«Ստատուս քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ». ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը
«Բրատիսլավայում նախարարների խորհրդի շրջանակներում կայացած հանդիպման կապակցությամբ մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուան, ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլ Ռիքեր) շարունակում ենք հաստատակամորեն հավատարիմ մնալ միջնորդությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են գնահատում շփման գծում և միջպետական սահմանին բռնության հարաբերական ցածր մակարդակը և շնորհակալություն են հայտնում կողմերին լարվածության սրման վտանգը նվազեցնելու նպատակով անմիջական կապի ուղիները լիարժեք օգտագործելու համար, ինչպես ԱԳ նախարարները պայմանավորվել էին հունիսին Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների ժամանակ:
Մենք ողջունում ենք անցյալ տարվա ընթացքում ձեռնարկված որոշակի քայլերը լարվածության նվազեցման և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար, ինչպես կոչ էին արել համանախագահող երկրները 2018 թ. դեկտեմբերին հրապարակված միլանյան հայտարարությամբ և ինչպես նախարարները պայմանավորվել էին Փարիզում 2019 թ. հունվարին: Մենք ողջունում ենք մարդասիրական միջոցառումներ իրականացնելու ջանքերը, որոնք քննարկել են երկրների ղեկավարները մարտին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ և ապրիլին Մոսկվայում մշակել են արտաքին գործերի նախարարները, մասնավորապես՝ վերջերս տեղի ունեցած լրագրողների փոխադարձ այցերը և բանտարկյալների համաժամանակյա ազատ արձակումը հունիսի 28-ին: Նշելով, որ նման ջանքերը կարևոր դեր են խաղում խաղաղ լուծում գտնելուն ուղղված առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման հարցում, պատվիրակությունների երեք ղեկավարները կոչ են անում մարդասիրական և անվտանգության լրացուցիչ գործնական միջոցներ ձեռնարկել:
Պատվիրակությունների ղեկավարները համառորեն կոչ են անում կողմերին անհապաղ որոշակի քայլեր ձեռնարկել մարդասիրական և անվտանգության միջոցների վերաբերյալ նախկինում ձեռք բերված համաձայնություններն իրականացնելու համար: Նկատի ունենալով զոհվածների սոսկալի մարդկային տառապանքները՝ մենք կոչ ենք անում կողմերին կրկնապատկել ջանքերը՝ աջակցելու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին անհետ կորած մարդկանց մասին տեղեկությունները փոխանակելու հարցում, ինչպես երկու երկրների ղեկավարները պայմանավորվել էին Փարիզում 2014 թ. հոկտեմբերին կայացած գագաթնաժողովում: Գնահատելով գործող նախագահի անձնական ներկայացուցչի շոշափելի ավանդը հրադադարի պահպանման հարցում՝ մենք ընդգծում ենք անձնական ներկայացուցչի մշտադիտարկման առաքելությունն ընդլայնելու շուրջ քննարկումների վերսկսման կարևորությունը, որի վերաբերյալ կողմերը համաձայնություն են ձեռք բերել 2016 թ.:
Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ 2020 թ. սկզբին համանախագահների հովանու ներքո կրկին հանդիպելու մտադրությունը, որպեսզի ավելի գործուն դարձնեն խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների շուրջ բանակցությունները և նպաստեն հետագա ամենաբարձր մակարդակով բանակցությունների անցկացմանը: Պատվիրակությունների ղեկավարները վերստին հայտարարում են, որ արդար և կայուն կարգավորումը պետք է հիմնված լինի, մասնավորապես, ուժ չգործադրելու կամ ուժ գործադրելու սպառնալիք չկիրառելու, տարածքային ամբողջականության, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման ու հավասար իրավունքների վերաբերյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ հղում անելով համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների 2009 թ. Աթենքում կայացած Նախարարների խորհրդի նիստում արած համատեղ հայտարարությանը, որին այնուհետև հավանություն է տվել ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը: Այն պետք է ներառի նաև լրացուցիչ տարրեր, որոնք առաջարկել են համանախագահող երկրների նախագահները 2009-2012 թթ.:
Պատվիրակությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծում են, որ ստատուս քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Ուստի կոչ ենք անում կողմերին բարեխիղճ առարկայական բանակցություններ վարել՝ առանց արհեստական ձգձգումների կամ պայմանների:
Պատվիրակությունների ղեկավարները համոզմունք են հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը մնում է որպես կայուն կարգավորման հասնելու ջանքերի անփոխարինելի հենակետ:
Կոչ ենք անում կողմերին համագործակցել միմյանց և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնց մենք կհանձնարարենք շարունակել միջնորդական ջանքերը»: