Հայերեն   English   Русский  

Երևանը պատրաստվում է Ամանորին. միջգերատեսչական քննարկում՝ քաղաքապետարանում


  
դիտումներ: 98

Ամանորն ու Սուրբ Ծնունդը Երևանում դիմավորել ցանկացողներին սպասում է հետաքրքիր ծրագիր, որը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է կառավարության աջակցությամբ։ Արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները:

Տոնական գլխավոր միջոցառումների կազմակեպման ու անցկացման, քաղաքի ձևավորման և տեխնիկական մի շարք այլ հարցերի շուրջ քաղաքապետարանում հրավիրվել է աշխատանքային քննարկում: Հանդիպումը վարել են քաղաքապետի տեղակալներ Տիգրան Վիրաբյանն ու Սերգեյ Հարությունյանը: Քննարկմանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

«Գիտեք, որ այս տարի պետական բյուջեից բավական միջոցներ են հատկացվել Ամանորի միջոցառումների կազմակերպման համար: Սպասվում է հետաքրքիր ծրագիր: Այս օրերին ակտիվ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, որոնք պետք է ժամանակին ավարտենք: Այս տարի սպասվում է նաև զբոսաշրջիկների զգալի հոսք»,-նշել է Տիգրան Վիրաբյանը:

Հաշվի առնելով, որ հիմնական միջոցառումները կլինեն Հանրապետության հրապարակում, քննարկվել են դեպի տոնածառ տանող կամրջի, սուրբծննդյան տոնավաճառի տաղավարների, շատրվանների հատվածում նոր ձևավորումների տեղադրման և անհրաժեշտ կոմունիկացիաների ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր: Կամրջի մոնտաժման ընթացքում կլինեն երթևեկության որոշակի փոփոխություններ, որի մասին հանրությունը լրացուցիչ կիրազեկվի:

«Միջոցառումներն այս տարի իրենց ձևաչափով լինելու են աննախադեպ: Սա բավական մեծ և պատասխանատու գործ է: Ծրագիրն իրականացվելու է մի շարք գերատեսչությունների համատեղ ուժերով: Այստեղ մեծ անելիք ունենք նաև մասնավոր հատվածի հետ»,- ընդգծել է Սերգեյ Հարությունյանը:

Միջոցառումների օրերին համապատասխան հատվածներում ոստիկանության, շտապբուժօգնության և համապատասխան այլ ծառայությունները կսահմանեն հերթապահություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: