Հայերեն   English   Русский  

Երկու արձան, երկու վերաբերմունք․ Ֆիրդուսի և Գրիբոյեդով


Վահան Իշխանյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 693

Լրագրող Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Էդիկ Միրզայանը՝ իրանահայ բանաստեղծ, թարգմանիչ, թարգմանել էր Հաֆըզ ու այլ պարսիկ բանաստեղծներ։ Հաֆըզից մի քանի շարք հրապարակվեց ինչ-որ թերթերում։

Հիացել էի թարգմանություններով, Հաֆըզին առաջին անգամ ընկալեցի Միրզայանի թարգմանությամբ։ Միրզայանը գրականությամբ տարված, Հայաստանի միջավայրին անծանոթ մտավորական էր, ու փորձեցի օգնել, որ գիրք հրատարակի։ «Գարուն» ամսագիրը «Ապոլոն» հրատարկչություն էր բացել, թարգմանական գրքեր էր հրատարակում, գնացի հրատարակչի՝ Հակոբ Մովսեսի մոտ, առաջարկեցի «Ապոլոն»-ով Միրզայանի թարգմանությամբ Հաֆըզը հրատարակել։ Հակոբը սկի չվերցրեց էլ ձեռքը թարգամանությունը, ասեց՝ մենք եվրոպակենտրոն ենք, միայն եվրոպական գրականություն ենք հրատարում։ Ասեցի՝ բա Գյոթեն աշխարհի լավագույն բանաստեղծների մեջ Հաֆըզի, Օմար Խայամի ու մյուս պարսիկ բանաստեղծներին է թվարկում։ Հակոբը ժպտաց որպես խոսակցության վերջակետ։

Էդիկ Միրզայանը պատմում էր՝ Իրանի հեղափոխության ժամանակ ամբոխը հարձակվում էր Ֆիրդուսու արձանի վրա, որ տապալի, և ինքը իր համախոհ գրողների հետ արձանի շուրջ շղթա էին կազմել, որ թույլ չտան։ Կարծեմ, այդպես փրկել էին արձանը։ Միրզայանը ընտանիքով, կարծեմ, երեք երեխա ուներ, տեղափոխվել էր Հայաստան, ոգևորությամբ պատմում էր գրական ծրագրերի մասին։

Մեկ էլ մի օր կինը զանգեց, ասաց, որ Էդիկը մահացել է, ինչպե՞ս. տղան բակում խաղալիս վեճի մեջ է բռնվել տղաների հետ, Էդիկը իջել է՝ հաշտեցնի, մյուս տղայի հայրն ու հարազատները եկել, Էդիկին էնպես են ծեծել, որ մի օր անց մահացել էր։

Էդիկին հիշեցի Գրիբոյեդովի արձանը պղծելու կապակցությամբ, որ փրկել էր Ֆիրդուսու արձանը։

Գրիբոյեդովի անունը լսելիս առաջին հերթին մտքիս է գալիս նրա հրաշալի պիեսը՝ «Խելքից պատուհասը», որ առաջին անգամ բեմադրվել է Երևանում 1927-ին։

Իսկ Գրիբոյեդովին սպանել են Պարսկաստանում խանի հրահրումով, 1929-ին ամբոխը հարձակվել է ռուսական դեսպանատան վրա և սպանել 54 հոգու։

Վիոլետ Գրիգորյանը ասում է․ «Ես իրանահայ եմ ու գիտեմ, պարսկերեն կարդացել եմ, թե ինչպես են հարձակվել ու հոշոտել ոչ միայն Գրիբոյեդովին, այլ մնացած բոլորին՝ գումարած վրացի ու հայ կանանց, ում Գրիբոյեդովը ազատել էր տվել Թավրիզի խանի հարեմից ու ռուսական դեսպանատանը ապաստան տվել։ Խանի ու մոլլայի քարոզից գրգռված ամբոխը Գրիբոյեդովին ու դեսպանատան աշխատողներին բզկտելուց հետո էդ կանանց մերկացրել ու փողոցներով քաշ ա տվել, մինչև քրրքվեն»։

Գրիբոյեդովի արձանի վրա հարձակումը բացահայտում է հայկական ռուսաֆոբիայի անինտելեկտուալ ու զառանցական էությունը։

Այսուհանդերձ, պազվում է, որ ռուսաֆոբիան այնպես է մթնեցրել հայ հասարակությանը, որ բազմաթիվ մտավորականներ, նաև դասախոսներ, մարդիկ, ովքեր սերունդ կրթելու առաքելություն են ստանձնել, արդարացնում են Գրիբոյեդովի արձանը ներկելը, նույնիսկ փառաբանում ներկ շպրտողին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: