Հայերեն   English   Русский  

Այսուհետ վարորդների համար կգործի բալային համակարգը. օրինագիծն ընդունվեց ԱԺ նիստում


  
դիտումներ: 98

ՀՀ Ազգային ժողովն իր այսօրվա՝ դեկտեմբերի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը մշակել էր ՀՀ կառավարությունը:

Օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։

Նշենք, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: Օրենքների պաշտոնական հրապարակման օրը համարվում է դրանց ամբողջական տեքստը «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» առաջին անգամ հրատարակման օրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: