Հայերեն   English   Русский  

Ես չեմ կարող բացառել կոռուպցիոն դրսևորումները զինված ուժերում. Գաբրիել Բալայան


  
դիտումներ: 82

Ես չեմ կարող բացառել կոռուպցիոն դրսևորումները զինված ուժերում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Ես չեմ կարող բացառել այդպիսի դրսևորումները, բայց այն, որ շատ բան է փոխվել, դրան է նպաստում զինվորական ծառայության գրավչության բարձրացումը, այսինքն՝ մենք հայտարարել ենք զինակոչիկների թվերի աճ։ Ցանկացած դեպքում նոր սննդակարգը, հագուստի նոր որակը, այդ ամեն ինչը ժամանակին եթե արվեր, մենք այլ պատկեր կունենայինք, բարեփոխումները շատ ավելի արագ կգնային»,-նշեց նա։

Բալայանի խոսքով՝ հիմնական մարտահրավերը գնումների ոլորտըն է․ «Կարծում եմ՝ այսօր գոնե բողոքարկումների առումով շատ լավ իրավիճակ ունենք և ՊՆ համակարգում աշխատելիս ինքս շատ դեպքերի եմ առնչվել նույն իրային ապահովման, պարենային ապահովման հետ, դրանք եթե չեն վերացել, գոնե նվազել են, և մենք ընդունում ենք, որ շատ բան ունենք անելու և այդ ուղղությամբ աշխատում ենք»։

«Իմ քայլի» պատգամավորի թեկնածուի հետ 2,4 միլիարդ դրամի պայմանագիր կնքելու մասով Գաբրիել Բալայանն ասաց․ «Պաշտպանության նախարարությունը գործում է օրենքով, կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված իրավակարգավորումների շրջանակներում, եթե կա կոռուպցիոն գործարքի մտավախություն, ես կարծում եմ մրցույթի միակ մասնակիցը չի եղել այդ կազմակերպությունը, կարող են համապատասխան ընթացակարգերով բողոքարկել, եթե բողոքարկում չի եղել, ինչի մասին է խոսքը։ Բացի այդ ընթացակարգի վրա հսկողություն կա մի քանի մարմինների կողմից, բայց ոչ մի մարմին մեզ այդ մասին չի բարձրաձայնել»։

Նա նաև շեշտում է՝ բոլոր ընթացակարգերը պահպանված են, ուղղորդվածության խնդիր չկա․ «Ուղղակիորեն կարող եմ ասել, որ ուղղորդվածություն չկա, որովհետև գիտեմ՝ ինչպես է կազմակերպվում, մեծ գումարի մասով պատկերացնելով, թե ինչ ուշադրության կենտրոնում է լինելու, բոլոր ընթացակարգերը պահպանված են»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: