Հայերեն   English   Русский  

Վալոդյա Ֆրանգուլյան. «Ամենակարևորը՝ օլիմպիական ուղեգիր ձեռք բերելն է»


  
դիտումներ: 625

Նոյեմբերի 25-26-ը «Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էին 75 մարզիկներ։

10 քաշային կարգերում որոշվեցին Հայաստանի ուժեղագույն ըմբիշները։ 65 կգ քաշային կարգում անցկացրած բոլոր գոտեմարտերում հաղթանակներ տոնեց և չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2015թ. Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն, 2017 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Վալոդյա Ֆրանգուլյանը:

Անկախի հետ զրույցում 2019 թվականի Հայաստանի նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով, խոսում մրցակիցների և Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիր նվաճելու ցանկության մասին:

-Շնորհավորում ենք առաջնությունում հաղթողի կոչումը նվաճելու կապակցությամբ: 1 տարի առաջ վիահատության էիք ենթարկվել, ինչպե՞ս էիք Ձեզ զգում մրցագորգում՝ արդեն իսկ պայքարի մեջ:

-Շնորհակալ եմ: Սպասում էի Հայաստանի առաջնությանը, ինձ համար անչափ կարևոր էր այս ստուգատեսում ուժերս փորձարկել անմիջապես մրցագորգում: Շուրջ մեկ տարի առաջ ուսի վիրահատության էի ենթարկվել: Լրջորեն նախապատրաստվել էի մրցաշարին, ամիսներ շարունակ սպասում էի: Վիրահատությունից անցել է մեկ տարի, նկատում եմ, որ արդեն ավելի լավ եմ կարողանում մարզվել,պայքարի մեջ մտնել ու մրցել: Բացի իմ հիմնական մարզումներից, այլ ուղղվածությամբ հատուկ մարզումներ եմ անցկացնում, որոնք բավական օգտակար են:

Վալոդյա Ֆրանգուլյան 2019

Առաջնությունն ինձ համար լավ անցավ։ Ուրախ եմ, որ չեմպիոնի կոչումը նվաճեցի: Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք ոգևորում, աջակցում են ինձ, հավատում իմ հաջողություններին ու հաղթանակներին: Նրանց շնորհիվ օր օրի ավելի եմ ուժեղանում, աշխատում ինքս ինձ վրա, որպեսզի արդարացնեմ բոլորի սպասումները:

-Հետաքրքիր գոտեմարտեր անցկացրիք. առավելապես դիտարժան էր 2019 թ. Եվրոպայի Մ-23 տարեկանների չեմպիոն Վազագեն Թևանյանի հետ եզրափակիչը: Մրցակցի մասին ի՞նչ կասեք:

-Միշտ ուրախ եմ և ձգտում եմ մրցել լավ մարզիկների հետ: 65 կգ քաշային կարգում ուժեղ մարզիկներ շատ ունենք: Նրանց շարքում է նաև Վազգենը՝ երիտասարդ, հեռանկարային և մեծ ներուժով ըմբիշ, արժանի մրցակից, ինչը մոտիվացնում է, որ ավելի լավ նախապատրաստվեմ: Բոլոր մրցակիցներիս ճանաչում էի, բայց առավելապես կենտրոնացել էի նախկինում թույլ տված սխալներն ուղղելու վրա:

-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը: Առեաջիկա շրագրերից կխոսե՞ք:

-Ավելի մեծ ոգևորությամբ ու եռանդով եմ շարունակում մարզումներս: Մրցաշարից մրցաշար զգում եմ և ավելի հստակ եմ տեսնում իմ սխալներն ու առավելությունները: Աառաջնությունից հետո էլ արդեն հետևություններ եմ կատարել:

Այժմ հավաքների ենք մասնակցում, մարզիչներն էլ տեղյակ կպահեն առաջիկա ստուգատեսերի մասին: Կմասնակցեմ Եվրոպայի առաջնությունը, հետո կլինեն վարկանիշային մրցաշարեր: Ամենակարևորն օլիմպիական ուղեգիր ձեռք բերելն է, որի համար և փոխել եմ քաշային կարգս, որպեսզի կարողանամ մասնակցել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: