարժվել: Հուսով եմ, որ արդյունք կլինի»:
Անդրադառնալով Բրատիսլավայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպմանը՝ Ռուսաստանի արտգործնախարարն այսպես է մեկնաբանել դրա հնարավոր արդյունքները. «Մենք ամեն տարի ձգտում ենք ամրագրել թղթի վրա կողմնակցությունը այն հիմնարար սկզբունքներին, որոնք հավանության են արժանացել կողմերից շատ տարիներ առաջ և պահպանել են կենսունակությունն ու արդիականությունը: Եվ եթե ստացվի, ապա կուզենայինք հնգակողմ հայտարարություն ընդունել Ադրբեջանի և Հայաստանի երկու արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեք նախարարների կողմից: Բոլոր դեպքերում համանախագահները կամրագրեն իրենց դիրքորոշումը թղթի վրա: Բայց հույս ունեմ, որ դա կլինի հնգակողմ հայտարարություն»: Այսինքն՝ ռուսական կողմը փորձ է արել, բացի Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների երկկողմ հանդիպման ձևաչափից, ևս մի ձևաչափ կյանքի կոչել՝ 3+2 (Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները գումարած ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարները):
Մոսկվան սկսել է գործել ավելի բաց, և եթե դատելու լինենք ըստ Լավրովի հայտարարությունների, «Ռուսաստանի գաղափարները և՛ երկկողմ առումով, և՛ որպես Մինսկի խմբի համանախագահի» սկսել են «ըմբռնում գտնել», նախ և առաջ Բաքվում: Ուստի հարկ է ենթադրել, որ նոր ձևաչափի հարցը և գլխավորը՝ փաստաթղթի բովանդակությունը, որը կարող է ստորագրվել ԱԳՆ-ների ղեկավարների կողմից այդ ձևաչափով, քննարկվել են Բրատիսլավայում Մամեդյարովի և Մնացականյանի հանդիպման ժամանակ: Սակայն բանակցությունների արդյունքում այդ հարցը հրապարակավ չի նշվել: Ավելին, բառացիորեն այդ հանդիպումից մի քանի ժամ առաջ Բաքուն արտասովոր քայլ արեց. Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանության թվիթերում ներկայացվեցին «հակամարտության փուլային կարգավորման» կետերը, որոնք մատուցվում են որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման պաշտոնական դիրքորոշում: Դրանք առաջարկությունների «հիբրիդային ընտրանի» են՝ մասամբ բաղկացած Մադրիդյան սկզբունքների դրույթներից, մասամբ՝ Ադրբեջանի սեփական դիրքորոշումից:
Մասնավորապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման առնչությամբ նշված է, որ այն «պետք է մնա Ադրբեջանի կազմում ըստ Ադրբեջանի սահմանադրության և օրենսդրության»: Տեքստում նշված է նաև, որ Բաքուն «հակամարտության քաղաքական լուծում չի տեսնում գծված շրջանակներից դուրս և բանակցությունները վարում է միայն իր դիրքորոշման հիման վրա»: Բայց ինչու նման տեքստով հանդես եկավ դեսպանությունը, ոչ թե Ադրբեջանի ԱԳՆ-ն, եթե խոսենք այդ փաստաթղթի կարգավիճակի մասին, որը, ըստ ամենայնի, չի հարաբերակցվում այն թեզիսներին, որոնցով հանդես եկավ Լավրովը Բաքվում: Բացի դրանից, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Ադրբեջանի դեսպանության հայտարարությունը, կոչ արեց «սենսացիաներ չանել ղարաբաղյան թեմային վերաբերող այս կամ արտահայտությունից» և պնդեց, որ «բանակցությունների սեղանին որևէ քննարկվող փաստաթուղթ չկա», և որ հայկական կողմը դեռ բացատրություններ չի ստացել «մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ, որոնց մասին խոսվել է մի քանի ամիս առաջ»:
Այնինչ նախօրեին Երևանում Մնացականյանն իր հորդանանյան գործընկեր Այման աս-Սաֆադիի հետ ճեպազրույցի ժամանակ, խոսելով Մամեդյարովի հետ առաջիկա բանակցությունների մասին, նշեց, որ «մենք միասնական փաթեթ ունենք, որում ընդգրկված են բուն կարգավորման հարցերը և խաղաղ գործընթացի մթնոլորտին վերաբերող հարցերը»: Փակագծերի մեջ առնենք «խաղաղ գործընթացի մթնոլորտը» և տակը կմնան «բուն հակամարտության կարգավորման» հարցերը, որոնք, Մնացականյանի խոսքով, «վերաբերում են Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը և կարգավիճակին»: Սրանից հետևում է, որ Լավրովի՝ հակամարտության կարգավորման 3+2 ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը չի ընդունվել, և կրկին ծագում է բանավեճի թեմաներին վերաբերող հարցը, որը վարել են Մամեդյարովը և Մնացականյանը Բրատիսլավայում գրեթե չորս ժամ: Զարմանալին այն է, որ Բաքուն և Երևանը, կարծես թե խոսքով հավանություն տալով Լավրովի առաջարկած նախաձեռնությանը, փաստացի նրա «քթից բռնած ման են ածում»: Տարբեր պատճառներով և տարբեր նպատակներով նրանք սոսկ բանակցությունների իմիտացիա են ստեղծում՝ կարևոր որոշումները թողնելով «հետո»-ին»:
Նման իրավիճակը չեզոքացնելու համար Մոսկվան պետք է շարունակի սկսած բաց խաղը՝ չզգուշանալով բանակցային գործընթացի մանրամասները բացելուց, խոսի որոշակի և առանց ընդհանուր բնույթի արտահայտությունների: Այլապես նրա դիրքորոշումը քաղաքական մանիպուլյացիաների առարկա կդառնա: Բավական է հիշել, թե ժամանակին ինչքան ճիգ ու ջանք գործադրեցին Բաքվում՝ հայտարարելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ-որ «Լավրովի պլանի» գոյության մասին, ինչը ստիպված եղավ հրապարակավ հերքել ինքը՝ Ռուսաստանի նախարարը: Այժմ ստացվում է, որ Մոսկվայի՝ հակամարտող կողմերին օգնելու ձգտումները, որպեսզի հավասարակշռված քաղաքական լուծում գտնեն, որը հնարավորություն կտա անցնելու իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթի պատրաստմանը, արգելափակվում է միաժամանակ Բաքվի և Երևանի կողմից: Իսկ դա Ռուսաստանի ինչի՞ն է պետք:
Ստանիսլավ Տարասով
5 դեկտեմբերի 2019 թ.
Աղբյուրը՝ REGNUM