ՊՆ-ն դիզվառելիքի մատակարարաման պայմանագիր է կնքել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածուի ընկերության հետ. hetq.am
Կայքի աղբյուրները նաև վստահեցրել էին, որ գործարքի «գլխին կանգնած էր «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանը։
Իսկ hetq.am կայքն այսօր փաստեր է ներկայացնում, որոնք հաստատում են 168.am-ի աղբյուրների պնդումները: Ըստ այդմ` «այս տարվա սեպտեմբերի 18-ին ՊՆ-ը 2 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Գազօիլ» ընկերության հետ: Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի հունիսի 28-ին, այդ պայմանագրի կնքումից երկուսուկես ամիս առաջ: Պայմանագրով «Գազօիլը» հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՊՆ-ին պետք է մատակարարի 4779 տոննա դիզելային վառելիք։ Որպես մատակարար՝ ընկերությունն ընտրվել է հրատապ բաց մրցույթով»:
«Գազօիլ» ընկերության միակ սեփականատերը ազգությամբ եզդի, 27-ամյա Մամե Ամիրյանն է։ Սակայն, ըստ 168.am-ի, ընկերության իրական սեփականատերը 2018թ. խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզից «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանն է։