Հայերեն   English   Русский  

Օրենսդրական նախաձեռնության արդյունքում ունենալու ենք բանակը կազմալուծելու և պետությունը քայքայելու շատ պարզ մոտիվացիա․ Սամվել Շահինյան


  
դիտումներ: 910

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորակոչային տարիքի բոլոր երիտասարդներին, այդ թվում և արտերկրում ապրողներին, կոչ է անում բանակում ծառայել, ինչպես իր որդին է ծառայում, և կատարել պարքտը հայրենիքի առջև, նրա կուսակցությունը ներկայացնող պատգամավորը՝ Հայկ Սարգսյանը, օրինագիծ է մշակում, որով առաջարկում է բանակում ծառայությունը փոխարինել 10 մլն դրամով։ Ըստ այդ նախագծի՝ բոլոր նրանք,ովքեր 10 մլն դրամ կվճարեն պետբյուջե, կկարողանան ծառայել արագացված կարգով՝ ընդամենը մեկ ամիս։

«Հաշվի առնելով, որ 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափողները, ովքեր հիմնականում տիրապետում են մեծածավալ դրամական միջոցների, միևնույնն է, խուսափում են ծառայությունից՝ մեծ մասամբ արտագաղթելով և իրենց հետ տանելով իրենց ընտանիքի անդամներին և ֆինանսական միջոցները, կարծում եմ, որ պետք է տալ այլընտրանքային ծառայության հնարավորություն, ինչի արդյունքում կկասեցվի այդ քաղաքացիների շրջանում արտագաղթի ցանկությունը»,- որպես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախաձեռնության հիմնավորում նշում է պատգամավորը:

Պատգամավորի կարծիքով՝ օրենքի ընդունումը հնարավորություն կտա երիտասարդների ներգաղթ ապահովել Հայաստան, ամրացնել բանակը և անգամ խրախուսել առողջ ապրելակերպը։

«Նախաձեռնությունը նպատակ ունի հնարավորություն տալ արտերկրում բնակվող բազմաթիվ քաղաքացիների վերադառնալ Հայաստան՝ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն տալու միջոցով»,- ասված է օրինագծում:

Ըստ օրենքի հեղինակի՝ ծառայությունից ազատվելու համար վճարած գումարով հնարավոր կլինի ապահովել մեկ պայմանագրային զինծառայողի վարձատրությունը երկու տարվա համար, իսկ գումարի մյուս կեսով հնարավոր կլինի մարզասրահներ կառուցել զորամասերում։

«Վճարունակ մեր հայրենակիցների այս օրենքից օգտվելը, ինչպես նաև օտար երկրներից մեր հայրենակիցների վերադառնալը հնարավորություն կտա շատ արագ վերականգնել այս բացը, բոլոր զորամասերում կառուցել ժամանակակից մարզասրահներ՝ հագեցած մարզական գույքով, լոգարաններով, որոշ տեղերում նաև լողավազաններով:

Սպորտային բարձր առաջադիմություն ցույց տվող, չծխող կամ ծխելը թողած զինծառայողներին կտրամադրվի լրացուցիչ զինվորական համազգեստ, դրամական խրախուսումներ, ազատ արձակումներ և արտահերթ արձակուրդներ»,- ասված է օրինագծում:

«Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն»,- խոսելով իր օրենսդրական նախաձեռնության մասին հայտարարել է Հայկ Սարգսյանը։

Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և օրենքի առջև քաղաքացիների հավասարության սկզբունքին։

«Կասկած չունեմ, որ նպատակը, որը Հայկ Սարգսյանն իր մտքում ունեցել է, վատը չէ։ Բայց նույնը չի կարելի ասել իրականացման մասին»,- ասում է Ալավերդյանը և շեշտում, որ մեր մենթալիտետի, հասարակական հարաբերությունների պարագայում քիչ թե շատ գումար ունեցող ամեն մարդու պարտավորությունը կդառնա որդուն 10 մլն-ով բանակից ազատելը։ «Նյութական հնարավորություն ունեցող մարդկանց կասեն՝ ի՞նչ է, չունեիր այդ 10 միլիոնը, որ որդուդ ծառայության ուղարկեցիր։ Մարդիկ ամոթին զոհ գնալով վճարելու են այդ գումարը և ազատվելու են ծառայությունից » ,- ասում է Ալավերդյանը։

Լարիսա ԱլավերդյանՍ

«Օրինակ՝ Իսրայելում այդպիսի օրենք հնարավոր չէր առաջարկել, որովհետև այստեղ 50-ից ավել տարիների ընթացքում կա մշակույթ, ըստ որի չծառայած տղամարդը կամ աղջիկը, դուրս է հանրության հարգանքի դաշտից։ Մեզ մոտ, ցավոք սրտի, այդպես չէ»,- ասում է նա։

«Գտնում եմ, որ ոչ ժամանակին, ոչ էլ տեղին է նման նախաձեռնությունը։ Մենք այնպիսի վայրում չենք գտնվում, որ անվտանգությունը երկրորդական դառնա նյութականին, տվյալ դեպքում բյուջեի ավելացմանը,- ասում է նա և հավելում։- Կցանկանայի, որ այս պատգամավորը մտածեր մեկ այլ ուղղությամբ, որ կարողանար ամրացնել թե մեր բանակը և թե բյուջեն։ Դրանց ճանապարհները բոլորովին տարբեր են»:

1-ին գումարման ԳԽ պատգամավոր, Ճարտարապետության և շինարարության համալսարանի գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ Սամվել Շահինյանն այս օրենսդրական նախաձեռնությունը համարում է վտանգավոր և հակաազգային։

«Եթե մենք չենք պահպանում բոլոր քաղաքացիների իրավահավասարության սկզբունքը, և փող ունեցողը հայտնվում է բավականին հետաքրքիր կարգավիճակում, իսկ մենք գիտենք, թե ինչպես են դարձել փողատեր, դա նշանակում է ազգը տարանջատել տարբեր դասակարգերի, իսկ Սահմանադրությունում ամրագրած սոցիալական պետություն հասկացությունը հօդս է ցնդում»,- ասում է նա։

Շահինյանն ասում է, որ որպես դասախոս, որը շփվում է երիտասարդների հետ, կարող է ասել, որ բանակում ծառայած ուսանողներից երբևէ բողոքի չի լսել բանակի ու ծառայության մասին։ «Ծառայության արդյունքում մենք ունենում ենք կայացած քաղաքացիներ, որոնք արդեն վտանգները տեսել են։ Եվ եթե խաղաղ կյանքի ընթացքում երբևէ լսեն, որ հարձակում է կամ պատերազմ, սառնասիրտ վերաբերմունք են ցույց տալու։ Մինչդեռ հիմա ունենալու ենք բանակը կազմալուծելու և պետությունը քայքայելու շատ պարզ մոտիվացիա, այն է․ «Դե թող հարուստներն էլ պաշտպանեն, եթե իրենց երկիրն է»»,- ասում է Շահինյանը։

Նա շեշտում է, որ Հայաստանը բոլոր հայերի երկիրն է, որ պետության տերը ժողովուրդն է, որ հայրենիքը պաշտպանելու պարտականությունը բոլորինն է՝ անկախ սոցիալական կարգավիճակից։

«Հայրենիքը բոլորինն է։ Նվազագույնը, որ կարող են անել թե ունևորը, թե չունևորը, հայրենիքը պաշտպանելն է՝ ցանկացած բնագավառում։ Դրանցից մեկն էլ բանակն է։ Հայրենիքի պաշտպանության սահմանները շատ են՝ գիտություն, տնտեսություն, գյուղատնտեսություն, սահմանների անվտանգություն, առողջապահության և այլն»,- ասում է Շահինյանը։

Նա հարց է բարձրացնում՝ ընդունելի կլինի հանրության համար, եթե հայտարարեն, որ, օրինակ՝ գլխավոր բժիշկ կնշանակեն միայն այն մարդկանց, որոնք 10 մլն դրամ կվճարեն։ «Պարզ է, չէ, որ այսպիսով կոռուպցիայի հիմքեր ենք գցում։ Իսկ ի՞նչ տարբերություն։ Սա էլ նույն բանն է։ Ի՞նչ է նշանակում փողով տարբերակել քաղաքացիների իրավունքները։ Եթե նա հիվանդ չէ, եթե նա շարային պարտականությունները կատարելու ընդունակ է, պիտի ծառայի։ Մնացած բոլոր դեպքերում դա չափազանց վտանգավոր մոտեցում է»,- ասում է նա։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: