Հայերեն   English   Русский  

​Կոնչիտան երգել է Վիեննայի մայր տաճարում


  
դիտումներ: 676

Վիեննայի կաթոլիկ արքեպիսկոպոս կարդինալ Քրիստոֆ Շենբորնը Սուրբ Ստեֆան մայր տաճարում օրհնել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համերգը: Ելույթ ունեցողների շարքում է եղել այն երգիչը, որը հայտնի է Կոնչիտա Վուրստ անվամբ:

Ինչպես տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով ամերիկյան LifeSite պարբերականին, բարեգործական համերգը, որ տրվում է արդեն երրորդ տարին, կազմակերպել է LIFE+ ասոցիացիան: Ավստրիացի կատարող Թոմաս Նոյվիրտը (նույն ինքը Կոնչիտա Վուրստը) հանդես է եկել սրբավայրում երկու սեռերի պատանիների ուղեկցությամբ:

Համերգի կազմակերպիչները երախտագիտություն են հայտնել կարդինալ Շենբորնին նրա ներկայության և միջոցառումը XIV դարի տաճարում անցկացնելու թույլտվության համար: Կարդինալն իր հերթին, ինչպես ասվում է պարբերականի հաղորդման մեջ, շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին նրանց «մեծ սրտի» համար:

Համերգի ժամանակ տաճարի մոտ աղոթում էին մի խումբ կաթոլիկներ երիտասարդ ավտստրիացի Ալեքսանդր Ցուգգելի գլխավորությամբ, որը ճանաչում է ձեռք բերել այս տարվա հոկտեմբերին հեթանոսական Պաչամամա կուռքի արձանը Տիբր գետը նետելուց հետո: Արձանը տեղադրված էր Հռոմի տաճարներից մեկում Ֆրանցիսկոս պապի օրհնությամբ:

ԱՄՆ-ում պապի նախկին նվիրակ Կառլո Մարիա Վիգանոն դատապարտել է այն երևույթը, որ Վիեննայի տաճարի պատերից ներս թույլ են տվել բացահայտ ԼԳԲՏ ներկայացուցիչների միջոցառման անցկացումը և դա որակել է որպես ևս մի «սրբապիղծ սադրանք»: Նա նաև նամակով համերաշխություն է հայտնել այն կաթոլիկներին, որոնք աղոթում էին տաճարի մոտ ի նշան բողոքի տաճարի պատերից ներս տեղի ունեցողի դեմ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: