Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 357

Սա ամենադրամատիկ շաբաթներից էր, և գագաթնակետը թերևս չորեքշաբթին էր, երբ նույնիսկ ամենասառնասիրտների նյարդերը տեղի էին տալիս:

Ալիևի երկար սպասված պատասխանը և Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը, որ նույնպես վաղուց էր սպասվում

Ինչպես գիտենք, գործող իշխանությունների մեկուկես տարվա վարած արտաքին քաղաքականությունը Արցախի խնդրի կարգավորման ոլորտում հանգել էր հետևյալ կետին: Մեր վարչապետը հայտարարել էր, որ լուծումը պետք է լինի այնպիսին, որ բավարարի և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի ժողովրդին: Բայց թե որն է այդ լուծումը, բնականաբար չէր ասում, քանի որ չգիտեր: Եվ դա, ըստ իրեն, կարևոր չէ, կարևոր է այն, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նման բանաձև առաջարկող առաջին ղեկավարն է: Առաջին և հուսանք՝ վերջին:

Ահա անցած ամիսների նրա ելույթների (մանավանդ արտասահմանյան՝ Սփյուռքի և միջազգային հանրության ականջի համար) հիմնական լեյտմոտիվը սա էր: Ընդ որում, նա ամեն անգամ աղերսում էր՝ ինքն արդեն ասել է դա և հիմա նույնը սպասում է Ադրբեջանի նախագահից: Եվ վերջապես հնչեց Ալիևի երկար սպասված պատասխանը:

Չորեքշաբթի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում հանդիպելու էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։ Դրանից հետո նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, իսկ դրա արդյունքներով՝ հնգակողմ (2+3) հայտարարություն, որի առնչությամբ մի օր առաջ Բաքվում հույս էր հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Եվ ահա հանդիպումից ընդամենը 3-4 ժամ առաջ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որում փաստացի շարադրված էր ԼՂ հարցի կարգավորման այն լուծումը, ինչն ընդունելի է Ադրբեջանի, այսինքն՝ Ադրբեջանի ժողովրդի համար, ընդ որում՝ քայլերի որոշակի հաջորդականությամբ:

Փաստաթղթում ասվում էր, որ առաջին քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ «օկուպացված» տարածքներից հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը, որին պետք է հետևի «ադրբեջանական բռնի տեղահանված ազգաբնակչության վերադարձն անվտանգության բոլոր միջոցառումների կիրառմամբ», հաջորդ փուլում Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան, և այդ կարգավիճակը պետք է ապահովի տարածաշրջանի հայ և ադրբեջանցի համայնքների խաղաղ համակեցությունը, պետք է երաշխավորի մարդու իրավունքների ու ազատությունների լրիվ իրացումը հավասար ու ոչ խտրական հիմքերի վրա:

Սա փաստորեն Բրատիսլավայում համատեղ հայտարարություն ստորագրելու Ադրբեջանի պայմանն էր, որ նման էր ապտակի նախ Հայաստանին՝ ի պատասխան վարչապետ Փաշինյանի հայտարարություններին և Սերգեյ Լավրովին՝ ի պատասխան նրա միջնորդական սիրախաղերին:

Հարց էր ծագում՝ հնարավո՞ր է սրանից հետո բանակցությունը Բրատիսլավայում, ուրեմն ինչի՞ շուրջ պիտի բանակցեին այս հայտարարությունից հետո, որը վերջնագրի բնույթ ուներ: Հայկական կողմը (ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյան), իհարկե, Բաքվի տարածած փաստաթուղթը մեկնաբանեց որպես «բանակցություններից առավելապաշտ դիրքորոշումներով խուսանավում» և «թուլության նշան»: Ուստի հանդիպումը տեղի ունեցավ: Թե ինչի մասին են խոսել կողմերը, մնաց փակ դռների հետևում, հայտնի դարձավ միայն, որ հայկական կողմը կրկին առաջ է քաշել բանակցություններին Արցախի իշխանության ուղիղ նեգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ: Բացի այդ, Հայաստանը մերժեց պատանդների «բոլորը բոլորի դիմաց», այսինքն՝ Հայաստանի խաղաղ բնակիչներին Ադրբեջանի դիվերսանտներով փոխանակության սկզբունքը:

Իսկ ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովում վերջապես Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի շուրթերից հնչեց այն, ինչը չէր հնչում նոր իշխանության գալուց ի վեր, մի բան, որ հունից հանում էր հայ հանրության մեծ մասին: Զոհրաբ Մնացականյանը մի քանի կետերով ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը: Նա նախևառաջ նշեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, իսկ խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքն է։

Հնգակողմ հայտարարություն այսպիսով չստորագրվեց, բայց հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում դարձյալ շեշտվեց ազգերի ինքնորոշման իրավունքը, բացի այդ, հատուկ նշվեց այն պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, որոնք ձեռք են բերվել մինչ այս, և կոչ արվեց երկու կողմերին արհեստականորեն չձգձգել բանակցությունները և դրանք վարել առարկայական հարցերի քննարկման հունով:

Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո տեղի ունեցած այս զարգացումները ինչ-որ չափով թուլացրին այն լարումը, որ առաջացել էր հանդիպումից առաջ Բաքվի տարածած փաստաթղթի հետևանքով: Սակայն չթուլացավ օր օրի ավելի ու ավելի ամրապնդվող այն կարծիքը, որ ներկա իշխանությունների օրոք հայկական կողմը, որ հակամարտության ռազմական ճապարհով լուծման դեպքում, այն է՝ Ադրբեջանի պարտադրած 1991-1994 թթ. պատերազմի և 2016 թ. ներխուժման հաղթող կողմն է, այժմ խաղաղ բանակցություններում հանդես է գալիս թույլի դիրքերից և չի կարողանում ամրագրել իր առավելությունները: Համենայն դեպս, ինչպես ասում են, օդից կախված մի հռետորական հարց կա՝ մի՞թե պետք է Բաքուն իր հանրահայտ կոշտ դիրքրոշումը ներկայացներ, որ հայկական կողմը նոր միայն, «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» սեթևեթանքներից առաջ և հետո հիշեցներ Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը:

Ուշագրավն այն է, որ լրատվամիջոցները ողողված էին այս իրողությունների արձագանքներով, առանձին շրջանակներ ուշի-ուշով հետևում էին, թե ինչ է կատարվում Բրատիսլավայում, մեկնաբանություններով էին հանդես գալիս, բացի Հայաստանի Ազգային ժողովից, որտեղ կրքեր էին բորբոքվում, սակայն միանգամայն ուրիշ հոգսերով (օրինակ՝ Սահմանադրական դատարանի դատավորներին օրենքի ուժ ստացած «կաշառքով» ասպարեզից հեռացնելու): Միայն մի հարց ուղղվեց Նիկոլ Փաշինյանին, թե ինչու Երևանը պաշտոնապես չի արձագանքում Բաքվի փաստաթղթին: Եվ Նիկոլ Փաշինյանը փաստացի պատասխան չտվեց, որևէ կերպ չորակեց դրանում շարադրված մոտեցումները և խոսեց ինչ-որ «ամպլիտուդի» և «մեծադղորդ նախադասությունների» մասին, որոնց չարժի ուշադրություն դարձնել:

Եվ «զարմանալի» զուգադիպությամբ, երբ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր այս հարցին, Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Ըստ մեղադրանքի՝ պետության նախկին ղեկավարը ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքի արդյունքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպել է պաշտոնատար անձանց կողմից պետությունից մոտ 500 միլիոն դրամի հափշտակություն: Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը: Լուր տարածվեց, որ նախկին նախագահի դեմ ցուցմունք է տվել նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը իրեն չկալանավորելու խոստման դիմաց։ Ե՛վ Սերժ Սարգսյանի պաշտպանը, և՛ ՀՀԿ-ն հայտարարություն արեցին այն մասին, որ քրեական գործը շինծու է և զուտ քաղաքական նպատակ է հետապնդում:

Այն, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ է պատրաստվում, հայտնի էր դեռ մի քանի ամիս առաջ: Ակնհայտ էր, որ մեղադրանքի առաջադրումը պահվում է հարմար պահի համար: Ըստ երևույթին այդ հարմար պահը հիմա էր՝ բրատիսլավյան իրադարձությունների առաջացրած լարման իրավիճակում: Եվ ըստ երևույթին նպատակ կար հերթական աղմկոտ քրեական գործով շեղել հանրության ուշադրությունը երկրի համար շատ ավելի կարևոր հարցից: Բայց աղմուկը չստացվեց: Հետևաբար ներկայիս իշխանությունների համար պիտի որ ակնհայտ լինի, որ «կոռուպցիայի կախարդական փայտիկն» այլևս չի գործում և «ասֆալտներին փռելու», «պատերին ծեփելու», «պինցետներով քաշելու», «վզներից բռնելու», «թաթիկները կտրելու» կարգի սպառնալիքները ոչ ոքի վրա այլևս տպավորություն չեն թողնում:

«Իմ քայլի» ինքնասնանկացման վճռական քայլը

Երեքշաբթի թեժ իրավիճակ ստեղծվեց նախարարությունների շենքի մոտ։ Այստեղ հավաքված ուսանողները՝ Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամները, որ արդեն երկար ժամանակ ցույցեր են անում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ և պահանջում նրա հրաժարականը, այդ օրը ցանկանում էին հանդիպել նախարարի հետ: Ճեղքելով ոստիկանների դիմադրությունը՝ նրանք նախարարության շենք մտան, բախումներ սկսվեցին, նրանց ուժով դուրս մղեցին:

Այնուհետև երիտասարդ դաշնակցականները նստեցին նախարարության դիմաց և հայտարարեցին, որ ընթերցանության «փերֆորմանս» են անցկացնում և ընթերցեցին Սահմանադրության հոդվածները։ Երբ ոստիկանները պահանջում էին ազատել նախարարության մուտքը, ցուցարարները հարց տվեցին՝ ինչու նրանք չէին միջամտում, երբ դատարանների մուտքներն էին փակվում։ Իրավապահների սահմանած 5 րոպե վերջնաժամկետից հետո ոստիկանները, որոնք մի քանի անգամ ավելի շատ էին ցուցարարներից, ուժով փորձեցին հեռացնել նրանց։ Նախարարության մուտքի մոտից հեռացված ցուցարարները փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը, որտեղից արդեն ոստիկաններն ուժով բերման ենթարկեցին նրանց: Իհարկե, հետագայում նրանք ազատ արձակվեցին մի խումբ պատգամավորների և իրավապաշտպանների միջնորդությամբ:

Բայց այդ օրն արձանագրվեց մի կարևոր իրողություն. այն ինչ թույլատրված ու գովելի էր իմքայլականների դեպքում, երբ նրանք 2018 թ. ապրիլին ներխուժում էին համալսարան և ուսանողությանը դուրս կանչում իրենց պայքարին միանալու համար, թույլատրելի չէ ներկայիս ուսանողների համար, և այն ինչ թույլատրելի էր վարչապետ Փաշինյանի կոչով դատարանների դռները փակողներին, դարձյալ թույլատրելի չէ ներկայիս ուսանողների համար, որոնք պայքարում են, որ հայոց լեզվի, գրականության ու պատմության առարկաներն առաջվա պես պարտադիր լինեն բուհերում: Ընդամենը: Եվ այժմ նախկին սիրո և հադուրժողականության կոչերով «թավշա հեղափոխականները» պատրաստ են խաղաղ ու անզեն ուսանողների դիմաց ոստիկանության ամբողջ ստորաբաժանումներ հանել և բանտերը նետել նրանց:

Այս ամենից մի եզրակացություն միայն կարելի է անել, որ ներկայիս հեղափոխական իշխանությունների «դուխից» մնացել է միայն ուժի կիրառումը սեփական ժողովրդի դեմ և նախկին իշխանավորներին բանտերում պատանդ պահելը՝ նույն ժողովրդի դեմ ուժ կիրառելու մեղադրանքով:

Այլ իրադարձություններ

Երկուշաբթի Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում սպանվեց 21-ամյա Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ 20- տարեկան Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվեց:

Երևանի քաղաքապետի հրամանով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար նշանակվեց ՀԱԿ-ի հերթական կադրը՝ Ավետ Պողոսյանը, որ ՀԱԿ-ի վարչության անդամ էր, սակայն այժմ ներկայանում է որպես անկուսակցական:

Դատավոր Դանիբեկյանը արձակուրդ գնաց և հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 9-ին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորման որոշում կայացրեց նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի վերաբերյալ, որն այժմ գտնվում է Մոսկվայում:

Ազգային անվտանգության ծառայությունը առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալեց ԿԳՍՄ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին, նրա վարորդին և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին: Գևորգ Լռեցյանը կոռուպցիայի դեմ ամենաակտիվ պայքարող իմքայլականներից է:

Իսկ Երևանի ավագանու նիստում դեռ նվիրաբերված «Կամազների» շուրջ աղմուկը չմարած՝ այժմ էլ ամանորյա անհարկի ուռճացված մեծ ծախսերի հարցը բարձրացվեց, որով կարելի էր, օրինակ, մի քանի տասնակ շենքերի վերելակների հարցը լուծել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: