Հայերեն   English   Русский  

Հանրությանը ներկայացվեցին Ազնավուրին և Ավրորային նվիրված կոմիքս գրքերը


  
դիտումներ: 255

Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին և Ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանին նվիրված մանկական կոմիքս գրքերը ներկայացվեցին հանրությանը: Դետեմբերի 8-ին տեղի ունեցավ «Շառլ» և «Ավրորա» գրքերի շնորհանդեսը:

Իրադարձությունն իրենց ներկայությամբ պատվեցին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը և «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը:

«Մենք բացահայտել ենք HY Pictures-ի այս նախաձեռնությունը դեռևս մեկ տարի առաջ՝ Դիլիջանում ընթացող ամանորյա տոնավաճառի ընթացքում։ Նախորդ տարի մենք ձեռք բերեցինք այդ ժամանակ հասանելի երկու գրքույկները՝ Լուսինե Զաքարյանի և Վիկտոր Համբարձումյանի մասին պատմող: Շատ ուրախ ենք, որ հրատարակչատունը զարգացրել է նախաձեռնությունն ու հրատարակել նաև Շառլ Ազնավուրի և Ավրորա Մարդիգանյանի մասին պատմող գրքույկները։ Մեր որդին, որ մեկ ու կես տարեկան է, կկարողանա շուտով ծանոթանալ իր պապիկի անցած ուղուն նաև այս գունեղ գրքի շնորհիվ»,-ընդգծեց «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը:

«Կարծում եմ՝ երեխաների համար շատ կարևոր է դեռ վաղ տարիքում ունենալ ոգեշնչող օրինակներ՝ հերոսներ, որոնց անցած ճանապարհը, կամքն ու հաջողությունները կարող են ճիշտ ուղենիշ լինել։ Գրքույկներում ներկայացված բոլոր այս մարդիկ նման օրինակներ են։ Շառլ Ազնավուրի կյանքի պատմությունն էլ երեխաներին թույլ կտա տեսնել ու հավատալ, որ ամուր կամքը, տաղանդը, աշխատասիրությունն ու երազանքին հետևելու մեծ ցանկությունը բերում են դրա իրագործման։ «Ազնավուր» հիմնադրամի առաքելությունն է պահպանել ու տարածել Շառլ Ազնավուրի մշակութային ու հումանիստական ժառանգությունը, ուստի նման նախաձեռնություններն ուղղակիորեն նպաստում են այդ առաքելության իրագործմանը։ Մեզ դուր են գալիս գրքույկի նկարազարդումներն ու բովանդակությունը, և նախատեսում ենք համագործակցել գրքույկը ստեղծող թիմի հետ՝ այն հասանելի դարձնելով նաև այլ երկրների մանուկների համար, որպեսզի Շառլ Ազնավուրի կյանքի պատմությունը ոգեշնչի հնարավորինս մեծ թվով երեխաների ամբողջ աշխարհում»,-ասաց «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը:

«Շառլ» փոքրիկ գիրքը պատմում է ֆրանսահայ անվանի արտիստ Շառլ Ազնավուրի մասին։ Այս գրքի գաղափարը ծնվեց դեռ նախորդ տարի, երբ Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները Դիլիջանի ձմեռային տոնավաճառում ծանոթացան «Իմ փոքրիկ գիրքը» շարքի առաջին գրքերին։ Հանդիպումից ու նրանց արձագանքից ոգեշնչված՝ հայաստանյան կոմիքս արտադրող «Էյջ Ուայ փիքչըրս» ընկերության թիմը շուրջ մեկ տարի աշխատեց այս գրքի վրա և՝ համագործակցելով «Ազնավուր» հիմնադրամի հետ, ունեցավ ցանկալի արդյունք։ Գրքում պատկերված են դրվագներ երգչի մանկությունից. այն մասին, թե ինչպես նա ընդունվեց մանկապատանեկան թատրոն, ինչպես նաև տեսարաններ ֆիլմերի նկարահանումներից և Էդիթ Պիաֆի հետ հանդիպումը, որը շրջադարձային եղավ Ազնավուրի կյանքում։ Փոքրիկ ընթերցողը կճանաչի Շառլին որպես փոքրիկ տղա, որը կարողացավ հաղթահարել բազում դժվարություններ ու դարձավ հանրահայտ արտիստ և մեծ բարերար։

«Ավրորա» փոքրիկ գիրքն էլ ցեղասպանությունը վերապրած Արշալույս Մարդիգանյանի մասին է, ում վիճակված էր դառնալ Հոլիվուդյան համր կինոյի առաջին հայազգի կինոաստղը։ Ավրորայի ճակատագիրը հեշտ չէր, ու գրքի հեղինակներն էլ չեն խուսափում փոքրիկ ընթերցողիհ հետ՝ մատչելի լեզվով, խոսել կորուստի ու դժվարությունների մասին։ Փոքրիկ ընթերցողին գրքի հերոսները կոգեշնչեն հենց այդ դժվարությունները հաղթահարելու իրենց խիզախությամբ ու անկոտրում կամքով։

Նշենք, որ 2018-ի դեկտեմբերին հայաստանյան կոմիքս արտադրող «Էյջ Ուայ փիքչըրս» ընկերությունը ներկայացավ ամենափոքրիկ ընթերցողների համար նախատեսված կոմիքս գրքերի նոր շարքով։ «Իմ փոքրիկ գիրքը» շարքը նախատեսված է 3+ տարիքի ընթերցողների համար։ Գունագեղ պատկերապատումների միջոցով փոքրիկ ընթերցողները ճանաչում են հայ մեծերին։ Առաջին երկու փոքրիկ գրքերն էին «Լուսինեն» և «Վիկտորը», որոնք պատմում էին հայ հոգևոր երգի ամենահայտնի երգչուհու՝ Լուսինե Զաքարյանի, և աստղագետ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի մասին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: