Հայերեն   English   Русский  

Աղետի գոտու առումով էլ 2020թ. բյուջեն հեղափոխական է, Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 64

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից:

«Քանի որ վաղը դեկտեմբերի 7-ն է` 1988թ. աղետալի երկրաշարժի տարելիցը, ուզում եմ ասել, որ աղետի գոտու առումով էլ 2020թ. բյուջեն հեղափոխական է, որովհետև հաջորդ տարվա բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրներին՝ 3 մլրդ դրամ: Տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների գումար չի տրամադրվել, և մենք սրանով 2020թ. լուծում ենք բոլոր այն քաղաքացիների հարցերը, ում նկատմամբ ՀՀ ունեցած պարտավորությունը դե յուրե արձանագրված է: Սա նշանակում է, որ աղետի գոտու վերականգնման գործընթացում նոր փուլ է սկսվում, որը պետք է իրագործվի բոլորովին ուրիշ տրամաբանությամբ, և այդ փուլի իմաստն, այսպես ասած, սոցիալական արտակարգ իրավիճակի տրամաբանությունը վերափոխելն է զարգացման տրամաբանությամբ: Մենք պետք է աղետի գոտում արդեն խոսենք ոչ թե ուղղակի սոցիալական հրատապ խնդիրներ լուծելու, այլև զարգացման երկարատև տեսլականներ և ռազմավարություններ իրագործելու համար, և որպես այս խնդրի ամենատեսանելի ցուցիչ, ես ուզում եմ ձևակերպել հրամայականը՝ Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ սա չի նշանակում, թե տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, բայց չի էլ նշանակում, որ ոչ մեկի նկատմամբ չի կարող չունենալ պարտավորություն:

«Մենք ամեն տնակի պատմությունն արդեն իսկ ձևավորել ենք, և ամեն տնակի նկատմամբ կլինի անհատական մոտեցում, բայց դա այսօր Գյումրիի՝ որպես տնտեսապես և քաղաքաշինական առումով զարգացած քաղաքի, պոտենցիալը խոչընդոտող թիվ մեկ գործոնն է»,- նշեց նա:

ՀՀ վարչապետը հավելեց նաև, որ 2020թ. բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումների արդյունքում շարունակում է մնալ այն տեսակետին, որ հաջորդ տարվա բյուջեն հեղափոխական է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: