Հայերեն   English   Русский  

​Իրանը և ԱՄՆ-ն կալանավորների են փոխանակել


  
դիտումներ: 420

Վաշինգտոնը և Թեհրանն այսօր կալանավորների փոխանակում են արել: Միացյալ Նահանգները Թեհրանին է հանձնել իրանցի գիտնական Մասուդ Սոլեյմանիին, որին 2018 թ. հոկտեմբերին Մինեսոտա նահանգում, առանց մեղադրանք ներկայացնելու, ձերբակալել էր ՀԴԲ-ն: Իսկ Իրանը Միացյալ Նահանգներին է հանձնել ուսանող Սյուե Վանին, որը 2016 թ. ձերբակալվել էր Իրանում լրտեսության կասկածանքով:

«Ես ուրախ եմ, որ պրոֆեսոր Մասուդ Սոլեյմանին և Սուե Վանը շուտով կմիանան իրենց ընտանիքներին»,- փոխանակության կապակցությամբ ասել է իր թվիթերում Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը: Նա երախտագիտություն է հայտնել բոլորին, ովքեր այդ գործում մասնակցություն են ունեցել, հատկապես՝ Շվեյցարիայի կառավարությանը:

Զարիֆը նաև իր և Սոլեյմանիի համատեղ լուսանկարն է զետեղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական խորհրդանշով օդանավի մոտ և օդանավում: Թե որտեղ են արվել այդ լուսանկարները, Զարֆը չի նշում:

Վաշինգտոնում նույնպես արձանագրել են այդ փաստը:

«Եվս մի ամերիկացի վերադառնում է տուն: Սյուե Վանը, որ երեք տարի ազատազրկված էր Իրանում կեղծ մեղադրանքով, ազատված է և ուղևորվում է ԱՄՆ: Շուտով Վանը կմիանա կնոջն ու որդուն, որոնք այնքան կարոտել են նրան»,- գրել է իր թվիթերում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Նա նույնպես երախտապարտ է Շվեյցարիայի կառավարությանը Վանի վերադարձին աջակցելու համար: Պոնպեոն նշել է, որ Միացյալ Նահանգները չի հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ չի վերադարձնի բոլոր ամերիկացիներին, որոնք պահվում են Իրանում կամ որևէ այլ երկրում:

Թեհրանն ու Վաշինգտոնը դիվանագիտական հարաբերությունները չունեն Իրանում 1979 թ. Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր: Երկու երկրների շահերը միմյանց ներկայացնում է Շվեյցարիան:

Աղբյուրը՝ Interfax





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: